Տենց պասիվ նստած ենք մենք մինչև հիմա.Վաղ հայտնաբերումն է կարևոր, այդ դեպքում կարող ենք զգալիորեն կոտրել վիրուսի ողնաշարը

«Մենք ունենք համաճարակի տեմպի նվազում, որովհետև յուրաքանչյուր համաճարակ սկզբից ակտիվորեն պետք է զարգանա, հետո կամաց-կամաց տեմպն ընկնի։ Մենք հիմա այդ փուլում ենք։ Մենք օբյեկտիվ պետք է պատկերացնենք, որ եթե մեր բնակչության մեծ տոկոսը չի վարակվել, ապա աշնանը, երբ բաց տարածքներում մարդիկ այդքան ժամանակ չեն անցկացնի, տուն են վերադառնալու, երբ տան պատուհանները բոլորը փակելու են, և այդքան չեն օդափոխելու տները, մենք կունենանք վարակվածության դեպքերի որոշակի բարձրացում։ Երբ դա զուգորդվի սեզոնային հիվանդությունների հետ, կարող է առաջացնել բավականին լուրջ ծանրաբեռնվածություն մեր առողջապահական համակարգի վրա»,- ասաց Էդուարդ Հովհաննիսյանը։
Վերջին օրերին կորոնավիրուսի վարակման թվերի նվազում է նկատվում։ Մեր հարցին, թե ինչի՞ անհրաժեշտություն կա, որպեսզի այս իրավիճակը պահպանվի, բժիշկ-համաճարակաբանն արձագանքեց․
«Պարտադիր պետք է մի քանի անգամ ավելացվի թեստավորուման քանակը, բոլոր դեպքերն՝ իրենց կոնտակտավորներով հանդերձ պետք է վաղ հայտնաբերվեն, մեկուսացվեն, վաղ հայտնաբերումն է կարևոր, որովհետև ինչպես վարչապետը մի քանի շաբաթ առաջ ասում էր, պասիվ նստած ենք ու սպասում ենք, որ երբ է մարդը մեզ մոտ գալու։ Տենց պասիվ նստած ենք մենք մինչև հիմա, այսինքն՝ հայտնաբերում տեղի չի ունենում։ Բոլոր կոնտակտավորներին պետք է վաղ հայտնաբերել, հետազոտել, այդ դեպքում մենք երկու ամսվա ընթացքում կարող ենք զգալիորեն կոտրել վիրուսի ողնաշարը և կունենանք կորոնավիրուսի քիչ թվեր և կարող ենք ավելի լավատեսորեն նայել սեզոնային հիվանդություններին։ Գումարած դրան պետք է շատ ուժեղ զարգացնել լաբորատոր դիագնոստիկան, որպեսզի երբ մարդը գա, դու կարողանաս տարբերակել՝ ինքը կորոնավիրոսային թոքաբորբ է, թե օրինակ՝ H1N1 է, որովհետև այդ մարդու բուժումը և կյանքի փրկելը կախված է լինելու նրանից, թե որքան շուտ կտարբերակես՝ կորոնավիրուս է, թե այլ հիվանդություն»։
Բժիշկ-համաճարակաբանը կարևորում է նաև, որ ամբողջ առողջապահական համակարգը պատրաստ լինի իր նշած գործելաոճին, ոչ թե միայն COVID 19-ի բուժմամբ զբաղվող կենտրոնները։
«Բոլորը պետք է պատրաստ լինեն այս գործընթացներին, որպեսզի ամեն տեղում կարողանան շատ արագ արձագանքել, այլ ոչ թե մարդը գալիս է X խնդրով, իսկ բուժումը ստանում է 5-7 օր հետո, երբ իր մոտ այդ խնդիրն արդեն շատ խորացված է»,- հավելեց բժիշկ-համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանը։