«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

02 սեպ 2020 15:34

Տեսանյութ.Քաղաքականությունն ինքը վերադարձավ ինձ մոտ,ստեղծել ենք բավականին լավ, ֆունկցիոնալ թիմ

ԼՂՀ առաջին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը բացառիկ հարցազրույց է տվել ռուսական РБК հեռուստաալիքին: Լրագրողը հարցրել և ստացել է Հայաստանի երկրորդ նախագահի տեսակետները քաղաքականություն վերադարձի, «թավշյա հեղափոխության» պատճառների, Բելառուսում իրավիճակի, Ադրբեջանի հետ հակամարտության, Արցախի խնդրի կարգավորման, Սերժ Սարգսյանի, Հայաստանի տնտեսության ու առաջիկա ծրագրերի մասին:

Լրագրողի այն հարցին, թե ինչով է զբաղվում ՀՀ երկրորդ նախագահն այժմ, Ռ. Քոչարյանը պատասխանել է. «Զբաղվում եմ քաղաքականությամբ, հարցազրույցներով, ինչպես նաև տարբեր հոբբիներ` սպորտ, ընթերցանություն, աշխատում եմ երկրորդ գրքիս վրա, որի սյուժեն դեռևս ավարտված չէ... Ես արդեն ունեմ իմ առաջին ինքնակենսագրական գիրքը, որով ամփոփել էի իմ քաղաքական կյանքը` հեռանալով նրանից, ինչպես ինձ էր թվում, ընդմիշտ: Սակայն քաղաքականությունն ինքը վերադարձավ ինձ մոտ, և երկրորդ գիրքը կլինի շարունակության, վերադարձի և այն ամենի մասին, ինչ կատարվում է հիմա»:


Լրագրողը նախկին նախագահից հետաքրքրվել է, թե ինչ է արվել այս երկու տարիներին` սկսած այն պահից, երբ Ռ. Քոչարյանը հայտարարեց քաղաքականություն վերադարձի մասին, ինչին ի պատասխան ՀՀ երկրորդ նախագահն ասել է. «Ես քաղաքականությունից, պաշտոնից հեռացել էի մեծ համոզմամբ, որ հեռանում եմ ընդմիշտ՝ մտադիր լինելով զբաղվել մի ավելի հետաքրքիր, նոր բանով: Սակայն շրջադարձը կյանքում կտրուկ էր: Ստիպված եղա ամեն ինչ զրոյից սկսել: Այսօր մենք ստեղծել ենք քաղաքական պայքարի բավականին լուրջ գործիքներ: Ստեղծվել է բավականին լավ, ֆունկցիոնալ թիմ` բավականին լավ ներկայացված լրատվական դաշտում, սոցիալական ցանցերում: Դրանք այն գործիքներն են, առանց որոնց այսօրվա պայմաններում քաղաքական պայքար հնարավոր չէ: Դրա վրա 1,5-2 տարի ծախսվեց»:


Երկրորդ նախագահը մեկնաբանել է նաև 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած «թավշյա հեղափոխության» պատճառները:


«Իշխանության մոտ հոգնածություն էլ կար, սակայն երկրում կար նաև պոպուլիստական ալիքի միտում, որը տարածվել էր նաև ամբողջ Եվրոպայում: Դա երևի կապված է նաև սոցիալական ցանցերի զարգացման, տեղեկատվական դաշտի ապակենտրոնացման հետ: Իշխանությունը չէր հասցրել հարմարեցնել իր քաղաքական գործիքներն այդ իրավիճակին: Թվացյալ տեղեկատվական քաոսը, այնուամենայնիվ, ղեկավարվում էր: Այն ուժերը, որոնք օգտվեցին այդ իրավիճակից, այդ թվացյալ քաոսը բավականին լավ ղեկավարում էին: Դա նաև ճիշտ կիրառված տեխնոլոգիաներն էին: Իմ կարծիքով՝ դա շատ գրագետ և լավ աշխատեցված տեխնոլոգիա էր, և իհարկե, եթե որոշակի հիասթափություն չլիներ, այդ տեխնոլոգիան չէր աշխատի»,-նշել է ՀՀ երկրորդ նախագահը:


 Տեսանյութում այդ հատվածը՝ 0:40 րոպեից.



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր