17:00 - Հոգեբուժական ծառայություններ մատուցող կազմակերպություններ դիմողների աճ կա         16:30 - Հիդրօքսիքլորոքվինի կիրառումը նաև Հայաստանում      16:00 - Դոլարն ու եվրոն շարունակում են թանկանալ    

01 մայիս 2020 16:15

Դուք կարող եք լինել 20-30 տարեկան և չկասկածել, որ ունեք ուղեկցող հիվանդություններ

Մենք տեսնում ենք, որ շատերը չեն պահպանում արտակարգ իրավիճակի կանոնները և տրամաբանական է, որ դեպքերի քանակը շատանալու է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ուռուցքաբան Վահե Տեր-Մինասյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսի դեպքերի աճին:


Հիշեցնենք, որ մայիսի 1-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 82 նոր դեպք։ Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 2148-ի: Մահացել է 1 քաղաքացի: Կորոնավիրուսից գրանցված մահվան դեպքերի ընդհանուր թիվը 33 է:


Բժիշկը նշեց, որ բուժման մեթոդներ, պատվաստանյութ երկար ժամանակ չենք կարող գտնել, և պատվաստում լավագույն դեպքում կարող ենք ունենալ մեկ տարի հետո, իսկ մեկ տարի որևէ պետություն չի կարող փակ լինել, քանի որ դա կբերի տնտեսական, սոցիալական ծանր հետևանքների:


Ըստ նրա՝ կորոնավիրուսի հետ պետք է կարողանալ ապրել, քանի որ այն վերացնել չենք կարող: «Կորոնավիրուսը, այո, լինելու է, տարածվելու է, պետք է սովորել դրա հետ ապրել և պետք է պատրաստ լինել, որ հիվանդների քանակը շատանալու է, նրանց թեթև ձևերը չեն հոսպիտալացվելու և միայն ծանր դեպքերը կհոսպիտալացվեն, մահերի թիվը բնականաբար կշատանա»,-ասաց նա:


Անդրադառնալով, մասնավորապես, 27-ամա քաղաքացու մահվանը՝ Վահե Տեր-Մինասյանն ասաց, որ երիտասարդները անշուշտ ավելի թեթև են տանում, տարիքային ֆակտորը և ուղեկցող հիվանդությոնները շատ մեծ դեր ունեն: «Սակայն որևէ մեկը երաշխիք չունի, որ լինելով երիտասարդ, չունի ուղեկցող հիվանդություններ: Դուք կարող եք լինել 20, 25, 30 տարեկան և անգամ չկասկածել, որ ունեք ուղեկցող հիվանդություններ: Կորոնավիրուսով վարակվելու պարագայում այդ ամենը ակտիվանում է, և խնդիրներ է առաջանում»,-ասաց նա:


Նա նաև հայտնեց, որ հիմա բազմաթիվ հետազոտություններ կան, որ կորոնավիրուսից միայն թոքաբորբ չի առաջանում, այլ նաև այլ խնդիրներ՝ տարբեր օրգաններում, մասնավորապես, երիկամների խնդիր, կենտրոնական նյարադային համակարգի, արյունատար համակարգի հետ խնդիրրներ, որոնց հետևանքով կարող է ինֆարկտներ, ինսուլտներ լինեն:


«Մեզանից ցանկացածը կարող է ունենալ ամենավատ ավարտը այս հիվանդության, այլ բան, որ վիճակագրորեն բարդությունների և մահերի քանակը երիտասարդների մոտ ավելի քիչ է»,-ասաց նա և հայտնեց, որ կան հիվանդությունների խմբեր, որոնք ամենավտանգավորն են՝ նշվում է շաքարային դիաբետը, սրտանոթային հիվանդությունները, զարկերակային ճնշումը, և նույնիսկ ճարպակալումն է քրոնիկ հիվանդություն:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր