Թուրքական սպառնալիք Երևանին.ի զորո՞ւ է Մոսկվան աջակցել Հայաստանին

Եվ արդյո՞ք հենց վերը բերված նկատառումները չէին նաև պատճառը Նիկոլ Փաշինյանի օրերս արած հայտարարության, որ Հայաստանի՝ Թուրքիայի աճող ագրեսիվությունը զսպելու համար պետք է ձեռնարկվեն հավելյալ քայլեր և փնտրեն զսպման այլընտրանքային մեխանիզմներ:
Այստեղ տողատակում հստակ կարդացվում է, որ Հայաստանը չպետք է և չի կարող իր հույսը դնել միայն Ռուսաստանի աջակցության վրա, որովհետև, մեղմ ասած, կան կասկածի հիմքեր, թե Ռուսաստանն ի զորու է զսպել թուրքական ագրեսիան: Եվ այստեղ, թերևս, ամենաէական պարագաներից մեկը: Ինչ ենք մենք հասկանում թուրքական ագրեսիա զսպել իմաստով: Բանն այն է, որ թուրքական ագրեսիան կարող է արտահայտվել տարբեր կերպ, սկսած ցամաքային ներխուժման փորձով, մինչև օդային տարաբնույթ հարվածներ թուրքական տարածքից, կամ ադրբեջանական տարածքից: Ի դեպ, Բաքուն և Անկարան հայտարարել են լայնածավալ զորավարժություն սկսելու մասին, որում ներգրավված են նաև ռազմաօդային և ՀՕՊ ուժեր: Իհարկե, նրանք ազդարարել են, թե դա հերթական, պլանային զորավարժություն է, բայց ներկայիս իրադրության ֆոնին այն, իհարկե, տալիս է բազմակի մտորումների տեղիք:
Այդպիսով, երբ խոսում ենք թուրքական վտանգի մասին, պետք է դիտարկենք դրա ամբողջական դիապազոնը, սկսած ցամաքային ներխուժման հնարավորությունից, մինչև պարզապես հրթիռակոծում, օդային հարվածներ և այլն՝ թուրքական կամ ադրբեջանական տարածքներից: Հետևաբար՝ պետք է հարց տալ՝ ի զորո՞ւ է Մոսկվան աջակցել Հայաստանին այդ դեպքում, երբ Անկարան չգնա ցամաքային ներխուժման փորձի՝ ինչին, թերևս, չի էլ գնա: Ի վերջո, մենք ունենք սիրիական և լիբիական օրինակները, երբ թուրքական անօդաչուները մեծ խնդիրներ էին ստեղծել ՌԴ պաշտպանական աջակցությունը վայելող սիրիական և լիբիական ուժերի համար: Ընդ որում, այդ իրողությունները ոգևորությամբ արձանագրում էին ադրբեջանական պրոպագանդայի միջոցները, անկասկած, անուղղակի ասոցացնելով, որ դա կարող է տեղի ունենալ նաև Հայաստանի ուղղությամբ: Հետևաբար՝ Ռուսաստանի անվտանգության «հովանոցը» Հայաստանին ոչ միայն չպետք է օժտի ապահովության բթացող զգացումով, այլ հակառակը՝ այդ հովանոցի սիրիական և լիբիական օրինակները Երևանին պետք է հուշեն, որ Հայաստանին իսկապես անհրաժեշտ են թուրքական ագրեսիայի զսպման հավելյալ ջանքեր և մեխանիզմներ: Իհարկե, տվյալ պարագայում խոսք կարող է լինել առավելապես քաղաքական մեխանիզմների մասին, թեև, անշուշտ, պետք է անգամ ձգտել ռազմական այլընտրանքի ևս: Բազում երկրների փորձեր ցույց են տվել, որ Ռուսաստանը որևէ ոլորտի մենաշնորհ ունենալու պարագայում, որպես կանոն, չարաշահում է այն առաջին հերթին իր «դաշնակցի» հանդեպ, ավելի շուտ՝ պայմանավորվելով իբրև թե հակառակորդի հետ: Այդ իմաստով, միանգամայն պատասխանատու կերպով հավատարիմ մնալով ՌԴ հետ ռազմա-քաղաքական դաշնակցային պարտավորություններին, Երևանը միաժամանակ անում է շատ կարևոր բան՝ դնում Հայաստանի հանդեպ ՌԴ դաշնակցային պարտավորությունների պատասխանատվության հարցը Մոսկվայի առաջ: