Մարտի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին կհուղարկավորեն իր հայրենի Մաշհադ քաղաքում       Ինչու՞ Փաշինյանը չցավակցեց Իրանին իր հոգևոր առաջնորդի սպանությունից անմիջապես հետո, այլ արեց դա երեք օր ուշացումով    

27 մայիս 2020 12:53

ՄԻԵԴ-ի որոշումն Ադրբեջանի հայատյաց քաղաքականության դեմ կայացրած դատավճիռ է. ՀՀ ԱԳՆ

ՀՀ արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է մայիսի 26–ին ՄԻԵԴ ընդունած «Մակուչյանն ու Մինասյանն ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի» գործով վճռին, որն առնչվում է Ադրբեջանի կողմից հայ սպա Գուրգեն Մարգարյանին դաժան սպանության ենթարկած Ռամիլ Սաֆարովի ազատ արձակմանը և հերոսացմանը:


Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, հաղորդագրության մեջ նշվում է, որ դատարանն արձանագրեց, որ Ադրբեջանը խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ (կյանքի իրավունք) և 14-րդ (խտրականության բացառում) հոդվածներով նախատեսված պարտավորությունները:
«Դատավճռում, մասնավորապես, արձանագրվել է. «Դատարանն առանձնապես ցնցված է այն փաստով, որ ի լրումն Ադրբեջան վերադառնալուն պես ազատ արձակմանը՝ Ռամիլ Սաֆարովին շնորհվել են մի շարք արտոնություններ, ինչպիսիք են՝ բանտում անցկացրած ժամանակահատվածի համար աշխատավարձի փոխհատուցում, Բաքվում բնակարանի տրամադրում և ռազմական կոչման բարձրացում, որն իրականացվեց հրապարակային արարողությամբ»»,–ասված է հաղորդագրության մեջ:


ՀՀ արտաքին գերատեսչությունում ընդգծում են, որ դատավճիռը մատնանշել է՝ այդ հոդվածների խախտումը կրել է փոխկապակցված բնույթ, ինչն արձանագրում է, որ Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից ատելության հողի վրա իրականացված դաժան հանցագործության համար դատապարտված Ռամիլ Սաֆարովի անպատժելիությունը և հերոսացումը կատարվել է զոհերի ազգային պատկանելության հիմքով: 


«ՄԻԵԴ-ի այս որոշումն Ադրբեջանի հայատյաց քաղաքականության դեմ կայացրած դատավճիռ է: Այն ոչ միայն ճանաչում է, այլև անընդունելի է որակում Ադրբեջանի կողմից պետական մակարդակով հայերի հանդեպ ատելության հողի վրա գործած հանցագործությունների խրախուսումը»,–ասված է հաղորդագրության մեջ:


ԱԳՆ–ում նշում եմ, որ այս դատավճիռը սահմանում է Ադրբեջանի հանդեպ իրավական պարտավորություն՝ իրականացնելու այնպիսի գործողություններ, որոնցով հնարավոր կլիներ դադարեցնել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի այս խախտումները և հասցեագրել դրանց հետևանքները:
«Հայաստանի Հանրապետությունը ՄԻԵԴ այս վճիռը դիտարկում է որպես պահանջ Ադրբեջանի իշխանություններից վերականգնելու արդարությունը Գուրգեն Մարգարյանի ահասարսուռ սպանության գործում և դադարեցնելու հայերի նկատմամբ ռասիստական քաղաքականությունը: Հայաստանի Հանրապետությունն այս ուղղությամբ հետևողական է լինելու համապատասխան միջազգային ատյաններում»,–ասված է հաղորդագրության մեջ:


Նշվում է, որ դատապարտված մարդասպան Ռամիլ Սաֆարովի՝ Ադրբեջանի նախագահի հրամանագրով ազատ արձակումը և հերոսացումը հերյուրանք և վիրավորանք էին քաղաքակրթական չափանիշների և մարդկային արժանապատվության նկատմամբ: «Այսօր, երբ այս գործողությունները ստացան իրավական գնահատական, մենք առավել քան վճռական ենք՝ կանխարգելելու ատելության հողի վրա կատարվող հանցանքները և պաշտպանելու տարածաշրջանում հայ ժողովրդի անվտանգությունը»,–ասվում է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ 2004թ. Բուդապեշտում ՆԱՏՕ շրջանակներում անցկացված «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում դասընթացներին Ադրբեջանի կողմից մասնակցող սպա Ռամիլ Սաֆարովը քնած վիճակում կացնահարել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին և հարձակում գործել հայ սպա Հայկ Մակուչյանի վրա: Հունգարական դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված Ռամիլ Սաֆարովը, Ադրբեջան փոխանցվելուց հետո, որտեղ հանցագործը պետք է կրեր պատժի հետագա ժամկետը, արժանացել է ներման և հերոսացվել:


Մայիսի 26–ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Գուրգեն Մարգարյանի սպանության գործով բավական խիստ գնահատական է տվել Ադրբեջանին՝ կոնվենցիայի երկու հոդվածով խախտում արձանագրելով:






Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր