Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը          Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք       Մարտի 29-ին երկար ժամանակով լույս չի լինի բազմաթիվ հասցեներում    

29 սեպ 2021 16:09

Ինչ հիմքով են պատերազմին մասնակցած ուսանողներից ուսման վարձ պահանջում. ԿԳՄՍՆ պարզաբանումը

Արցախյան պատերազմին մասնակցած շուրջ 1200 ուսանողներ այս տարի սեպտեմբերից վերադարձել են բուհ կամ նախնական արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություն։ Հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը` միաժամանակ տեղեկացնելով, որ նրանց ուսման վարձը կարող է փոխհատուցվել մարտական գործողությունների մասնակցությունը հավաստող փաստաթղթերն ուսումնական հաստատություն ներկայացնելու դեպքում։
Նախարարությունը հայտնում է, որ վերջին օրերին բազմաթիվ ահազանգեր են ստացվում, որ բուհերը մարտական գործողությունների մասնակիցներից պահանջում են վճարել ուսման վարձը: ԿԳՄՍ–ն պարզաբանում է, որ խնդիրը ծագել է օրենքի այն պահանջից, համաձայն որի` բուհ ընդունվելուց հետո ուսանողի կարգավիճակ ստանալու համար անհրաժեշտ է վճարել ուսման վարձի որոշակի մասը:
Այս դրույթը տարածվում է նաև բուհ ընդունվելուց հետո բանակ զորակոչվածներին։ Բանակից վերադարձած, բայց ուսման վարձը չվճարելու պատճառով դեռևս ուսանող չհամարվող առաջին կուրսեցիների թիվն, ըստ նախարարության, այս պահին շուրջ 150 է:
«Բուհերը, հաշվի առնելով օրենքի պահանջը, բոլոր առաջին կուրսեցիներից կարող են ուսման վարձի վճարումներ պահանջել, ինչը և արվել է: Այն գումարը, որն այժմ նրանք կվճարեն, փոխհատուցման ծրագրի շահառու դառնալուց հետո կդիտվի որպես երկրորդ կիսամյակի վարձավճար»,- պարզաբանում է ԿԳՄՍ նախարարության բարձրագույն և հետբուհական կրթության վարչության պետի տեղակալ Լուսինե Գրիգորյանը։
Նախարարությունը պնդում է, որ պետությունը մարտական գործողությունների մասնակից ուսանողների մեկ կիսամյակի ուսման վարձն ամբողջությամբ փոխհատուցելու պարտավորություն է ստանձնել, և այն իրականացվելու է լիովին: Իսկ ուսումնառության հետագա ընթացքում մարտական գործողությունների մասնակիցների համար ուսման վարձի արտոնություններն ամրագրված են «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքում 2021 թվականի ամռանը կատարված փոփոխությամբ:
Կառավարությունը մասամբ կփոխհատուցի մարտական գործողությունների մասնակիցների ուսման վարձը։
Բացի այդ, քանի որ 2020 թվականին բանակ զորակոչվածները դեռ չեն զորացրվել, նրանց մեկ կիսամյակի ուսման վարձի փոխհատուցումն իրականացվելու է 2022 թվականին:
ԿԳՄՍ պաշտոնական տվյալներով` կառավարության որոշմամբ, մեկ կիսամյակի ուսման վարձի ամբողջական փոխհատուցում արդեն ստացել է շուրջ 7000 ուսանող, որոնցից շուրջ 4000-ը մարտական գործողությունների մասնակիցներ են, մնացածը` պատերազմի մասնակիցների ուսանող զավակներ, կին կամ ամուսին:




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր