Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Տեսանյութ.Տավուշում պայմանագրային զինծառայողներ են միացել պայքարին       Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք    

14 հոկ 2020 12:33

Ինչու են ՌԴ-ի հայտնի հայերը լռում. չլսեցինք Ջիգարխանյանի, Եվգենի Պետրոսյանի, Մարգարիտա Սիմոնյանի խոսքը

Ռուսաստանի հայկական համայնքը, հայկական կազմակերպությունները շատ բան են անում հայրենիքի համար, ամեն մեկն իր հնարավորության սահմաններում օգնում է։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Russia-armenia.info լրատվական կայքի խմբագիր, հասարակական գործիչ Արամ Խաչատրյանը։

Նրա խոսքերով՝ Ռուսաստանի հայերը գումարներ են հավաքում, ուղարկում Հայաստան, մարդասիրական օգնություն են ուղարկում՝ շորեր, դեղորայք, տարբեր պիտույքներ, որոնք շատ անհրաժեշտ են Արցախին ու Հայաստանին։

«Կարող եմ ասել, որ Ռուսաստանի հայկական Սփյուռքը դարձել է մեկ բռունցք, և ամեն մեկն ուզում է ցույց տալ իր նվիրվածությունը Հայաստանին, ամեն մեկը ցավում է։ Մենք առաջին անգամ այսքան մոտիկից Հայաստանի ու Արցախի ցավն ենք զգում։ Կան մարդիկ, որոնք գնում են Հայաստան, որպեսզի կամավոր գրվեն ու կռիվ տան Արցախի ազատության համար։

Ադրբեջանական սփյուռքն իր հերթին հակահայկական քարոզչություն է անում։ Իրենց կողմից վարձված քաղաքագետները ամեն օր խոսում են, փորձում են պաշտպանել Ադրբեջանի շահերը։ Հայկական Սփյուռքում կան դժգոհություններ, որ շատ լրատվական ռեսուրսներ, գործակալություններ ագրեսորի և զոհի միջև հավասարության նշան են դնում»,- ասաց Արամ Խաչատրյանը։

Նա ցավով արձանագրեց, որ այս օրերին հայերը քիչ ունեն ռուս ընկերներ, արտիստներ, բարեկամներ, որոնք կարող են իրենց խոսքն ասել հայ ժողովրդի պաշտպանության համար։ «Մենք ընդամենը մի քանի հոգուց ենք լսել դա։ Մենք գիտենք, որ Վլադիմիր Սոլովյովն իր խոսքն ասաց, Պոզներն ասաց, Զատուլինն ասաց, որ հայ ժողովրդի իսկական բարեկամներից է, ամեն տեղ պաշտպանում է հայերի շահերը։ Բայց շատ ցավալի է, որ մենք մտածում էինք, որ շատ մտավորականներ, այդ թվում՝ հայ, իրենց խոսքը կասեն, բայց այդպես էլ դա չլսեցինք։ Ցավալի է, որ շատ հայտնի հայեր իրենց խոսքը չասացին։ Նկատի ունեմ Արմեն Ջիգարխանյանին, Եվգենի Պետրոսյանին, Մարգարիտա Սիմոնյանին։

Եթե վերջինս իրեն հայ է համարում, իրեն թույլ է տալիս քննադատել Հայաստանին, ապա այս դեպքում նա պետք է խոսեր։ ՏԱՍՍ-ի գլխավոր խմբագրի տեղակալ Գուսմանը, որ ազգությամբ հրեա է, հրապարակավ աջակցեց ադրբեջանցիներին։ Նա արդեն 50 հազար դոլար է ուղարկել ադրբեջանական բանակին։ Իսկ որտե՞ղ են մեր հայերը, որոնք պետք է հանդես գային, դատապարտեին Ադրբեջանի ագրեսիան։ Շնորհակալություն Գարիկ Մարտիրոսյանին, որ ասաց իր խոսքը, իսկ մյուսները չկան։ Ես մյուսների հրապարակային խոսքը չեմ լսել»,- ընդգծեց Արամ Խաչատրյանը։

Նա նկատեց, որ տարբեր երկրներում հայերը հզոր ցույցեր են անում, ԱՄՆ-ում 150 հազար մարդ էր փողոց դուրս եկել, իսկ Ռուսաստանում լռություն է։ «Ես չեմ ուզում այդ պահերը քննարկել, բայց միևնույն է հնչում են դժգոհություններ, թե ինչու այստեղ հայերը չեն կազմակերպում ցույցեր։ Մեր եկեղեցին, դեսպանատունը հայտարարում են, որ, հաշվի առնելով Ռուսաստանում ստեղծված բարդ իրավիճակը, չեն ուզում էլ ավելի բարդացնել վիճակը։ Ես դա չեմ ուզում մեկնաբանել, բայց մի բան կարող եմ ասել, որ մենք աջակցում ենք արտասահմանում գտնվող հայ համայնքներին, որոնք հանդես են գալիս Թուրքիայի ագրեսիվ քաղաքականության դեմ, Ադրբեջանի դեմ։ Վերջում ուզում եմ ասել, որ հայկական Սփյուռքը միլիոններ են, և նրանք հարյուրներով, հազարներով մեկնում են Հայաստան՝ միանալու կամավորներին»,-ասաց նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր