Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Տեսանյութ.Տավուշում պայմանագրային զինծառայողներ են միացել պայքարին       Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք    

31 մար 2020 15:16

Արտերկրում այս պահին 600 ՀՀ քաղաքացի կա, նրանք շարունակում են մնալ 46 երկրում. ԱԳ փոխնախարար

«Արտերկրում գտնվող մեկ ՀՀ քաղաքացի է կորոնավիրուսով վարակվել, նա հիմա լավ է», – այսօր` մարտի 31-ին, Արտակարգ դրության պարետատան հերթական ասուլիսի ժամանակ լրագրողներին ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Ավետ Ադոնցը:

Նրա խոսքերով` այդ քաղաքացին արդեն ապաքինվել է, բոլոր թեստերը բացասական են եղել, և այժմ քայլեր են ձեռնարկվում նրան վերադարձնլու ուղղությամբ: Եղել են ՀՀ քաղաքացիներ, որոնք գերադասել են մնալ Իտալիայում և ենթարկվել այդ երկրի կարանտինային պայմաններին:
«Կարող եմ ասել, որ այսօրվա դրությամբ մեր դեսպանություններում, Դիվանագիտական ներկայացուցչությունների տվյալներով, ունենք գրանցված մոտ 600 ՀՀ քաղաքացի, նրանք շարունակում են մնալ 46 երկրում և ես վստահորեն չէի ասի, որ 600-ից 600-ը ցանկություն ունեն վերադառնալու հիմա` այս դժվարն պահին»,- ասաց փոխնախարարը:
Փոխնախարարի խոսքով` վերադառնալ ցանկացողների համար հիմնական խոչընդոտը հաղորդակցության բացակայությունն ու ուղևորության հետ կապված ռիսկերն են: Նա հիշատակեց 36 նահանգներում բնակության և կրթության ծրագրերով գտնվող երեխաներին:

«Դեսպանությունը կապի մեջ է: Այնուամենայնիվ, մեծ հարց է, թե որքանով է այս պայմաններում անվտանգ հավաքել և բերել այս երեխաներին: Սա շատ ռիսկային է` հատկապես հաշվի առնելով ԱՄՆ-ում կորոնավիրուսի տարածման դինամիկան: Մենք կապի մեջ ենք ծրագրի կազմակերպիչների հետ: Նրանք ապահովում են երեխաների համար անհրաժեշտ պայմանները»,- ասաց փոխնախարարը:
Իրաքում այժմ կա ՀՀ 80 քաղաքացի: Նրանք եվրոպական մի ընկերության աշխատակիցներ են: Դեսպանատունն այդ ընկերության հետ կապի մեջ է և այդ քաղաքացիների համար ապահովված են անհրաժեշտ կարանտինային պայմանները` սնունդ, ֆինանսավորում, բժշկական ծառայություններ: Ռուսաստանի Դաշնությունում ուսանող երիտասարդները ևս խնդիրներ չունեն, քանի որ Ռուսաստանի կառավարությունը հայտարարել է, որ եթե անգամ ուսումն ընդհատվել է, ուսանողները կարող են մնալ կարանտինում հանրակացարաններում: Ավելի քան 70 քաղաքացի վերադարձվել է Իտալիայից: Ոմանք չէին ցանկանում վերադառնալ կարանտինի պատճառով: Հայաստանի քաղաքացիներ են դուրս բերվել նաև Ուկրաինայից:

«Ուկրաինայից ՀՀ 70 քաղաքացիներն ուկրաինական ավիափոխադրողի միջոցով տեղափոխել են հայրենիք, այստեղից էլ Կիև են տեղափոխել իրենց քաղաքացիներին»,- ընդգծեց Ադոնցը:
Ավետ Ադոնցը վստահեցրեց՝ անուն առ անուն տեղյակ են արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիներից, նրանք ՀՀ դեսպանությունների հետ կապի մեջ են և փորձում են գտնել օպտիմալ և հասցեական միջոցներ, որպեսզի կա՛մ կվերադարձնեն, կա՛մ տեղում ապահովեն անվտանգ կեցությունը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր