Հետախուզման մեջ գտնվող Միքայել Մինասյանին, եթե հայտնաբերեն, կկալանավորեն
Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Միքայել Մինասյանը կկալանավորվի։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, բավարարել է Միքայել Մինասյանին կալանավորելու մասին քննիչի միջնորդությունը։ Տեղեկությունը հաստատեցին դատախազությունից։
Նշենք, որ նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Նախաքննական մարմինը նաև նախկին դեսպանին կալանավորելու միջնորդություն էր ներկայացրել դատարան։
Հիշեցնենք` հունիսի 4-ին Մինասյանի փաստաբան Միհրան Պողոսյանը հայտնել էր, որ Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Սերգեյ Մարաբյանի, վերացրել է Միքայել Մինասյանին կալանավորելու որոշումը, որը կայացրել էր Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանը։
Դրան հաջորդել էր ՊԵԿ ն նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի մեկնաբանությունը, թե նախնական տեղեկություններով` Վերաքննիչը Մինասյանի պաշտպանների` կալանքի վերաբերյալ միջնորդության քննության հարցը վերադարձրել է Առաջին ատյանի դատարան, ոչ թե բեկանել այն։
Իսկ հուլիսի 29-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Միքայել Մինասյանի կալանավորումը մերժելու վերաբերյալ դատախազության ներկայացրած բողոքը։
Մինասյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՊԵԿ–ի քննչական վարչությունում քննվող քրգործի շրջանակում միանգամից 3 հոդվածով: Պետեկամուտների կոմիտեն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Մինասյանը մեղադրվում է ապօրինի հարստացման, հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու և հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքն օրինականացնելու մեջ։