Անկարայի կատաղի աջակցությունը Բաքվին ստեղծում է վտանգ․ Վատագույն սցենարի դեպքում կարող են ներառվել նաև տարածաշրջանային երկրները
![](https://armlur.am/wp-content/uploads/2015/10/uorlik.jpg)
Միացյալ Նահանգներն ու միջազգային հանրությունը կոչ են անում հակամարտության կողմերին անհապաղ դադարեցնել կրակը և նստել բանակցային սեղանի շուրջ: ԱՄՆ պետքարտուղարության մամլո խոսնակ Մորգան Օրտագուսը պետքարտուղարության հայտարարության մեջ նախազգուշացնում է՝ երրորդ ուժերի ներգրավումը հակամարտությունում կնպաստի տարածաշրջանային լարվածության աճին:Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Ջեյմս Ուորլիկը իրավիճակը գնահատում է ծայրահեղ լարված: Մտահոգիչ են հակամարտության ընդլայնման հավանականությունն ու կիրառվող մահացու զինատեսակները, որոնք սպառնում են նաև խաղաղ ազգաբնակչությանը: Բանակցային գործընթացն ու կողմերի միջև կապի բացակայությունն, ըստ դեսպան Ուորլիկի, հանգեցրեց ռազմական բախումների վերսկսմանը: Վատագույն սցենարի պարագայում, ըստ դեսպանի, դրանք կարող են ներառել նաև տարածաշրջանային երկրները:
«Կողմերը պետք է հավատարիմ լինեն խաղաղությանը և լուրջ բանակցային գործընթաց նախաձեռնեն, որը տեղի չէր ունենում որոշ ժամանակ»,- ասում է Ուորլիկը:
Վերլուծաբան Փոլ Սթրոնսկին լարվածության հիմքում է տեսնում մի շարք գործոններ, ներառյալ կողմերի միջև լարվածության ու ագրեսիվ հռետորաբանության աճը վերջին շրջանում, միջազգային իրավիճակի սրումն ու մեծ քանակությամբ մահաբեր զենքերի կուտակումը կողմերի ձեռքում:
Սոցիալ-տնտեսական իրավիճակի վատթարացումը կորոնավիրուսի համավարակի պայմաններում ևս զգալիորեն նպաստեց այս զարգացումներին: Մասնվորապես, Ադրբեջանում, ըստ վերլուծաբանի, տնտեսական դժվարությունները խափանեցին պետության և հասարակության միջև հաստաված սոցիալական պայմանագիրը, ըստ որի, ժողովրդավարության բացակայությունը փոխարինվում էր սոցիալական բարեկեցությամբ և Ղարաբաղի վերադարձի խոստումներով: Ըստ վերլուծաբանի, պատերազմը հնարավորություն է տալիս շեղել հանրության ուշադրությունը նման խնդիրներից:
Հակամարտության ընդլայնման առումով Փոլ Սթրոսկին ընդգծում է՝ Թուրքիան և Ռուսաստանը չեն ցանկանում ուղակիորեն ներգրավվել հակամարտության մեջ միմյանց դեմ, սակայն Անկարայի կատաղի աջակցությունը Բաքվին ստեղծում է նման վտանգ: Վերլուծաբանի կարծիքով նման սցենարից խուսափելու համար դիվանագիտական տարբեր խողովակներով այժմ ընթանում են քննարկումներ, քանի որ լայնածավալ տարածաշրջանային բախումը Հարավային Կովկասում չի բխում որևիցէ մեկի շահերից:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին, վաղ առավոտյան Ադրբեջանը խախտելով հրադադարի ռեժիմը, Լեռնային Ղարաբաղի սահմանագծի ողջ երկայնքով նախաձեռնել է լայնածավալ ռազմաօդային և հրետանային ագրեսիվ հարձակումներ։ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների արդյունքում կան տասնյակ զոհեր, այդ թվում խաղաղ բնակիչներ։