Եվս 1000 ընտանիք նպաստ կստանա.Եթե ձգտում ես մնալ նպաստ ստացողների ցանկում, ուրեմն ձգտում ես մնալ աղքատության մեջ
Քանի որ 2019-20 թվականներին թոշակի որոշակի ավելացում է տեղի ունեցել և մարդկանց եկամուտներն աճել են, հիմա գործող համակարգով այդ մարդկանց (11 հազար) ստացած եկամուտները գերազանցում են այն սանդղակը, որը հնարավորություն է տալիս նրանց նպաստ ստանալ: Այսինքն, թոշակը մի քիչ ավելանում է, նրանց անապահովվածության միավորը նվազում և նրանք դուրս են մնում նպաստի համակարգից: Որպեսզի դա տեղի չունենա, մենք նպաստի համար անհրաժեշտ միավորը 30-ից դարձնում ենք 28, ինչի արդյունքում ոչ միայն 11 հազար ընտանիքները պահպանում են նպաստ ստանալու իրենց հնարավորությունը, այլ նաև ևս 1000 ընտանիք ընդգրկվում է ցանկում: Կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Կառավարության ղեկավարը նշեց, որ դա շատ ճիշտ որոշում է. «Մենք նպաստի գործող համակարգի նկատմամբ բացասական վերաբերմունք ենք ցուցաբերում, սակայն մեր նախանշվող բարեփոխումներից առաջ կարևոր է, որ այս քայլերով այս անցումային շրջանում հնարավորություն տանք, որպեսզի ևս 1000 ընտանիք ադապտացիոն շրջան անցնի:
Ամեն դեպքում մենք նշում ենք, որ նպաստով որևէ ընտանիք աղքատությունը չի հաղթահարել: Եթե ձգտում ես մնալ նպաստ ստացողների ցանկում, նշանակում է ձգտում ես մնալ աղքատության մեջ: Եթե մարդն աշխատունակ է, պետք է աշխատի, որպեսզի հաղթահարի աղքատությունը: Իսկ մենք աշխատելու համար պետք է ստեղծենք բոլոր պայմանները: Երբ աշխատունակ մարդիկ մեր աջակցությամբ սկսեն իրենց կարիքները հոգալ, դա հնարավորություն կտա ավելի լավ հոգալ նրանց կարիքները, ովքեր աշխատունակ չեն»: