Ռուսաստան մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիները դեռ պետք է սպասեն. ՌԴ-ում գտնվող ՀՀ քաղաքացիները չեն կարող Հայաստան վերադառնալ ցամաքային ճանապարհով
«Հայաստանի կառավարության արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշմամբ պահպանվել է միայն ցամաքային ճանապարհով մեր քաղաքացիների ելքի ու օտարերկրացիների մուտքի արգելքը»։ Այսօր հրավիրած ճեպազրույցում հայտարարեց ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը՝ մանրամասնելով, որ Հայաստանի քաղաքացիների համար օդային ճանապարհով ելքի ու մուտքի արգելքներ այս պահին չեն գործում։
«Հայաստանից մեկնելու պարագայում սահմանափակումներն արդեն կապված են տվյալ երկրում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված սահմանափակումների կամ էլ այդ երկիր մեկնող անձի կարգավիճակի հետ»,- ասաց Նաղդալյանը՝ ավելացնելով, որ այդ պայմանները բավականին հաճախ փոփոխվում են ու թարմացվում, պայմանավորված են թե Հայաստանում, թե տվյալ երկրում կորոնավիրուսային իրադրությամբ։
ԱԳ նախարարության խոսնակը նկատեց, որ տարբեր երկրների քաղաքացիների մուտքի արգելք սահմանելիս երկրները դրանք չեն դիտարկում երկկողմ հարաբերությունների համատեքստում։
«Դրանք բացառապես պայմանավորված են երկրի ազգային առողջապահական համակարգի կարողություններով և ծանրաբեռնվածությամբ, ինչպես նաև կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետությամբ»,- թվարկեց բանախոսը։
Ինչ վերաբերում է Ռուսաստան մեկնել ցանկացող հայաստանցիների դժգոհություններին ու բողոքներին, ապա Նաղդալյանը հղում կատարեց Ռուսաստանի կառավարության մարտի 16-ի կարգադրությանը, որով սահմանվում է այն քաղաքացիների կատեգորիաները, որոնք կորոնավիրուսի դեմ պայքարի սահմանափակումների շրջանակում կարող են այցելել ՌԴ։
«Այդ ցանկում ներառված են ՌԴ քաղաքացիները, նրանց ընտանիքի անդամները, խնամակալները, հոգաբարձուները հարազատությունը վկայող ու անձը հաստատող վավեր փաստաթղթերի առկայությամբ։ Այդ ցանկում են նաև Ռուսաստանում բուժման մեկնող ՀՀ քաղաքացիները կրկին անձը հաստատող փաստաթղթի ու Ռուսաստանում բուժհիմնարկի հրավերի պարագայում, ինչպես նաև Ռուսաստանում մշտական կացության իրավունք ունեցող օտարերկրյա քաղաքացիները»,-մանրամասնեց Աննա Նաղդալյանը։
Նախարարության ներկայացուցչի խոսքով, Հայաստանի կառավարությունը շարունակում է ռուսական կողմի հետ աշխատանքները՝ ինչպես երկու երկրների միջև կանոնավոր ավիափոխադրումների վերականգնման, այնպես էլ Ռուսաստան ՀՀ քաղաքացիների մուտքի արգելքի հանման կամ չեղարկման ուղղությամբ։
«Այս պահի դրությամբ աշխատանքները շարունակվում են։ Ցավոք, այս պահի դրությամբ հստակ ժամկետներ հայտնել չեմ կարող»,- ասաց ԱԳՆ խոսնակը։
Չինաստան մեկնելու վերաբերյալ ԱԳՆ-ին հասցեագրած բազմաթիվ հարցումներին ի պատասխան էլ հայտարարեց, որ ՀՀ քաղաքացիները կարող են մեկնել, եթե ունեն երեք օրվա ընթացքում արված կորոնավիրուսի թեստի բացասական արդյունք։
«Թեստավորումը պետք է կատարվի Հայաստանում Չինաստանի դեսպանատան կողմից նշված բուժհաստատություններում ու լաբորատորիաներում։ Մեր քաղաքացիները պետք է ունենան Չինաստանի դեսպանատան կողմից տրված առողջական վիճակի մասին հայտագիր։ Սա վերաբերում է մինչև 90 օր Չինաստանում մնալ պատրաստվող ՀՀ քաղաքացիներին, եթե 90 օրից ավելի ժամկետով են մեկնելու՝ աշխատանքի, կրթության կամ այլ նպատակներով, ապա պետք է դիմեն Չինաստանի դեսպանություն ու ստանան մուտքի արտոնագիր»,- կարգը ներկայացրեց ԱԳՆ ներկայացուցիչը։