«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

08 հոկ 2020 14:44

Վարչապետի անսպասելի գրառումը և որոշումը.Քյարամյանի անարդյունավետ աշխատա՞նքը, թե՞ ավելի վատ՝ ներգրավվածությունը որևէ հակապետական սխեմայի մեջ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կայացրել է որոշում Արգիշտի Քյարամյանին ԱԱԾ պետի պաշտոնից հեռացնելու և նրա փոխարեն պետի ժամանակավոր պաշտոնակատար Միքայել Համբարձումյանին նշանակելու մասին, որը մինչ այդ ԱԱԾ տնօրենի տեղակալն էր: Ասել, որ պատերազմի ընթացքում ԱԱԾ պետի փոփոխությունը հույժ կարևոր որոշում է և թերևս թելադրված է խիստ անհրաժեշտությամբ, եթե պատերազմի պայմաններում կայացվում է այդպիսի որոշում՝ նշանակում է թերևս չասել ոչինչ:

Այդ փոփոխության մասին թերևս շատ բան ասել է հենց ինքը՝ վարչապետ Փաշինյանը, դրանից ժամեր առաջ արված ֆեյսբուքյան բավականին անսպասելի գրառումով: Դա այն մասին էր, որ պատերազմի ժամանակ ինչ-որ մարդիկ եղել են դիրքերում և զինվորներին փորձել են համոզել, թե «Նիկոլը հողերը ծախել» է, և պատերազմն ընդամենը բեմականացում է, իսկ զինվորները՝ դրա զոհերը: Ըստ վարչապետի գրառման՝ այդ մարդիկ, «ըստ որոշ տեղեկությունների՝ զինվորներին համոզելով, նույնիսկ հրամայելով ստիպել են որոշ մարտական դիրքեր թողնել թշնամուն: Իմ հանձնարարությամբ ԱԱԾ-ում սկսվել է հետաքննություն, և գործող գլխավոր անձանցից մեկը, որ Ստեփանակերտի բնակիչ է, հայտնաբերվել և ձերբակալվել է Երևանում»:

Սա Գերագույն գլխավոր հրամանատարի իսկապես անսպասելի գրառում է և թերևս էապես անհրաժեշտ համարված գրառում, որ արել է վարչապետ Փաշինյանը: Հատկանշական է, որ նախօրեին վարչապետը նաև հեռախոսազանգեր էր ունենում առաջնագիծ՝ խոսելով զինվորների և հրամանատարների հետ: Ընդհանրապես, անցնող պատերազմական օրերին հանրության շրջանում տարբեր խոսակցությունների մակարդակով շրջանառվում էր այն, որ կան որոշակի տարօրինակ դրսևորումներ, տարբեր խմբեր, որոնք ծավալում են անհասկանալի գործունեություն:

Վարչապետի գրառումը գործնականում հաստատում է երկու բան՝ նախ, որ այդ խոսակցությունները չեն եղել անհիմն, և երկրորդ՝ ազգային անվտանգության մարմինները կարողացել են հավաստանշել խնդիրներն ու վերցնել իրավիճակը վերահսկողության տակ՝ կատարելով նաև ձերբակալություններ: Ըստ ամենայնի հենց այն հանգամանքը, որ իրավիճակը ԱԱԾ-ն վերցրել է իր լիակատար վերահսկողության ներքո, թույլ է տվել վարչապետ Փաշինյանին բարձրաձայնել խնդրի մասին:

Միևնույն ժամանակ, դրանից հետո ԱԱԾ պետ Քյարամյանի պաշտոնանկությունը առնվազն առաջացնում է հարց՝ դրա պատճառը եղել է Քյարամյանի անարդյունավետ աշխատա՞նքը, որի հետևանքով ծագել է խնդիրը, թե՞ ավելի վատ՝ ներգրավվածությունը որևէ հակապետական սխեմայի մեջ: Քննությունը կպարզի դրա մասշտաբը: Միաժամանակ կարևոր է վարչապետի կոչը, որպեսզի քաղաքացիները որևէ կասկածելի և տարօրինակ պահվածքով անձի կամ խմբավորման պարագայում նախ լինեն զգոն, միևնույն ժամանակ հայտնեն անվտանգության կառույցներին՝ նաև հետին թվով, այսինքն՝ եթե այս ընթացքում նշմարել են այդպիսի պահվածք:

Մեծ հաշվով, անշուշտ, որևէ անսպասելի բան չկա, որ թշնամին փորձում է գտնել հող նաև ներսում՝ թիկունքում. դա պատերազմների օրենքն է: Եվ շատ կարևոր է, որ պետությունը փաստորեն պատրաստ է նաև այդ ճակատում լիարժեք հարված հասցնել թշնամուն: Իհարկե, այստեղ նաև պետք է հստակ և լիարժեք պարզել, թե հատկապես ում կամ ինչի՞ վրա է հենվել թշնամին, եղե՞լ է այդ շարքում քաղաքական շահագրգռություն ոմանց մոտ, կա՞ն այլ արտաքին թելեր, ո՞ւր են դրանք տանում և այլն:

Առայժմ հարկ է արձանագրել ԱԱԾ վերահսկողության հանգամանքը և իրավիճակի տիրապետումը: Մնացյալ հարցերը քննությունից և պատերազմում հաղթանակից հետո, բոլոր հարցերը՝ մեկ առ մեկ, անուն առ անուն, և պատասխանները:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր