Ադրբեջանի եւ Իրանի սահմանին տեղի է ունեցել հերթական միջադեպը. սպանվել է ԻԻՀ քաղաքացի
Ադրբեջանի եւ Իրանի սահմանին նոյեմբերի 23-ին գրանցվել է հերթական միջադեպը։
Ինչպես տեղեկացրել են haqqin.az-ին Պետական սահմանապահ ծառայության մամուլի ծառայությունում, սահմանապահ ուղեկալին տրվել է «Ի զեն» հրամանը, ծառայողական տարածքը լրիվ վերցվել է հսկողության տակ, սկսվել է սահմանախախտների հետապնդումը։ Խախտողներին հրամայվել է «Կա՛նգ առ» եւ նախազգուշական կրակ է բացվել դեպի օդ։ Բայց սահմանախախտները հրաժարվել են կատարել սահմանապահների պահանջները, եւ նրանց դեմ կրակ են բացել։ «Պետական սահմանի մասին» օրենքին համապատասխան՝ զենք է կիրառվել, եւ սահմանախախտներից մեկը չեզոքացվել է։ Մյուս սահմանախախտը, օգտագործելով խիտ թփուտները եւ եղեգնուտները, կարողացել է փախչել Իրանի տարածք։
Պատահարի տեղում հայտնաբերվել են մարիխուանա եւ մետամֆետամին՝ 2595 գրամ ընդհանուր քաշով, դանակ եւ փամփուշտներ։ Իրանական կողմի ներկայացուցչի հետ տարածքի զննման ժամանակ պարզվել է, որ զոհվածը Իրանի քաղաքացի է։