20:04 - Տեսանյութ նվիրված Եվրոպական սոցիալական խարտիային         18:18 - Տեսանյութ.Ունենք մեծ մարտահրավերներ, ներքին քաղաքականությունը պիտի «ես»-ից տեղափոխվի «մենք»-ի դաշտ      17:07 - Բանաձևն ընդունվել է՝ արհամարհելով Թրամփին ու Էրդողանին․ The Guardian    

18 նոյ 2019 18:27

Սերը տղամարդու և կնոջ միջև մրցակցություն է, թե ով ում ավելի շատ կերջանկացնի

Սերը տղամարդու և կնոջ միջև մրցակցություն է, թե ով ում ավելի շատ կերջանկացնի
Սիրո դրսևորումների, երջանկության և ներդաշնակ ապրելու հարցերի շուրջ Hayacq.com-ը զրուցեց ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի դոցենտ, հոգեբանական գիտությունների թեկնածու Սոնա Հարությունյանի հետ:

-Խոսենք ամենակարևոր զգացմունքի մասին՝ սիրո նշանակությունը մարդու կյանքում:

-Սերը ամենախորհրդավոր զգացմունքներից մեկն է: Եվ չնայած նրան, որ բոլոր ժամանակներում խոսել և գրել են սիրո մասին, ներկայումս էլ այն շարունակում է մնալ մարդկությանը ամենահետաքրքրող թեմաներից մեկը: 
Այն բազմաշերտ է, բազմանշանակ իր բովանդակությամբ և դրսևորումներով: Դժվար է պատկերացնել առհասարակ կյանքն առանց սիրո. սերը մարդու հիմնային պահանջմունքներից է, և ողջ կյանքի ընթացքում իր ուրույն նշանակությունն է ունենում` հաղորդելով մարդուն անվտանգության և հոգեբանական հարմարավետության զգացում: 
Ամերիկացի հայտնի հոգեթերապևտ Ի.Յալոմի խոսքերով. «Սերն ավելի շուտ գոյության ձև է. ոչ այնքան հակում, որքան ինքնանվիրում, վերաբերմունք` ոչ այնքան մեկ մարդու, որքան ամբողջ աշխարհի հանդեպ»:

-Որո՞նք են սիրո դրսևորումները, և որքան ժամանակ կարող է այն տևել:

-Սիրո իրական բնույթը, անկախ իր ձևերից դրսևորվում է որոշակի որակներով, ինչպիսիք են, օրինակ, ըստ Ֆրոմի` հոգատարությունը, հարգանքը, պատասխանատվությունը: 
Այլ հեղինակների կարծիքով, կարևոր են աջակցությունը, փոխհասկացումը, վստահությունը, մտերմությունը: Անշուշտ, սերը կարող է նաև անհատական դրսևորումներ ունենալ: 
Ինչ վերաբերում է ժամանակային գործոնին, ապա սերը ինչպես և ծաղիկը մշտապես, ամենօրյա խնամքի կարիք ունի, որը թույլ է տալիս ենթադրել, որ սիրելու արվեստը ներաշխարհի տաղանդ է: Վերջինս էլ որոշիչ գործոնն է սիրո տևականության: 

-Կան պնդումներ, որ կինը և տղամարդը տարբեր ձևով են սիրահարվում, սիրում: Մեծ է արդյոք տարբերությունը:

-Այո, կան և ֆիզիոլոգիական, և հոգեբանական տարբերություններ, որոնց անդրադառնալու համար երկար ժամանակ կպահանջվի... Հակիրճ լինելու համար տարբերակիչը կձևակերպեմ հետևյալ կերպ, հիմնվելով նաև Օշոյի իմաստուն մտքերի վրա. 
«Տղամարդու համար սերը բազում երևույթներից միայն մեկն է: Երբ նա հոգնում է աշխարհից, հազար ու մի գործից, նա ուզում է պարուրվել կնոջ էներգիայով, ջերմությամբ և ուզում է հալչել: 
 
Տղամարդու սերը դա իր հանգստի վայրն է: Հիշե՛ք. նա սիրում է, երբ հանգիստ է ստանում: Այդ դեպքում նա կարող է նկարել, գրել բանաստեղծություններ, հորինել երգեր և պարել: Այդ դեպքում է տղամարդը ունակ արարել:
Այսինքն, տղամարդու համար սերը  իր կյանքի մի մասն է՝ նա ունի նաև այլ գործեր: Կնոջ համար ամեն ինչ հակառակն է. նա կանի այլ բաներ, քանի որ սիրում է։ Եթե նա չի սիրում, նա դադարում է ընդհանրապես որևէ բան անել։ 
Այսպիսով, կնոջ համար սերը ամբողջ իր կյանքն է: Ընդ որում, կինը կարող է լիովին երջանիկ և բավարարված լինել մի տղամարդու հետ, քանի որ նա նայում է ոչ թե այդ տղամարդու մարմնին, այլ հոգևոր հատկանիշներին: Նա կարևորում է սիրված, հարգված և գնահատված լինելը տղամարդու կողմից:
 
-Հաճախ սերը և խանդը միահյուսվում են: Խանդը սիրո, թե՞, անվստահության դրսևորում է:
 
-Խանդը տարբեր պատճառներ ունի. կախված պատճառից այն կարող է լինել նորմալ կամ ախտաբանական: Հիմնականում խանդն առաջանում է, երբ առկա է ցածր ինքնագնահատական, սիրելի էակին կորցնելու վախ, սեփականատիրոջ զգացում: 
Ի դեպ, խանդը կարող է ի հայտ գալ ինչպես սիրո առկայության, այնպես էլ բացակայության պարագայում: Սովորաբար, հասուն սերը ուղեկցվում է ոչ թե խանդով, այլ վստահությամբ:  

-Փոխհարաբերություններում ինչպե՞ս հասնել ներդաշնակության և լինել երջանիկ:

-Առաջնորդվել Ստենդալի հետևյալ մտքով. «Սերը տղամարդու և կնոջ միջև մրցակցություն է, թե ով ում ավելի շատ կերջանկացնի»: 
 
Նունե Դավթյան
Hayacq.com

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր