Ինչպես կարող են Երևանի իշխանություններն իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից          Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ       Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը    

17 հուն 2020 12:34

Սրանց «կուսակցություն» կոչելը մե՜ծ շռայլություն է...եթե նույնիսկ որոշվի, որ Ծառուկյանը նորածին մանկան նման անմեղ է...Նրանք արդե՛ն խաբել են ժողովրդին

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը սոցցանցի իր էջում գրել է.

«Եթե ճիշտ է, որ «օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է նաև, որ Նաիրա Զոհրաբյանը համախոհների հետ ունեցած խոսակցությունների ընթացքում բազմիցս ընդունել է այն փաստը, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նախկին տարիներին անցկացված ընտրություններում անհրաժեշտ քանակի ձայներ կարողացել է ապահովել բացառապես ՀՀ քաղաքացիներին ընտրակաշառք բաժանելու արդյունքում՝ բառացիորեն հայտնելով հետևյալը․ «…պարզվեց՝ ԲՀԿ-ն առանց ընտրակաշառքի Հայաստանում ձեն չունի…պիտի ճշմարտության երեսին նայե՞նք, թե՝ չէ, էտա…, իրականությունը էտա…», եթե ճիշտ է, որ բացի Նաիրա Զոհրաբյանի խոստովանությունը, փաստերով հաստատվել է, որ ԲՀԿ-ի ընտրություններն անցել են ընտրակաշառքով, պարզապես անհրաժեշտ է ԲՀԿ-ին դատել որպես իրավաբանական պատասխանատվության կառույց (չեմ կարողանում գրել «կուսակցություն»), և որպես կուսակցություն լուծարել:


Չի կարող, չպետք է այդ կարգի կառույցը կուսակցություն կոչվել և որպես կուսակցություն մասնակցել Հայաստանի քաղաքական օրակարգերի ձևավորումներին: Առավել ևս, որ այդ խմբի «կուսակցականները» հավատարմության երդմնակալության գրավոր հավաստագրեր են հանձնել «կուսակցապետին»: Մարդկանց այդ խումբը անձին է ծառայել, ոչ թե երկրին: Նրանց «քաղաքականությունը» ուղղված է եղել երկրի քաղաքական, նյութական, հասարակական ռեսուրսները անձին ծառայեցնելուն: Նրանք խախտել են Սահմանադրությունը՝ Սահմանադրության hոդված 94-ով «Պատգամավորը ներկայացնում է ամբողջ ժողովրդին, կաշկանդված չէ հրամայական մանդատով, առաջնորդվում է իր խղճով և համոզմունքներով»: ԲՀԿ-ի պատգամավորների մանդատները սահմանափակված են Ծառուկյանի հրամայական խղճով և համոզմունքներով: Սրանց «կուսակցություն» կոչելը մե՜ծ շռայլություն է:


Անկախ նրանից, թե ինչպես կորոշվի Ծառուկյանի անհատական ճակատագիրը, եթե նույնիսկ իրավապահ համակարգը որոշի, որ նա նորածին մանկան նման անմեղ է իր բիզնես գործունեությունում, Բարգավաճ Հայաստան կուսակցություն լինել չի կարող: ԲՀԿ անվան տակ հավաքված մարդիկ անհատին՝ Ծառուկյանին ծառայողներ են, ոչ թե գաղափարի շուրջ միացած մարդիկ՝ կուսակցականներ: ԲՀԿ-ն որպես կուսակցություն պիտի լուծարվի:


Հասկանալի է, որ սա լրջագույն քաղաքական ճգնաժամ է: Առանց ԲՀԿ-ի, ներկայիս ԱԺ-ն չի կարող գործել, այնտեղ առնվազն երկու ընդդիմադիր քաղաքական ուժ պիտի լինի: Բայց ձևացնել, որ այդ ուժերից մեկը կարող է ԲՀԿ անունը կրող մարդկանց խումբը լինել, թե ինքնախաբեություն է, թե հանցանք: Նրանք արդե՛ն խաբել են Հայաստանի ընտրողներին որպես կուսակցություն ներկայանալով: Չի՛ կարող այս խաբեությունը շարունակվել: Իսկ խաբեությունը կշարունակվի, եթե ԲՀԿ-ն որպես կուսակցություն մնա ԱԺ-ում: Սա կնշանակի, որ ԱԺ-ն հավանություն է տալիս քաղաքական խաբեությանը:
Առանց այդ էլ հասարակության մեջ հասունանում է այն ցավոտ համոզմունքը, որ ՔՊ-ն կրկնում է մեկ անձին ծառայող մարդկանց խումբը կուսակցություն ներկայացնելու փորձը: Առավել ևս, որ 2018թ. ՔՊ ընտրությունը մեծ հաշվով մեկ անձի ընտրություն էր:
Ստեղծված իրավիճակում արդարն ու լավագույնն այն կլիներ, որ ԲՀԿ-ի լուծարման որոշում կայացվեր, և պառլամենտական ճգնաժամից դուրս գալ արտահերթ ընտրություններ նշանակելով: Վերջին երկու տարիներին բավական փորձ և գիտելիք է կուտակվել թե կուսակցություններում (այդ թվում ՔՊ-ում), թե հասարակությունում: Բայց դա կարելի է և պետք է անել դատա-իրավական համակարգը կարգի բերելուց հետո: Ներկայիս համակարգով որևէ ընտրություն պարզապես հնարավոր չէ անց կացնել, դա կվերաճի քաղաքացիական կռվի տանող անկառավարելի քաոսի»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր