Մոսկվան սպասում է Նիկոլ Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում          ՌԴ-ում տեսանյութ է տարածել . ո՞վ է ցանկապատից կախել մանկապարտեզի սանին       Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն    

27 դեկ 2019 14:35

Մեզ համար ավարտվում է գործող իշխանությանն աջակցողի դերում հանդես գալու փուլը

Ամփոփելով 2019 թվականը, ափսոսանքով ստիպված ենք փաստել, որ հեղափոխությունը, կամ ավելի ստույգ՝ համակարգային փոփոխությունների գործընթացը, ձախողման եզրին է:
Հայաստանի Հանրապետությունը (Արցախը ներառյալ) մնում է համակարգային ճգնաժամի մեջ: Ճգնաժամը շարունակվում է պետության՝ որպես համակարգի, բոլոր չորս հիմնական բաղադրիչների (պետական կառավարման, արտաքին հարաբերությունների, սոցիալ-տնտեսական և սոցիալ-մշակութային) մասով:


Ճգնաժամի համալիր բացասական ազդեցության պատճառով աղետալի ընթացքի մեջ են մնում Արցախի խնդիրը, արտաքին անվտանգությունը, ժողովրդագրությունը, կենսամակարդակը, արդարությունը, շրջակա միջավայրը:
Այլևս ակնհայտ է, որ գործող իշխանությունը չունի համակարգային փոփոխություններ կատարելու բավարար կամք և կարողություն:

Պետության ղեկը ստանձնելու օրվանից մինչ այժմ՝ մեկուկես տարվա ընթացքում, գործող իշխանությունն անտեսել կամ իմաստազրկել ու զրոյացրել է համակարգային փոփոխությունների վերաբերյալ մեր և այլ ուժերի ու գործիչների բոլոր առաջարկություններն ու նախաձեռնությունները:


Ժամանակն է, որ սևերի հետ համեմատության մեջ իր համար հարմարավետության զոնա ստեղծած և իրեն որպես սպիտակ երևակայող ներկայիս իշխանությունն ունենա իրական այլընտրանք և հակակշիռ՝ իրական սպիտակների բևեռ:
Կենսական անհրաժեշտություն ունեցող նման բևեռի ձևավորումը մենք պատկերացնում ենք ազգային-ժողովրդավարական ուժերի և գործիչների հնարավորինս լայն համախմբմամբ:

Հանուն պետության կայացման, սահմանադրականության հաստատման և ժողովրդավարության երաշխավորման, ստեղծվելիք ազգային-ժողովրդավարական բևեռի խնդիրը պետք է դառնա համակարգային փոփոխություններն անշրջելի հունի մեջ դնելը:
Երկրորդ կարծիք լինել չի կարող, որ Հայաստանը պետք է չընկնի իրարահաջորդ հեղաշրջումների արատավոր շրջանի մեջ: Նման գործընթաց կարող է սկսվել ռևանշի կամ ևս մեկ ժողովրդական ընդվզման պարագայում:
Ուստի որպես անցնցում տարբերակ է մնում ներկայիս հեղափոխությունն ավարտին հասցնելը:

Այդ տարբերակի պարագայում արտահերթ ընտրություններին պետք է նախորդի հեղափոխական ուժերից կազմված ազգային համաձայնության կառավարության իշխանությամբ անցումային ծրագրով կոշտ կառավարման շրջանը:
Վերոհիշյալի հաշվառմամբ արձանագրում ենք, որ մեզ համար ավարտվում է գործող իշխանությանն աջակցողի դերում հանդես գալու փուլը: Մենք 2020 թվական ենք մտնում որպես համակարգային փոփոխությունների ձգտող արմատական ընդդիմություն՝ որդեգրով իշխանությանը պահանջներ ներկայացնող և իրավական միջոցներով դրանց կատարմանը ձգտող քաղաքական ուժի դիրք:
«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության Քարտուղարություն

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր