ԱԱԾ նոր բացահայտումը՝ Առինջ համայնքի եւ «Մուլտի Գրուպ Կոնցեռնի» վերաբերյալ
![](https://www.lragir.am/wp-content/uploads/2019/12/13174706-1.jpg)
Դրական կարծիքների հիման վրա ՀՀ վարչապետի 13.08.2001թ. որոշման հիման վրա ստեղծված՝ հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի 12.02.2017թ. N 78 եզրակացությամբ Առինջ համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող արդյունաբերության, ընդերքօգտագործման, բնակավայրերի նպատակային նշանակության եւ այլ արտադրական նշանակության հողերից ընդհանուր 87.7 հա մակերեսով հողակտորները փոխադրվել են գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիայի (արոտ), ինչի հետեւանքով նվազեցվել է նշված հողերի կադաստրային արժեքը՝ 3.967.548.000 (երեք միլիարդ ինը հարյուր վաթսունյոթ միլիոն հինգ հարյուր քառասունութ հազար) ՀՀ դրամից դառնալով 25.340.000 (քսանհինգ միլիոն երեք հարյուր քառասուն հազար) ՀՀ դրամ՝ այդ կերպ հնարավորություն տալով «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ընկերությանը համայնքապատկան ընդհանուր 87.7 հա մակերեսով հողակտորները ձեռք բերել զգալիորեն ցածր գնով: Այնուհետեւ, նույն համայնքի պաշտոնատար անձը, իրագործելով իր մտադրությունը, կազմակերպել եւ անց է կացրել համայնքապատկան ընդհանուր 87.7 հա մակերեսով հողակտորները օտարելու վերաբերյալ աճուրդ, ապահովելով աճուրդի երկրորդ մասնակցի ձեւական ներկայությունը, ապա համոզվելով «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված պահանջները պահպանված լինելու մասին, նույն համայնքում կայացված ձեւական աճուրդի ընթացքում անհամեմատ ցածր գնով՝ 29.284.157 ՀՀ դրամով օտարվել է «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ընկերությանը: Այնուհետեւ, ձեռք բերված գյուղատնտեսական նշանակության հողամասից 0.22 հա մակերեսով հողատարածքի նպատակային նշանակությունը Առինջ համայնքի ղեկավարի 26.08.2019թ. N 533-Ա որոշմամբ կրկին գյուղատնտեսական նշանակությունից փոխվել է արդյունաբերական, ընդերքօգտագործման եւ այլ արտադրական օբյեկտների կատեգորիայի եւ այդ պայմաններում հողատարածքի վրա «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ընկերության պատասխանատու անձանց կողմից կառուցվել է շուրջ 1860 մակերեսով քարե շինություն եւ բեռնատարների կայանատեղի համար նախատեսված ասֆալտապատ տարածք, այսինքն՝ հողամասը փաստացի օգտագործվել է այն նպատակային նշանակությամբ, ինչն ի սկզբանե գրանցված է եղել համայնքում՝ մինչեւ «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ընկերությանը օտարելը:
Նման ապօրինի գործողությունների հետեւանքով Առինջ համայնքը զրկվել է իր սեփականությունը հանդիսացող գույքի օտարման դիմաց առանձնապես խոշոր չափերով՝ 3.938.263.843 ՀՀ դրամի չափով եկամուտ ստանալու իրական հնարավորությունից, որը գույքային տեսքով էական վնաս է պատճառել Առինջ համայնքի օրինական շահերին՝ անզգուշությամբ առաջացնելով ծանր հետեւանքներ:
Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Քրեադատավարական թույլատրելի գործիքակազմի կիրառմամբ ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ այլ դատավարական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները, հանցանք կատարած անձանց ամբողջական շրջանակը պարզելու եւ համայնքի օրինական շահերը վերականգնելու ուղղությամբ: