Պետք չի լուրջ ներդրումների սպասել մինչեւ 2024 թվականը. Հայաստանն այսօր դրան պատրաստ չէ
Հայաստանն այսօր պատրաստ չէ լուրջ ներդրումների համար: Այս մասին, այսօր՝ փետրվարի 19-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԿԲ նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանը:
«Սա այսօրվա խնդիր չէ. Հայաստանի զարգացման վերջին տասնամյակները այնպիսին էին, որ ներդրումների հոսքը պետք է կրճատվեր:
Ներդրումների աճը Հայաստանում կոնկրետ գործարքներով է պայմանավորված եղել: Այստեղ ինստիտուցիոնալ լուծումներ են պետք, ընդհանրապես, միջավայրն այդպիսին չէ: Իհարկե, ես հասկանում եմ, որ իշխանությունները ուզում են ամեն տարի ավելի մեծ ներդրումներ տեսնել, բայց դրա համար շատ ավելին պետք է արվի՝ այդ միջավայրսը ստեղծելու համար»,-ասաց նա:
Բագրատ Ասատրյանը նշեց, որ Հայաստանը ինստիտուցիոնալ առումով ծավալուն ներդրումներ, մանավանդ եթե խոսքը ուղղակի օտարերկրյա ներդրումների մասին է, պատրաստ չէ. «Պետք չի դրան սպասել մինչեւ 2024 թվականը: Այստեղ պետությունը պետք է պատասխանատվություն վերցնի՝ սկսած կոնկրետ փոքր ծրագրերի մշակումից եւ միջազգային հանրությանը ներկայացնելուց մինչեւ այդ ծրագրերի իրականացմանը նպաստելուց: Այդ պարագայում կարելի է դրական միտումը սպասել»,-ասաց նա:
«Զարգացրեք դատական համակարգը եւ ես ձեզ խոստանում եմ, որ ներդրումների հոսքը որակապես կավելանա, նաեւ խոստանում եմ, որ տոկոսադրույքները բանկային համակարգում էապես կնվազեն: նաեւ կա սեփականության իրավունքի պաշտպանության խնդիրը»,-հավելեց Բագրատ Ասատրյանը: