Ռոբերտ Քոչարյանի աջակիցները բողոքի ակցիա են իրականացնում Շենգավիթի դատարանի դիմաց (ուղիղ)
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն այսօր՝ նոյեմբերի 5-ին, բողոքի ակցիա են իրականացնում Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի դիմաց։
Հիշեցնենք, որ հունիսի 25-ին Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը որոշում կայացրեց Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների վերաբերյալ գործի վարույթը կասեցնելու առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի մայիսի 18–ի որոշումը բեկանել եւ գործն ուղարկել նոր քննության, իսկ Ռոբերտ Քոչարյանին կալանավորել։Հոկտոմբերի 15-ին դատական նիստը հետաձգվել էր՝ հաշվի առնելով, որ գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանը գտնվում էր հիվանդանոցում, իսկ մեկ այլ ամբաստանյալ Սեյրան Օհանյանին դատարանը թույլատրել է հոկտեմբերի 21–ից նոյեմբերի 4–ը բացակայել Հայաստանից։
Այս գործով մեղադրյալի կարգավիճակում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ ԶՈՒ նախկին գլխավոր շտաբի պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը եւ ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը։ Յուրի Խաչատուրովը եւ Սեյրան Օհանյանը մեղադրվում են սահմանադրական կարգը տապալելու մեջ, Ռոբերտ Քոչարյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելու եւ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, իսկ Արմեն Գեւորգյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու եւ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ: Այս գործով կալանքի տակ է միայն Ռոբերտ Քոչարյանը։ Երկրորդ նախագահը կալանավորվել է երեք անգամ. վերջինը՝ հունիսի 25-ին Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի որոշմամբ։
Սեյրան Օհանյանի եւ Արմեն Գեւորգյանի նկատմամբ, որպես փախանման միջոց է ընտրված՝ չհեռանալու մասին ստորագրությունը, իսկ Խաչատուրովի նկատմամբ՝ գրավը։