Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման          Տեսանյութ.Փարիզում տղամարդը ներխուժել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնացել պայթեցնել իրեն. տղամարդուն ձերբակալել են       Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը    

15 ապր 2020 15:55

Հնարավոր է՝ այս տարի առանց միասնական քննության աշակերտները բուհ ընդունվեն. նախարարությունը առաջարկությունների փաթեթ կներկայացնի

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է ստեղծված իրավիճակում ավարտական քննությունների կազմակերպման գործընթացը:


Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ներկայացրել է հանրակրթական, միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում ավարտական, ինչպես նաև բուհերի ընդունելության քննությունների անցկացման վերաբերյալ առաջարկությունների փաթեթ: Նշվել է, որ այն մշակվել է՝ հաշվի առնելով մի շարք երկրների փորձը:


ArmDaily.am-ի տեղեկություններով՝ ԿԳՄՍՆ-ում քննարկվում է ավարտական քննություններով ընդունելություն կազմակերպելու հարցը: Առաջարկվող լուծումներից մեկն այն է, որ աշակերտը դպրոցն ավարտելուց հետո միայն ատեստատի գնահատականների հիման վրա հնարավորություն կունենա օնլայն հայտով նշել այն բուհերն ու ֆակուլտետները, որոնցից որևէ մեկում կցանկանա սովորել, իսկ բուհ-ն իր հերթին ուսումնասիրելով աշակերտի ուսումնառության տարիներն ու ավարտական գնահատականները սովորելու հրավեր կուղարկի դիմորդներին, իսկ նրանք արդեն ստացված հրավերներից կընտրեն որևէ մեկը: Այս տարբերակի կիրառման դեպքում նրանք քննություն կհանձնեն առաջին կիսամյակի ավարտին և այն ուսանողներն, ովքեր կհաղթահարեն քննությունները, կշարունակեն ուսումը, իսկ ովքեր ոչ՝ դուրս կմնան բուհից: 


Սակայն այստեղ կարևոր մի շարք խնդիրներ են առաջ քաշվում, որոնց համար միջանկյալ լուծումներ գտնելու ուղղությամբ էլ նախարարությունը նոն ստոպ ռեժիմով քննարկումներ ու փորձի փոխանակում է իրականացնում: Մասնավորապես, կարևոր է թե ավարտական քննություններն ի՞նչ ձևաչափով են անցկացվելու, եթե դա արվի նախկին տարիների նման, ապա բուհական ընդունելության քննությունները ևս նույն եղանակով կարող են անցկացնել, իսկ եթե արվի հեռահար, ապա ինչպես է ապահովվելու այդ ամենը և մասնավորապես աշակերտի՝ առաջադրանքն ինքնուրույն կատարելու հարցը: 


Կարևոր է նաև այն հարցը, թե ինչպես է ընտրվելու վճարովի կամ անվճար համակարգում ընդգրկվելը: Սա կարևոր է հատկապես այն դեպքում, երբ շրջանավարտն ընդունելությունից հետո բանակ է գնում, քանի որ բանակից վերադառնալուց հետո անվճար համակարգում ընդգրկված ուսանողը պահպանում է իր տեղը: 


Միևնույն ժամանակ պետք է նշել, որ ավարտական քննությունները հետաձգել հնարավոր չէ և սա ուղղակիորեն կապված է զորակոչի հետ: Այսինքն ըստ օրենքի դպրոցը չավարտած աշակերտին բանակ զորակոչելու իրավունք չունեն, հետևաբար այդ գործընթացը պետք է կազմակերպվի ժամանակին: 2018թ-ին, երբ իշխանությունում վերադասավորումից հետո Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ պետք է դասերը երկարացվեն, քանի որ ցույցերի ընթացքում բավականին շատ դասեր են բաց թողնվել, մամուլը գրեց, որ թեմայի վերաբերյալ ՊՆ Դավիթ Տոնոյանի և ԿԳՄՍՆ Արայիկ Հարությունյանի միջև լուրջ խոսակցություն է տեղի ունեցել, որի ժամանակ Տոնոյանը սաստել է Հարությունյանին, հիշեցնելով, որ դա ԿԳՄՍՆ-ի կողմից միանձնյա ընդունելու որոշում չէ և այն կարող է էականորեն ազդել զորակոչի բնականոն ընթացքի վրա:


Այստեղ կարևոր է շեշտել նաև այն հանգամանքը, որ նախորդ տարիներին այս ժամանակահատվածում ԳԹԿ-ն արդեն զբաղված էր ավարտական և միասնական քննությունների թեստերի տպագրման աշխատանքներով: Իսկ այս տարի այդ աշխատանքները դեռ չեն մեկնարկել: 


Կրթական գործընթացներում ներգրավված բոլոր շահագրգիռ կողմերը շունչները պահած սպասում են որոշման կայացմանը, որպեսզի որոշակիություն մտցվի և կարողանան կազմակերպվել և իրավիճակից բխող քայլերով ընդգրկվել գործընթացում:


Սպասվում է, որ այսօր կամ վաղը նախարարությունը կառավարությանը կներկայացնի առաջարկությունների փաթեթը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր