Տեղի ունեցածից հետո չի բացառվում, որ կլինեն հետևանքներ, բայց Ալիևը միշտ պետք է իմանա՝ իրեն տեղը կդնեն, թող արխային չընկնի. ադրբեջանագետ
Ալիևը որևէ իրավունք չունի խոսել ֆաշիզմը դատապարտող ինչ-որ արտահայտություններով և առհասարակ ֆաշիզմի հետ համագործակցությունից, որովհետև այսօրվա Ադրբեջանն ինքնին ֆաշիստական պետություն է։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան։
Նշենք, որ քիչ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Աշխաբադում ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նեղ կազմով նիստում դատապարտեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթը՝ անվանելով այն հայ ժողովրդի և ԱՊՀ երկրների ղեկավարների նկատմամբ անհարգալից վերաբերմունք։ Խորհրդի նիստում Իլհամ Ալիևն իր ելույթում ասել էր, թե Հայաստանում հերոսացվում է ֆաշիզմը, որտեղ նախկին իշխանությունները Երևանի կենտրոնում կանգնեցրել են «ֆաշիստական դահիճ և դավաճան» Գարեգին Նժդեհի հուշարձանը, և այդ արձանը շարունակում է կանգուն մնալ նաև այսօր։ Ալիևը դա անվանել է «ցինիկ քայլ»։
«Եթե այդ երեսպաշտությունն Ալիևն իրեն թույլ է տալիս՝ հիշատակելով Նժդեհին, ուրեմն շատ նորմալ է և տրամաբանական, որ պետք է կոշտ պատասխան ստանար դրա համար, որովհետև ո՛չ վայրը, ո՛չ ժամանակը հարիր չէր՝ նման հայտարարություններ անելու համար։ Ինքն իր երկրի ներսում, իր ներքին աուդիտորիայի համար չի խոսում, որտեղ հաճախակի նույն թեզերն է բարձրաձայնում»,-նկատեց Անժելա Էլիբեգովան։
Նրա կարծիքով Ալիևն առհասարակ ֆաշիստական հռետորաբանության մասին պետք է ձայն չհանի, որովհետև իր երկրում հայատյացությունն իրենց ինքնագիտակցության, պետական քարոզչության հիմքում է. «Մարդն ասում է, որ համայն հայությունն իր համար մեկ թշնամին է և պարբերաբար նշում՝ պատրաստվում է պատերազմով գրավել Արցախը և ոչ միայն։ Աչք ունի նաև Հայաստանի տարածքային ամբողջականության վրա, այդ թվում Զանգեզուր, Երևան և այլն։ Այսինքն նա բարոյական ոչ մի իրավունք չունի խոսել ֆաշիզմը դատապարտող ինչ-որ արտահայտություններով»,-ասաց ադրբեջանագետը․
Մեր զրուցակցի կարծիքով՝ երկու երկրների ղեկավարների միջև տեղի ունեցածից հետո չի բացառվում, որ կլինեն հետևանքներ. «Այո՛, հետևանքներ կարող են լինել, բայց չի կարելի անպատասխան թողնել Ադրբեջանի ղեկավարի նման արտահայտությունները։ Ալիևը միշտ պետք է իմանա, որ իրեն տեղը կդնեն, հետևաբար նման հռետորաբանությունն իր համար պետք է սպասելի լինի, որ շատ արխային չընկնի»,-հավելեց Անժելա Էլիբեգովան։
Ինչ վերաբերում է վերջին շրջանում ադրբեջանական կողմի ագրեսիվ հայտարարություններին, ադրբեջանագետը նկատեց, որ նրանց հռետորաբանության մեջ երբևէ ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել։ Ալիևը, ինչպես նաև նրա ռազմական ղեկավարությունը, պաշտպանության նախարարը, ամբողջ ընթացքում պարբերաբար շարունակում են Հայաստանի և Արցախի հանդեպ բավականին կոշտ և սպառնալիքներ պարունակող հայտարարություններ անել. «Ուղղակի երբեմն կենտրոնացած ենք մեր ներքին խնդիրների վրա և դա չենք նկատում, երբեմն էլ նկատում ենք։ Խնդիրն այստեղ մեր հետևելու մեջ է»,-ասաց Անժելա Էլիբեգովան։