Տեսանյութ. Պավլիկ Մանուկյանն անձամբ զննեց ՊՊԾ գնդում սպանված ոստիկանների հագուստները
«Սասնա Ծռեր» խմբի 10 անդամների գործով այսօրվա դատական նիստում դատարանը հետազոտեց գործում առկա իրեղեն ապացույցները։ Գործով մեղադրող Պետրոս Պետրոսյանը նախ կնքված փաթեթից հանցեց «Կարաբին» տեսակի հրազեն։ Դատախազը նշեց, որ ըստ մեղադրանքի՝ դա այն «Կարաբինն» է, որից արձակված կրակոցից զոհվել է ոստիկան Յուրի Տեփանսյանը: Վերջինիս սպանության համար մեղադրվում է կալանքի տակ գտնվող Սմբատ Բարսեղյանը։
Դատավոր Մեսրոպ Մակյանը հարցրեց Բարսեղյանին` զենքը ծանո՞թ է: «Զինատեսակը ծանոթ է, բայց չգիտեմ՝ իմ մոտ դա՞ էր եղել, թե՞ ոչ»,- պատասխանեց ամբաստանյալը։
Դատարանում հետազոտվեց ՊՊԾ գնդի տարածքում սպանված ոստիկան, գործով տուժող Արթուր Վանոյանի՝ դեպքի պահին հագին եղած համազգեստը, որը հետագայում ենթարկվել է համապատասխան փորձաքննության։ Հետազոտվեցին նաև գործով տուժող ոստիկաններ Յուրի Տեփանոսյանի և Գագիկ Մկրտչյանի պատառոտված և արյան հետքերով հագուստները։ Տեփանոսյանի այրին՝ գործով տուժողի իրավահաջորդ Արփինե Թումասյանը և Գագիկ Մկրտչյանի կինը՝ Հասմիկ Ոսկանյանը, հաստատեցին, որ հետազոտվող հագուստները պատկանում են իրենց ամուսիններին։ Գործով ամբաստանյալ Պավլիկ Մանուկյանն անձամբ զննեց սպանված ոստիկանների հագուստները։
Նշենք, որ «Սասնա Ծռեր» խմբի 10 անդամների գործով ներկայումս կալանքի տակ են ամբաստանյալներից Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը, որոնք մեղադրվում են ոստիկանների սպանության մեջ։
7 ամբաստանյալների նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը հեղափոխությունից հետո փոխվել է՝ պատգամավորների անձնական երաշխավորությամբ, իսկ Պավել Մանուկյանն ազատ է արձակվել 1 մլն դրամ գրավի դիմաց։