Հայաստանը չի ներքաշվի հակաիրանական, հակաամերիկյան գործողությունների մեջ. Փաշինյան

«Իրավիճակի զարգացումը տարածաշրջանում անհնագստացնող է: Մեր դիրքորոշումը մնում է նույնը. Հայաստանը չի ներքաշվի հակաիրանական գործողությունների մեջ, Հայաստանը չի ներքաշվի հակաամերիկյան գործողությունների մեջ եւ մեր հույնս ու կոչն է մեզ համար բարեկամական Իրանին ու ԱՄՆ-ին՝ անհապաղ ձեռնարկել բանակցություններ՝ իրավիճակի հետագա վատթարացում թույլ չտալու համար»,-գրել է վարչապետը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Իրանը հրթիռակոծել է Իրաքում տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին։ «Նահատակ Սուլեյմանի» անվամբ իրանական գործողությունը տեղի է ունեցել ի պատասխան գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանության։ Պենտագոնի ղեկավարի օգնական Ջոնաթան Հոֆֆմանը հաստատել է այդ տեղեկությունը։
Հիշեցնենք, որ հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը Բաղդադի միջազգային օդանավակայանի դիմաց ամերիկյան հատուկ գործողության՝ հրթիռակոծման հետևանքով սպանվեց «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» «Ղոդս» ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սոլեյմանին: Պենտագոնը հայտարարեց, որ հարվածը Բաղդադի օդանավակայանի ուղղությամբ իրականացվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանձնարարությամբ: Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ, Այաթոլա Ալի Խամենեին հայտարարեց, որ Սոլեյմանիին սպանողներին դաժան վրեժ է սպասվում:
Երեկ Իրանի խոհրդարանն օրինագիծ է ընդունել, որով ահաբեկչական միավորումներ է ճանաչել Պենտագոնն ու ամերիկյան զինված ուժերը։