Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների          Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք    

10 հուն 2020 12:54

Բազմաթիվ դրվագներ են բացահայտվել.. նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձանց և նրանց մերձավորների նկատմամբ քր. հետապնդում է հարուցվել

ՀՀ դատախազությունը, հավատարիմ մնալով հասարակական հնչեղություն ունեցող քրեական գործերի քննության ընթացքի եւ արդյունքների վերաբերյալ հանրությանը պարբերաբար տեղեկատվություն տրամադրելու գործելաոճին, հայտնում է, որ տեւական ժամանակ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ՀՀ ՊԵԿ նախկին նախագահի վերաբերյալ քննվող քրեական գործով իրականացված լայնածավալ քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա քրեական հետապնդում է հարուցվել վերջինիս, նրա մերձավոր 4 անձանց, ՀՀ պետական եկամուտների կոմիտեում բարձր պաշտոններ զբաղեցրած 3 անձանց նկատմամբ։


ՀՀ գլխավոր դատախազությունից NEWS.am-ին հայտնում են, որ աննախադեպ ծավալներ ունեցող քրեական գործով բացահայտվել են պաշտոնեական ու տնտեսական հանցագործությունների բազմաթիվ դրվագներ, այդ թվում՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու եւ ստանալու, հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելու վերաբերյալ։


Մասնավորապես, նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել  այն մասին, որ «Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊ ընկերության գլխավոր տնօրեն Ս․Ա-ն 2008-2014թթ. ընթացքում ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի, այնուհետեւ՝ 2014-2016թթ. ընթացքում ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնը զբաղեցրած եւ նշված ժամանակահատվածում իշխանության ներկայացուցչի գործառույթներ մշտապես իրականացրած, գործադիր իշխանության ղեկավար պաշտոնատար անձ Գ․Խ-ին որդիների միջոցով տվել է առանձնապես խոշոր չափերով` 8.142.315.480 ՀՀ դրամին համարժեք 22.401.000 ԱՄՆ դոլարի կաշառք՝ նշված բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից ծառայության գծով ընդհանուր հովանավորչության, վերջինիս ղեկավարման ներքո գտնվող հարկային եւ մաքսային մարմինների կողմից իր ներկայացրած առեւտրային կազմակերպությունների գործունեության համար խոչընդոտներ չստեղծելու, վարչական մարմինների միջամտությունից նշված ընկերությունների տնտեսական գործունեությունը հնարավորինս զերծ պահելու, պետական մարմինների վերահսկողական գործառույթները մեղմելու եւ համապատասխան հիմքերի առկայության դեպքում առավել բարենպաստ վարչական ակտեր կայացնելու համար:


Գ․Խ-ի որդիների նախաձեռնությամբ նշված գումարի հանցավոր ծագումը թաքցնելու, դրա իրական բնույթը, ծագման աղբյուրը, տնօրինման եղանակը խեղաթյուրելու, իրական պատկանելիությունը թաքցնելու նպատակով Ս․Ա-ն 2011թ. ընթացքում կաշառքի առարկա հանդիսացող՝ 8.142.315.480 ՀՀ դրամին համարժեք 22.401.000 ԱՄՆ դոլարը փոխանցել է Գ․Խ-ի որդիների մատնանշած եւ նրանց հետ փոխկապակցված օտարերկրյա, ոչ ռեզիդենտ կազմակերպությունների հաշվեհամարներին: Ավելին, նշված գործարքի հանցավոր բնույթը թաքցնելու եւ քողարկելու համար վերջիններիս եւ Ս․Ա-ի միջեւ կնքվել են փոխառության պայմանագրեր՝ համապատասխանաբար 7.000.000 եւ 13.400.000 ԱՄՆ դոլարի վերաբերյալ, մինչդեռ Ս․Ա-ին որեւէ գումար տարիներ շարունակ եւ առ այսօր չի վերադարձվել:


Նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա առանձնապես խոշոր չափերով՝ 8.142.315.480 ՀՀ դրամին համարժեք 22.401.000 ԱՄՆ դոլար կաշառք տալու եւ  հանցավոր ճանապարհով ստացված նշված առանձնապես խոշոր չափերով գումարը օրինականացնելուն օժանդակելու համար Ս․Ա-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը։


Նշված դրվագներով քրեական հետապնդում է հարուցվել նաեւ հանցագործությանը մասնակցած մյուս անձանց նկատմամբ, գույքի հնարավոր բռնագրավումը, բռնագանձումը եւ դատական ծախսերն ապահովելու համար կալանք է դրվել մեղադրյալներին պատկանող գույքի վրա։


Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ կոռուպցիոն հանցագործությունները համակողմանիորեն բացահայտելու, դրանց կատարմանն առնչված անձանց ամբողջական շրջանակը, կոռուպցիոն սխեմայում ներգրավված անձանց կողմից այլ հանցագործությունների կատարմանը մասնակցելու հանգամանքը պարզելու ուղղությամբ: Միջոցներ են ձեռնարկվում նաեւ կաշառքի առարկա հանդիսացած գումարի ծագման օրինականությունը ստուգելու ուղղությամբ՝ նկատի ունենալով, որ մեղադրյալ Ս․Ա-ն 2011թ. 22․401․000 ԱՄՆ դոլար ունենալու հանգամանքը պայմանավորել է նրա մայրական պապի կողմից «Իրանի պատերազմի» ընթացքում սովետական բանակում ծառայելու, մեծ քանակությամբ ոսկի՝ «Շահի ոսկիները» բերելու եւ 1987թ․տատի կողմից իրեն փոխանցելու հանգամանքներով։ 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր