Մտավախություն կա, որ քաղաքացիների ավանդները կարող են դուրս բերվել երկրից. տնտեսագետը՝ ՊԵԿ–ի նախագծի մասին

Նշենք, որ Պետական եկամուտների կոմիտեն հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության բանկային գաղտնիքի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ըստ որի՝ հարկային հսկողության նպատակով բանկն իր հաճախորդների վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները պետք է տրամադրի Հայաստանի Հանրապետության հարկային մարմիններին, մինչդեռ գործող օրենսդրությամբ նման տեղեկատվության տրամադրումը հնարավոր է բացառապես դատարանի թույլտվությամբ։
-Պարոն Գրիգորյան, արդյոք նախագծով հետապնդվող նպատակն իրավաչափ և համաչափ է։
«Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքն այս իշխանությունների կողմից արդեն մեկ անգամ փորձ արվել է փոփոխության ենթարկել, ինչն արժանացել է մասնագիտական հանրության կոշտ գնահատականին: ԱԺ–ի կողմից ընդունված օրենքը ՀՀ նախագահը ուղարկեց Սահմանադրական դատարան՝ դրա Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու խնդրանքով: Հիմա էլ այս տխրահռչակ փոփոխություններին անդրադառնալու գործառույթը ստանձնել է ՊԵԿ-ը:
-Առաջարկվող փոփոխություններով դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի սահմանումը փոխարինվել է հարկային մարմնի ղեկավարի օրինական և պատճառաբանված հիմնավորմամբ եզրույթով: Կարծում եմ ՊԵԿ-ը ունի բավարար գործիքներ վարչարարություն իրականացնելու համար և լրացուցիչ գործիքների կարիք չունի: Եթե որևէ դեպքում կարիք է լինում բռնագանձում կատարելու, ապա ինչու՞ չդիմել դատարանին և հարցը լուծել իրավական ընթացակարգերով: Կարծում եմ, ոչ միայն չպետք է փոփոխության ենթարկել այս հոդվածը, այլ հակառակը՝ անհրաժեշտ է արմատապես փոփոխության ենթարկել հարկային օրենսգիրքը: Այն հարկային օրենսգիրքը, որը ամբողջապես գործում է 2018 թվականի հունվարի 1-ից, 30 անգամ ենթարկվել է փոփոխությունների, որից 23 անգամն այս իշխանությունների ժամանակ:
-Ըստ ձեզ, առաջարկվող նախագիծն ի՞նչ ռիսկեր է պարունակում։
-Նախքան ռիսկերին անդրադառնալը մի քանի դիտարկում անեմ. նախ, այս փոփոխություններով առաջարկվում է, որ բանկը բանկային գաղտնիք պարունակող տեղեկատվությունը պետք է տրամադրի հարկային մարմիններին ԿԲ-ի և հարկային մարմնի համատեղ սահմանված կարգով: Լավ կլինի այս փոփոխությունների մասին հստակ տեսակետ ասի նաև ԿԲ-ն: Երկրորդ՝ հիմնավորման մեջ նշված է, որ հարկային ծառայողը նույնպես հանդիսանում է գաղտնիքի տիրապետող և ունի պահպանման պարտականություն: Այսինքն ի՞նչ են ասում. ասում են բանկը պետք է հրաժարվի իր պարտականությունից, քանի որ այն այլևս մեր իրավունքն է: Սա նշանակում է մտնել դատական համակարգի և բանկային համակարգի գործառույթների տիրույթ: Ռիսկերի մասին կարելի է երկար խոսել. ամենամեծ ռիսկն այն է, որ վտանգվում են բանկ-հաճախորդ գործընկերային հարաբերությունները, կարող է խաթարվել նաև հայաստանյան բանկերի և միջազգային բանկերի գործընկերային հարաբերությունների որակը, խնդիրներ առաջանան բանկային փոխանցումների և կանխիկի շրջանառության հարաբերակցության առումով, ինչպես նաև ստվերը կրճատելու փոխարեն դուռ կբացի նոր ստվերի ձևավորման առաջ:
-Մտավախություն չունե՞ք, որ նախագծի ընդունումից հետո ֆիզիկական և իրավաբանական անձինք կխուսափեն բանկերի միջոցով գործարքներ կատարելուց և հնարավո՞ր է արդյոք քաղաքացիներն իրենց գումարները (ավանդներ, ընթացիկ հաշիվներ) հանեն բանկերից։
-Կարծում եմ, այս նախագիծը հայաստանյան բանկերի նկատմամբ վստահության պակաս կձևավորի, ինչն էլ իր հերթին կարող է բերել ֆինանսական արտահոսքի: Այո, նման մտավախություն կա, որ ավանդները դուրս կբերվեն բանկերից և առհասարակ կարող են դուրս բերվել երկրից: Սա լուրջ ֆինանսական շոկի կենթարկի բանկային համակարգը: Եթե իշխանությունները ցանկություն ունեն որևէ ընկերության կամ ֆիզիակական անձի բանկային հաշիվների հոսքերին, գործարքներին տիրապետել, ապա դա պետք է անեն միայն դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով, հակառակ պարագայում բանկը որպես ֆինանսական շուկայի կարևորագույն օղակ կկորցնի իր դիրքերը: Կենտրոնական Բանկը այս նախագծի վերաբերյալ պետք է գնահատական տա և պարզաբանում տրամադրի մեր հանրությանը:
-Արդյոք առաջարկվող իրավակարգավորումը բացասական ազդակ չի հղի ներդրողներին։
-Ներդրողների և պոտենցիալ ներդրումներ կատարողների համար խոչընդոտ են բոլոր այն փոփոխությունները, որոնք միտված են բանկային գաղտնիքի ինստիտուտի թուկացմանը: Ներդրողներին առաջին հերթին հետաքրքրում է իր ներդրման հետգնման ժամկետը, ստացվելիք շահույթը և շարունականությունը: Ներդրողը բիզնես շահ հետապնդող անձ է, նրան պետք է շահագրգռել, խրախուսել, երաշխիքներ տալ, ուսումնասիրություններ տրամադրել: Նա պետք է վստահ լինի, որ կա անկախ և կայացած դատական համակարգ, հստակ խաղի կանոններ, երաշխավորված միջավայր: Իսկ բանկային գաղտնիքի մասին օրենքը այդ երաշխիքներից մեկն է, որն այս կերպ փոփոխության ենթարկելով ուղղակի վիճակն էլ ավելի է վատացնելու:
Նշենք, որ մինչ նյութը պատրաստվում էր, ՊԵԿ–ը տեղեկություն տարածեց, որ հաշվի առնելով ներկայացված նախագծերի վերաբերյալ հանրային արձագանքը, եւ նկատի ունենալով, որ խնդրի կարգավորմանը հնարավոր է հասնել նշված տեղեկությունների ստացման համար դատավարական այլ ընթացակարգեր սահմանելու միջոցով` ՊԵԿ-ն այս փուլում ձեռնպահ է մնում ներկայացված նախագծերի քննարկման հետագա ընթացքից։