19:09 - էս տեսակ հայրենիքը սիրելու բան չէ         18:00 - Արթուր Վանեցյանը՝ իր և Գագիկ Ծառուկյանի հանդիպման վերաբերյալ լուրերի մասին      17:34 - Հեռանում եմ առանց ավելորդ աղմուկի.Հոգնել եմ ճնշող մաղձից . Ժակը հայտնել է հեռանալու մասին    

02 սեպ 2019 15:20

Ինչպես է, որ տնտեսությունն աճում է, իսկ հասարակությունը ոչ մի կերպ չի զգում տնտեսական աճի ազդեցությունը

Եթե հավատալու լինենք պաշտոնական վիճակագրությանը, ապա Հայաստանի տնտեսությունն աճում է ու կարծես վատ չի աճում։ Վեց ամսում ունենք 6,8 տոկոս տնտեսական աճ։ Ճիշտ է աճի տեմպը ավելի ցածր է, քան անցած տարի էր, բայց 6,8 տոկոսը պակաս բարձր ցուցանիշ է։
Հիշեցնենք, որ անցած տարվա առաջին կիսամյակում տնտեսական աճը Հայաստանում կազմեց 8,7 տոկոս։
Ընդունված է ասել, որ հասարակությունը տնտեսական աճի ազդեցությունը կզգա այն ժամանակ, երբ աճը պակաս չի լինի 5 տոկոսից։ Աճը 5 տոկոսից բարձր է, բայց հասարակության հիմնական մասը չի զգում դրա ազդեցությունը սեփական եկամուտների վրա։ Ու ստացվում է այնպես, որ տնտեսությունն ինքնանպատակ է աճում։
Ինչո՞ւ է այդպես։
Այս հարցի պատասխանը պետք է փնտրել առաջին հերթին տնտեսական աճի կառուցվածքում։ Խնդիրն այն է, որ Հայաստանի տնտեսության հավելաճը մեծապես նստած է երկու ոլորտների վրա։ Խոսքը` առևտրի և ծառայությունների մասին է։
Հենց այս ճյուղերն են առաջին կիսամյակում ամենամեծ նպաստն ունեցել տնտեսական աճի գործում։ Աճի գրեթե 80 տոկոսը ապահովվել է առևտրի և ծառայությունների հաշվին։ Մինչդեռ, դրանք տնտեսության այն հատվածներն են, որտեղ հավելյալ արդյունք գրեթե չի ստեղծվում կամ դրանց ազդեցությունը հասարակության եկամուտների ձևավորման վրա շատ թույլ է։
Ասենք` նույն շահումով խաղերը, որտեղ շրջանառությունները մեծ տեմպերով ավելանում են` հանգեցնելով ծառայությունների ոլորտի բարձր աճերի։ Բայց թե ինչ է շահում դրանից հասարակությունը, դժվար չէ պատկերացնել։
Թերևս դա է պատճառը, որ հասարակության հիմնական մասը ոչ մի կերպ չի զգում տնտեսական աճի ազդեցությունը սեփական եկամուտների վրա։ Առևտրի և ծառայությունների ոլորտում ձևավորվող աճերը քիչ կապ ունեն հավելյալ արդյունքի ստեղծման հետ։
Մյուս կողմից` բարձր աճերը դեռ հիմք չեն խոսելու իրական շրջանառությունների ավելացման մասին։ Հատկապես առևտրի դեպքում, դրանց մի մասը ստվերային բացահայտումներն են։ Նույնիսկ կա կարծիք, որ իրական սպառումը առևտրի ոլորտում նվազել է։ Գուցե դա այնքան էլ միանշանակ չէ, բայց որ արձանագրվող աճի մի մի մասը շրջանառությունների բացահայտման հաշվին է, կասկած չկա։
Ահա սրանք են այն հիմնական պատճառները, որ հասակարության մեծ մասը չի զգում տնտեսական աճի ազդեցությունը։ Ու չի զգա այնքան ժամանակ, քանի դեռ այսպիսին է տնտեսական աճի կառուցվածքը։
Հայաստանի տնտեսության աճը որակ չունի։ Ու ինչքան էլ կառավարությունը հայտարարի ներառական աճի ապահովման և ձևավորվող հավելյալ արդյունքը հասարակության լայն զանգվածներին հասանելի դարձնելու մասին, դրանից մեծ բան չի փոխվի, քանի դեռ չի բարելավվել տնտեսական աճի կառուցվածքը։ Իսկ տնտեսական աճի կառուցվածքը ահա թե ինչպիսին է. առաջին եռամսյակի 7,2 տոկոս տնտեսական աճից առևտրի և ծառայությունների բաժինը գերազանցել է 5,9 տոկոսը։ Սա նշանակում է, որ մյուս բոլոր հատվածների նպաստը տնտեսության հավելաճի գործում կազմել է հազիվ 1,3 տոկոսային կետը։ Պատկերը չի փոխվել նաև երկրորդ եռամսյակում. 6,5 տոկոս աճից 4,9 տոկոսը առևտրի և ծառայությունների մասնաբաժինն է։
Փոխարենը` տնտեսության իրական հատվածի մասնակցությունը շատ փոքր է։ Արդյունաբերությունն առաջին կիսամյակում տնտեսության հավելաճի գործում ունեցել է 1 տոկոսից ցածր, իսկ շինարարությունը` հազիվ 0,2 տոկոս մասնակցություն։ Գյուղատնտեսության դերը նույնիսկ բացասական է։
Աղբյուր` Փաստինֆո


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր