Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների          Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք    

10 հուն 2020 14:17

Վտանգավոր այդ տեղեկատվությունը կարող է թանկ նստի Հայաստանի վրա. վտանգավոր նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում

Աժ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2020 թվականի մարտից ուղիղ ավիահաղորդակցություններ կսկսվեն Ղրիմի՝ Սիմֆերոպոլի և Երևանի միջև: Այդ մասին, ըստ РИА «Новости» գործակալության, հայտարարել է Ղրիմի խորհրդարանի զրոսաշրջության, առողջարանների և սպորտի հարցերով հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Չերնյակը: Ըստ նրա՝ ավիաընկերությունը, որը պատրաստվում է իրականացնել այդ թռիչքները, արդեն ստացել է համապատասխան թույլտվությունները: Չերնյակն ասել է, որ ներկայումս ընթանում են չվացուցակների և օդանավակայանների համաձայնեցման աշխատանքներ: Չվերթները իրականացվելու են շաբաթական երկու անգամ: Չերնյակը նշել է նաև, որ դեպի Երևան ավիահաղորդակցությունը կդառնա առաջին միջազգային ուղղությունը 2014 թվականի մարտին Ղրիմում իրականացված հանրաքվեից հետո:
Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեն դեռևս պարզաբանումներ չի ներկայացրել այս խնդրի առնչությամբ: Մինչդեռ այս հարցը պարզաբանման կարիք ունի, քանի որ կարող է խիստ խնդրահարույց դառնալ ինչպես հայկական ավիացիայի համար, այնպես էլ արտաքին քաղաքական առումով: Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունը՝ ԻԿԱՕ-ն, սահմանել է խիստ պատժամիջոցներ դեպի Ղրիմ ավիաթռիչքներ իրականացնող երկրների ու ավիաընկերությունների համար, և եթե Ղրիմի խորհրդարանի պաշտոնյայի հայտարարությունը համապատասխանում է իրականությանը, ապա Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նկատմամբ կարող են պատժամիջոցներ կիրառվել՝ դրանից բխող բոլոր հետևանքներով:
Բացի դրանից, խնդիրն անշուշտ ունի արտաքին քաղաքական բաղադրիչ:
     Ղրիմի բռնակցումը Ռուսաստանին դարձել է ներկայիս աշխարհաքաղաքական հարաբերությունների առանցքային ուղենիշներից մեկը, Ռուսաստան-Արևմուտք հակադրության հիմնական պատճառը: Դեպի Սիմֆերոպոլ թռիչքներ իրականացնելով՝ Հայաստանն անուղղակիորեն ճանաչելու է Ղրիմի՝ Ռուսաստանին բռնակցման լեգիտիմությունը՝ խնդիրներ ստեղծելով արևմտյան երկրների հետ հարաբերություններում:
Ավելորդ է ասել, թե ինչպիսի խնդիրներ կարող են առաջանալ դրա պատճառով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում: Եթե Սիմֆերոպոլ-Երևան չվերթները իրականություն դառնան, դա մեծագույն նվեր կլինի Ռուսաստանին, քանի որ մինչև օրս որևէ երկիր ու որևէ ավիաընկերություն չի համաձայնել թռիչքներ կատարել դեպի Ղրիմի թերակղզի: Բայց այդ նվերը կարող է չափազանց թանկ արժենալ Հայաստանի համար:
Ակնկալում եմ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի, ինչպես նաև արտաքին գործերի նախարարության պարզաբանումներն այս չափազանց նուրբ ու միևնույն ժամանակ վտանգավոր տեղեկատվության վերաբերյալ»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր