Չեք կարծո՞ւմ, որ Սահմանադրությունը սարքում եք պոլի շոր․ Նաիրա Զոհրաբյան

Վահագն Հովակիմյանը պատասխանեց․ «Սահմանադրությունն ամրագրում է, որ ռազմական կամ արտակարգ դրության պայմաններում ընտրություններ չի անցկացվում, նաև Սահմանադրությունը կարգավորում է, որ ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո ինչպես է այն անցկացվում, այսինքն՝ էստեղ չկա այնպիսի բան, որ որևէ մեկը կարող է օրենքի մակարդակով բերել, լիազորություն տալ»։
Նաիրա Զոհրաբյանի արձագանքը չուշացավ․ «Չեմ կարծում, որ ԱԺ-ն սահմանադրական քայլ է անում՝ այս նախագծով չեղարկելով հանրաքվեի անցկացումը»։
Նշենք, որ քննարկվող նախագծով հնարավորություն է տրվում արտակարգ դրության ավարտից հետո չեղարկել սահմանադրական հանրաքվեն:
Հանրաքվե չիրականացնելու մտադրության մասին իշխանությունները խոսել էին նաև ավելի վաղ՝ հիմնավորմամբ, թե կորոնավիրուսի համաճարակը դեռ երկար ժամանակ չի անցնի, իսկ սահմանադրական ճգնաժամը պետք է հանգուցալուծել հնարավորինս արագ։
Հանրաքվեն չեղարկելուց հետո ի՞նչ ճանապարհով են շարունակելու սահմանադրական փոփոխությունները, Վահագն Հովակիմյանը դեռ վաղ է համարում ասելը: Հորդորում է սպասել Վենետիկի հանձնաժողովի եզրակացությանը, որին խորհրդատվության համար դիմել են Հայաստանի իշխանությունները։
ԼՀԿ պատգամավորները դեռ պետաիրավական հանձնաժողովի նիստերի ժամանակ հայտնել էին՝ իշխանություններն այս ճանապարհով գնում են ոչ միայն համաճարակի պատճառով, այլ նաև մտավախություն ունեն, որ հանրաքվեում «Այո»-ի կողմը բավարար ձայներ չի ստանա։