Արևմուտքում քաղաքացիական պատերազմն, այնուամենայնիվ, սկսվելու է          Հուսամ՝ սահմանագծման այդ սյունը նույն հետևանքը չի թողնելու, ինչ անցակետն է թողել.Մի մոռացեք, Ալիևը հրապարակայնորեն հայտարարեց, որ «ՀՀ-ն Ադրբեջանի ու Թուրքիայի հավերժական թշնամին է»       Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, հիմնական ապացույցների ոչնչացում, անպատժելիություն․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին    

15 սեպ 2020 12:41

Ադրբեջանցիները Եվրոպական դատարանից առևանգել էին Մանվել Սարիբեկյանի գործի փաստաթղթերը

Սեպտեմբերի 9-ին ուժի մեջ մտավ 2010թ.-ին Ադրբեջան գերեվարված, ապա սպանված Մանվել Սարիբեկյանի գործով Եվրոպական դատարանի վերջնական վճիռը: «Սարիբեկյանը և Բալյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով այս տարվա հունվարի 30-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճիռը Ադրբեջանը բողոքարկել էր ԵԴ Մեծ պալատ, որը քննելուց հետո անփոփոխ է թողել այն: Մ. Սարբեկյանի ծնողների անունից բողոքը ներկայացրել էր փաստաբան, միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը: Այս մասին գրում է Hetq.am-ը։


Մանվել Սարիբեկյանի գործը Ադրբեջանում գտնվող գերեվարվածների կամ հայ պատանդների վերաբերյալ Եվրոպական դատարան ներկայացված առաջին բողոքն էր:  Բողոքը ներկայացվել էր 2011թ.-ին, և մոտ 9 տարի պահանջվեց ՄԻԵԴ-ից վերջնական դատական ակտ ստանալու համար:


Եվրոպական դատարանի (ԵԴ) վճռով հաստատվել է, որ Մ. Սարիբեկյանին սպանել են բանտի աշխատակիցները: Ադրբեջանի Հանրապետությունը միտումնավոր քննություն չի կատարել սպանության հանգամանքները պարզելու համար, որովհետև նա հայ էր: Այսինքն, նրան սպանել են ռասիստական դրդումներից ելնելով: ՄԻԵԴ-ը Ադրբեջանին պարտավորեցրել է Մ. Սարիբեկյանի կյանքի իրավունքը խախտելու համար 60 000 եվրո տրամադրել նրա ծնողներին: Նաև՝ քննություն իրականացնել և պատժել մեղավորներին, որը, փաստաբանի ասելով, այսօր Ադրբեջանի համար անհաղթահարելի պարտավորություն է:


Հիշեցնենք, որ 2010թ. սեպտեմբերի 11-ին, Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Թթուջուր գյուղի բնակիչ, 1990թ․ ծնված 20-ամյա Մանվել Սարիբեկյանը անհայտ պայմաններում գերեվարվել էր Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից։ Նա անասուններին է փնտրել Տավուշի մարզի սահմանամերձ գոտում ու հայտնվել հակառակորդի մոտ: Սարիբեկյանի ծնողները հավատացած էին, որ նա ոչ թե մոլորվել է, այլ հայկական հատվածում առեւանգվել ադրբեջանցիների կողմից:


Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել էր, որ Մանվելը հետախույզ է եւ գերեվարվել է ԼՂ հյուսիսարեւելյան հատվածից հայերի իրականացրած դիվերսիոն գործողության արդյունքում: Ադրբեջանցիները հարցազրույց էին կազմակերպել Սարիբեկյանի հետ, որտեղ երիտասարդը հայտարարել էր, թե լրտես է: Մոտ մեկ ամիս հետո, հոկտեմբերի 5-ին այդ երկրի ՊՆ-ն ու զինդատախազությունը հաղորդագրություն տարածեցին, թե իբր Սարիբեկյանը նախնական կալանքի վայրում ինքնասպանություն է գործել՝ կախվելով:


Ադրբեջանում գտնվելու ամբողջ ընթացքում ադրբեջանական իշխանությունները Միջազգային կարմիր խաչի ընկերությանը թույլ չեն տվել այցելել Մանվել Սարիբեկյանին: Նոյեմբերի 4-ին նրա դիակը փոխանակվեց Հայաստանում գտնվող ադրբեջանցի, քաղաքացիական անձ Էլդար Թաղիեւի հետ: Հայաստանի գլխավոր դատախազությունը հայտարարեց, որ Սարիբեկյանի դին լավ պահպանված չի եղել, դատաբժշկական փորձաքննության արդյունքում պարզվել էր, որ երիտասարդը ենթարկվել է խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի:


Փաստաբան Արա Ղազարյանն ասում է, որ ՄԻԵԴ-ը վճռում կարևոր ձևակերպումներ է արել՝ նշելով, որ Եվրոպական կոնվենցիան վավերացրած երկու պետությունները պարտավոր են համագործակցել: Երկու պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը, ըստ ՄԻԵԴ վճռի, հիմք չէ, որպեսզի Ադրբեջանը հրաժարվի կոնվենցիայի խախտման դեպքերի վերաբերյալ Հայաստանի հետ համագործակցությունից: Այսինքն, եթե երկու պետությունների միջև մարդու իրավունքների հիմնարար խախտումներ են տեղի ունենում, և Հայաստանը իրավական փոխօգնության վերաբերյալ օգնություն է խնդրում Ադրբեջանից, իսկ վերջինս մերժում է՝ նախապայմաններ առաջադրելով համագործակցելու համար, նման փաստարկներն այլևս իրավական ուժ չունեն:


Ամիսներ առաջ «Հետք»-ին տված հարցազրույցում փաստաբանը հպանցիկ անդրադարձել էր ԵԴ-ից Մ. Սարիբեկյանի գործին վերաբերող փաթեթի անհետացմանը: Այժմ, երբ գործի քննությունն ամբողջությամբ ավարտված է և այլևս կաշկանդող հանգամանքներ չկան, նա ավելի մանրամասն ներկայացրեց փաթեթի անհետացման պատմությունը:


«2011թ.-ի մայիսի 10-ին դիմում ներկայացրի ԵԴ՝ խնդրելով, որ ֆիքսեն այդ օրը որպես բողոքը ներկայացնելու օր: Նամակով նաև խնդրել էի դիմումն ուղարկելու օր սահմանել: Սովորաբար երկու ամիս էր տևում մինչև պատասխանում էին և հունիսին պետք է ԵԴ-ի պատասխանը ստանայինք, սակայն անցավ ևս երկու ամիս և պատասխան չստացանք: Սեպտեմբերի 8-ին ֆաքս ուղարկեցի Եվրոպական դատարան և խնդրեցի շտապ ժամկետ տրամադրել, միաժամանակ այդ ընթացքում գանգատը պատրաստում էի»,- հայտնեց Ա. Ղազարյանը:


Ֆաքսին նույնպես չեն պատասխանում, բայց սեպտեմբերի 25-ին Ա. Ղազարյանը փոստով նամակ է ստանում, որում ասվում էր՝ երևի տեղյակ չեք, որ ՄԻԵԴ-ը ձեզ հունիս ամսին պատասխանել է և բողոքը ներկայացնելու համար ժամկետ է սահմանել՝ մինչև հուլիսի 10-ը: Ապա նշում են, թե քանի որ պատասխանը չեք ստացել՝ նոր ժամկետ ենք սահմանում և 2 օր ժամանակ տալիս: Ա. Ղազարյանն ասում է, որ բողոքն արդեն պատրաստ էր, սահմանված ժամկետում այն ուղարկել է:


Դրանից հետո Եվրոպական դատարանի նախագահին է նամակ ուղարկել՝ հայտնելով, որ դատարանի փաթեթը չի ստացել, և շատ կասկածելի է այդ ամենը: «Ֆաքսին նույնպես չեք պատասխանել, այլ փոստով եք պատասխանն ուղարկում՝ լավ իմանալով, որ ձեր պատասխանը 15 օրից շուտ չի հասնի ինձ»,-գրել է փաստաբանը: Հայտնել է, որ միտում է տեսնում կատարվածում, կարծում է, որ ինչ-որ մեկը դատարանի նամակն առևանգել է:


«Ես գիտեի, որ ադրբեջանցիներն են առևանգել ԵԴ-ի նամակը, հետո փաստվեց, որ այն շենքից դուրս էր եկել, բայց ինձ չէր ուղարկվել: Հաշվարկել էին, որ ես դատարանի սահմանած ժամկետը կխախտեմ՝ բաց թողնելով գանգատի համար սահմանված  վեցամսյա ժամկետը, և գործը քննության չի ընդունվի: Երևի չէին մտածել, որ ԵԴ-ի նախագահին դիմում կուղարկեմ»,- ասում է Ա. Ղազարյանը:


Փաստաբանը ԵԴ-ի նախագահին խնդրել է հետաքննություն իրականացնել և պարզել, թե որտեղ է փաթեթը, որն ուղարկել են և ինչու են իր ֆաքսին ուշացումով պատասխանել: ԵԴ-ում քննություն են սկսել այս դեպքով։ Պարզվել է, որ մինչ այդ օրը փաթեթը եղել է Ստրասբուրգում, ԵԴ-ի ներսում: Այդ տարվա դեկտեմբերի 25-ին Արա Ղազարյանը ստացել է ԵԴ-ից կորած փաթեթը, որը դրանից մեկ օր առաջ էր մտել Հայաստան և հաջորդ օրը հանձնվել իրեն:


«Իմ կասկածները հաստատվեցին: Երբ գործն արդեն կոմունիկացվել էր, Ադրբեջանը աղմուկ բարձրացրեց, որ վեցամսյա ժամկետը բաց եմ թողել: ԵԴ-ն իր վճռում անդրադարձել է նաև ժամկետների հարցին և նշել, որ մենք բողոքը սահմանված ժամկետում ենք ներկայացրել»,- պատմում է փաստաբանը:


Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը, բացի Մանվել Սարիբեկյանի գործից, Ադրբեջանի Հանրապետությունում գտնվող հայ պատանդների ծնողների անունից ևս մի քանի բողոք է ներկայացրել ՄԻԵԴ՝ Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանին առևանգելու, այս տարվա հուլիսի 8-ին Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ գյուղի բնակիչ Նարեկ Սարդարյանին առևանգելու գործերով: Փաստաբանը ՄԻԵԴ է դիմել նաև ադրբեջանցի զինծառայողի կողմից 2016թ. դեկտեմբերի 29-ին Տավուշի մարզի Չինարի գյուղի դիրքերում սպանված 3 զինծառայողների գործերով, 2016թ.-ի ապրիլյան պատերազմի ժամանակ մի խումբ զոհված զինծառայողների, նաև՝ այդ օրերին բնակավայրերը  ռմբակոծելու հետևանքով տուժած խաղաղ բնակիչների գործերով:




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր