Ռ. Քոչարյանի կողմից Արիության մեդալ ստացած Մհեր Պողոսյանի սպանության գործով կիրականացվի նոր դատական քննություն

ՀՀ վերաքննիչ դատարանի նշված որոշման դեմ 2020թ.մայիսի 17-ին վճռաբեկ բողոք էր ներկայացրել Հրանտ Գրիգորյանի փաստաբանը՝ խնդրելով բեկանել ՀՀ վերաքննիչ դատարանի որոշումը:
ՀՀ Վճռաբեկ դատարանը օրես որոշում է կայացրել Հրանտ Գրիգորյանի փաստաբանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու և Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության 1-ին ատյանի դատարան քննության ուղարկելու մասին, ինչը նշանակում է, որ Մհեր Պողոսյանի սպանության գործով նոր երևան եկած հանգամանքների լույսի ներքո կիրականացվի նոր դատական քննություն:
Հիշեցնենք, որ 1994թ. դեկտեմբերի 19-ին՝ 1 օրվա ընթացքում քննելով Մհեր Պողոսյանի սպանության գործը՝ Աշտարակի շրջանային ժող. դատարանը դատավճիռ էր կայացրել, որով Հրանտ Գրիգորյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 259.1-րդ հոդվածի «Բ» կետով նախատեսված հանցագործություն կատարելու, այն է՝ զենքի, զինամթերքի, պայթուցիկ և այլ նյութերի ու առարկաների հետ վարվելու կանոնների խախտման համար և նրան դատապարտել 1 տարի ժամկետով ազատազրկման:
2018թ. հուլիսին ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժին է ստացվել սպանվածի որդու՝ Էդուարդ Պողոսյանի դիմումն այն մասին, որ 1994թ. ապրիլի 16-ին իր հորը՝ Մ. Պ.-ին դիտավորյալ սպանել է Հ.Գ.-ն, սակայն դեպքի իրական հանգամանանքները խեղաթյուրվել են:
ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում սկսված նախաքննության ընթացքում իրականացված բազմածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների, օպերատիվ-հետախուզական միջոցառումների, դրանց նկատմամբ իրականացված պատշաճ դատախազական հսկողության արդյունքում ի հայտ էին բերվել դատական ակտ կայացնելիս դատարանին անհայտ մնացած այնպիսի նոր հանգամանքներ, որոնք ինքնին ապացուցում են դատապարտյալի կատարած հանցանքի ավելի ծանր լինելը, քան այն, որի համար նա դատապարտվել է:
Այսինքն՝ այդ տվյալներն առերևույթ վկայում էին այն մասին, որ Հրանտ Գրիգորյանը 1994 թվականի ապրիլի 16-ին խուլիգանական դրդումներով և շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանել է Մհեր Պողոսյանին, սակայն նա դատապարտվել է զենքի հետ վարվելու կանոնները խախտելու համար, իսկ նշված հանգամանքը թաքցնելու նպատակով ՀՀ պաշտպանության փոխնախարարի ստորագրությամբ տրվել է գրություն, իբր Մ. Պողոսյանը զոհվել է մարտական գործողությունների ժամանակ և նրա անվամբ ՀՀ ՊՆ ԶՍՊ վարչությունում կազմվել է անձնական գործ, ապա ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանի կողմից Մ.Պողոսյանին հետմահու շնորհվել է արիության մեդալ:
Ելնելով նախաքննության արդյունքներից՝ ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնում 2018թ. դեկտեմբերի 10-ին որոշում է կայացվել նոր երևան եկած հանգամանքների հետևանքով վարույթ հարուցելու մասին:
2019թ. փետրվարի 20-ին ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Վ.Հարությունյանի կողմից այս գործով բերվել էր վերաքննիչ բողոք՝ խնդրելով վերանայել ու բեկանել Աշտարակի շրջանային ժող.դատարանի 1994թ. դեկտեմբերի 19-ի վերոնշյալ դատավիճռը և գործն ուղարկել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության, որը և բավարարվել էր ՀՀ վերաքննիչ դատարանի 05.03.2020թ. որոշմամբ:
Գոռ Աբրահամյան