Ռուսական կողմը պատրաստ է լսել Թրամփի առաջարկները՝ Ուկրաինայում իրավիճակը կարգավորելու համար          Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Նոր Խարբերդում․ բժիշկներին չի հաջողվել փրկել 17-ամյա տղայի կյանքը       Աշտարակ քաղաքում ֆերմա է այրվել, տուժածներ և անկած կենդանիներ չկան    

07 մայիս 2020 13:33

Տեսանյութ.Ամեն օր ասում են՝ Արցախը հանձնում են.Փաշինյանի հետ քննարկումից հետո Մարուքյանի համար շատ հարցերի պատասխաններ փարատվեցին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը քննարկել են Արցախյան հարցի շուրջ ներքաղաքական շահարկումները։ Այս մասին այսօր՝ մայիսի 7-ին, ԱԺ-ում տեղի ունեցած հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Էդմոն Մարուքյանը։


Նա ասաց, որ երեկ հրավիրել է քննարկման նաեւ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին. «Սուրճ ենք խմել եւ զրուցել ենք Արտգործ նախարարի հետ։ Թեման եղել է Արցախի հիմնախնդրի հետ կապված մտահոգությունները, շահարկումները։ Այսօր էլ վարչապետին էի հրավիրել՝ կրկին նույն թեմայով։ Զրուցել ենք եւ սուրճ ենք խմել։ Այն բոլոր հայտարարությունները, որոնք հրապարակային արվում են, դրանք այն են, ինչ կա, դրանից դուրս որեւէ բան չկա։ Արցախի հարցն այն հարցն է, որ բոլորս այս առումով համախմբված ենք, այսինքն՝ այս մասով տարաձայնության հարց չկա։ Ժամանակ առ ժամանակ, կարծում եմ, որ կարիք կա նման քննարկումներ ունենալու եւ ճշտումներ ունենալու»։


Մարուքյանն ասաց, որ Արցախի հիմնախնդրով այս պահին եղած շահարկումների վերաբերյալ այսօրվա քննարկումից հետո իր համար շատ հարցերի պատասխաններ փարատվեցին.


«Բանակցությունների վերաբերյալ թե սեղանի տակ, սեղանի վրա, կողքին, մանրամասն խոսել ենք։ Այն ինչը հրապարակային հայտարարել է դրանից դուրս որեւէ բան չկա։ Ցանկացած հայտարարություն որ հնչեցվում է, մենք դրան շատ ուշադիր հետեւում ենք եւ դրա հետ կապված էլ պետք է կարողանանք մեր դիրքորոշումը մանրամասն ձեւակերպել։ Պատկերացրեք, որ մենք չունենք բավարար ինֆորմացիա եւ ուզում ենք դիրքորոշում ձեւակերպել։ Այս պահին ես մտահոգություն չունեմ Արցախի հիմնախնդրի հետ կապված»։


Մարուքյանն ասաց, որ բանակցային փաստաթղթի վերաբերյալ չեն խոսել. «Որեւէ փաստաթուղթ չի բանակցվում, ես տենց գիտեմ։ Ես գիտեմ, որ չկա եւ չեմ հարցրել»։


«Ես հասկացել եմ, որ եթե ինչ-որ որոշում կլինի՝ կգան խորհրդարան, Արցախ, նաեւ կսկսվեն հրապարակային քննարկումներ։ Կարծում եմ, որ դրան մենք շատ երկար սպասելու ենք, որովհետեւ այդպիսի որոշման հանգել, որ բոլոր 3 կողմերին էլ բավարարի եւ համակարծիք լինեն, դա չգիտեմ՝ ինչքան ժամանակվա խոսակցություն է»,- ասաց ԼՀԿ ղեկավարը։


Հարցին՝ ի՞նչն էր մտահոգում իրեն, որ վարչապետին հրավիրել է զրուցելու, Մարուքյանն ասաց, որ Արցախի շուրջ ստեղծված շահարկումները. «Ամեն օր ասում են՝ Արցախը հանձնում են»։


Հարցին՝ արդյոք ինքը հարցրե՞լ է, չե՞ն հանձնում Արցախը, Մարուքյանն ասաց. «Դա անլուրջ խոսակցություն է. Արտգործ նախարարին տեսնում ենք, հարցնում ենք՝ կարող ա՞ Արցախը հանձնում ենք, վարչապետին տեսնում ենք՝ կարող ա՞ Արցախը հանձնում ենք։ Եթե Արցախը հանձնելու հարց կառաջանա, ես Հայաստանում նման իշխանություն չեմ պատկերացնում»։


Հարցին՝ արդյոք 40 րոպե միայն այդ հարցն էր քննարկվո՞ւմ, Մարուքյանն ասաց. «ՉԷ, մեկ էլ ասում էինք՝ երեխեքը ո՞նց են, որովհետեւ ժամանակին երեխեքի հետ շփում է եղել… ընտանիքներ…»։


Նա հայտնեց, որ ներքաղաքական խնդիրներ, ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի հետ տեղի ունեցած բանավեճը եւ այլ հարցեր չեն քննարկվել։


Սուրճ էինք խմում. Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց ասել՝ ինչ էին քննարկում Էդմոն Մարուքյանի հետ



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր