Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

12 հոկ 2020 12:33

Հրադադարի ռեժիմը տապալվեց.Հաղթանակը մերն է լինելու, այդպես էլ փոխանցեք աշխարհին.Коммерсантъ

Հրադադարի ռեժիմը, որի վերաբերյալ որոշումը կայացվել էր Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների մասնակցությամբ, գրեթե տապալվեց, Ստեփանակերտից ներկայացնում է Коммерсантъ-ի թղթակից Ալեքսանդր Չորնիխը:


Հրադադարը պաշտոնապես սկսվել է 12:00-ին, և արդեն մի քանի ժամ անց մարդիկ վերադարձել էին Ստեփանակերտի փողոցներ: Կենտրոնում՝ ռումբի պայթյունի հետանքով քանդված ծաղկի խանութի հարևանությամբ, շինարարական կռունկ է աշխատում: Տարեց տղամարդիկ պայթյունների հետևանքով կտրված մետաղալարերն են ձգում:


«Նախկինում մենք նման շքեղություն չունեինք՝ մեքենա բերել, փողոցում երկար գտնվել: Սովորաբար փորձում ենք ավելորդ անգամ փողոցում երկար չմնալ, արագ-արագ քայլում ենք, ոչ մի տեղ երկար չենք մնում, շենքերից հեռու չենք գնում: Հենց ազդանշանը միանում է անմիաջապես մտնում ենք մոտակա նկուղը: Իսկ հիմա քաղաքը սկսում է կառուցվել: Միգուցե կհասցնենք բջջային կապը վերականգնել, եթե հրադադարը ձգվի»,-պատմել է քաղաքի բնակիչներից մեկը:


Արցախցի 58-ամյա Գառնիկը վաղուց ընտանիքը տեղափոխել է «անվտանգ վայր», իսկ ինքը մնացել է քաղաքում, շարունակում է ապրել տանը, թեկուզև առանց պատուհանների:


«Ես ծառայել եմ, վաղուց թոշակի եմ անցել տարիքի պատճառով, սակայն չեմ կարող հեռվում մնալ, նայել՝ ինչպես են մեր տղաները զոհվում: Աչքերս արդեն վատ են տեսնում, կրակել չեմ կարող, սակայն կարող եմ այլ աշխատանք անել»,-բացատրել է նա:


Նա պատուհանից ցույց է տալիս մանկապարտեզները՝ զարմանալով, թե ինչու են իրենց թաղամասը ռմբակոծել. այնտեղ ոչ մի ռազմական օբյեկտ չկա: Սակայն ինքն էլ անմիջապես բացատրում է: «Նրանց պետք է խուճապ առաջացնել, սարսափ տարածել, որպեսզի մարդիկ չդիմանան և փախչեն այստեղից ընդմիշտ, որպեսզի լքեն Ղարաբաղը և այստեղից հեռանան: Դա նախևառաջ հոգեբանական հարձակում է, երբ գնդակոծում են քաղաքացիական բնակչությանը»,-ասում է Գառնիկը:


Լեռնային Ղարաբաղի մամուլի կենտրոնում լրագրողներին զգուշացնում են հատկապես զգույշ լինել փոստային շենքերի մոտակայքում:


«Դա կապ է, այդ պատճառով էլ դրանց ուղղությամբ նպատակաուղղված են խփում»,-նշել են կենտրոնում:


Լրագրողը նկատում է, որ իսկապես փոստային բաժանմունքներից մեկը վնասված է բեկորներով, մոտակայքում մի շարք վնասված ավտոմեքենաներ են:


Ապաստարաններից մեկում, որտեղ թաքնվում են լրագրողները, մի կին նրանց սուրճ է հյուրասիրում:


«Դուք կարո՞ղ եք պատկերացնել, որ 21-րդ դարում արթնանում եք ձեր տանը Մոսկվայում, ձեր հեռախոս-համակարգիչներով, իսկ հետո արկեր են ընկնում, և դուք պետք է վազեք նկուղ: Իսկ մենք հենց այդպես էլ ապրում ենք: Բայց մենք միևնույնն է հաղթելու ենք, հենց այդպես էլ գրեք: Քանի որ սա մեր հողն է: Մինչև վերջին տարեցը կպայքարենք, ես անձամբ զենք կվերցնեմ: Եվ մենք կհաղթենք: Հաղթանակը մերն է լինելու, սա մեր հայ-ղարաբաղյան հայրենական պատերազմն է: Այդպես էլ փոխանցեք աշխարհին»,-ասում է արցախցի կինը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր