Այժմ գոտիով ինքնասպանություն գործած կրտսեր սերժանտի մահվան գործը դատարանում է .մեղադրյալ է նրա ծառայակիցը
2017 թվականի հունիսին ՀՀ ՊՆ N զորամասի մերձակա տարածքում տեղի ունեցած ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Վարդան Մելքոնյանի ինքնասպանությունից երեք տարի անց քրեական գործի նախաքննությունն ավարտվել է և գործն ուղարկվել է դատարան:
Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:
Հիշեցնենք, որ դեպքին հաջորդող օրերին մամուլին հայտնի դարձավ, որ բանակում ծառայող եղբորը քույրն ուղարկել էր Ստեյս Կրամերի՝ «Իմ ինքնասպանությունից 50 օր առաջ» գիրքը:
Սակայն հարազատները պնդում էին, որ իրենց որդին ինքասպանություն չէր կարող գործել և այդ գիրքը չի էլ կարդացել:
Դատական տեղեկատվական համակարգում մեղադրանքի մասով նշվում է, որ զինծառայողի մահվան գործով մեղադրյալ է նրա ծառայակիցը՝ պարտադիր ժամկետային զինծառայող Հովհաննես Մարգարյանը:
Պարզվում է, Վարդան Մելքոնյանը Մարգարյանի՝ իր նախընտրած մահճակալին մշտապես քնելու առաջարկը մերժել է, ինչի պատճառով 2017 թվականի հուլիսի 22-ին` կենցաղային սպասարկման սենյակում, Մարգարյանը վիճաբանել է կրտսեր սերժանտ Վ. Մելքոնյանի հետ, որի ընթացքում հայհոյել է նրան, բռնության ենթարկել,մեկ անգամ հարվածել:
Ըստ մեղադրանքի՝ դրա հետևանքով՝ Մելքոնյանի մոտ առաջացել է խիստ ընկճված հոգեվիճակ ,որի հետևանքով ժամեր անց վերջինիս զինվորական գոտիով ծառից կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել:
Հովհաննես Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 358-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով՝ պետի նկատմամբ բռնի գործողություններ կատարելը կամ դրանք կատարելու սպառնալիքը, պատժվում է ազատազրկմամբ` վեցից տասներկու տարի ժամկետով:
Մարգարյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Գործը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նելլի Բաղդասարյանին: