Այնուամենայնիվ, ինքնաթիռն անցել է Թուրքիայի օդային տարածքով ու ամերիկահայերի օգնությունը հասցրել Հայաստան
Ադրբեջանի սանձազերծած պատերազմից Արցախում տուժած խաղաղ բնակիչների համար ամերիկահայերի հավաքած մարդասիրական բեռը հասավ Հայաստան: Տեղեկությունը հայտնում է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի մամուլի ծառայությունը։
Մասնավորապես մարդասիրական բեռով «Քաթար էյրվեյզ» ավիաընկերության ինքնաթիռը հոկտեմբերի 19-ին, Երևանի ժամանակով ժամը 12:17-ին ժամանել է Հայաստան:
«Բեռնափոխադրումն ի վերջո հնարավոր դարձավ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի և ԱՄՆ հայ համայնքի հետևողական ջանքերով, շուրջօրյա ու պահանջկոտ աշխատանքի շնորհիվ: Թուրքիայի կողմից նախորդ անգամ հարուցված խնդիրների մասին Քաղավիացիայի կոմիտեն տեղեկացրել է «EUROCONTROL»- աերոնավիգացիոն անվտանգության կազմակերպությանը, համագործակցել է ԱՄՆ հայ համայնքի հետ, «Քաթար էյրվեյզ» ավիաընկերության հետ: Այսօր արձանագրում ենք փաստը, որ մարդասիրական բեռ տեղափոխող ինքնաթիռն անցավ Թուրքիայի օդային տարածքով»,- նշել է Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը:
Հոկտեմբերի 15-ին նույն բեռը տեղափոխելու համար նախատեսված չվերթը չէր կայացել, ինչի առնչությամբ ավիաընկերությունը հիմնավոր պատճառ չէր նշել: Ավելի ուշ պարզվել էր, որ օդանավը պետք է անցներ Թուրքիայի օդային տարածքով, որը խոչընդոտներ էր հարուցել Հայաստան տեղափոխվող հումանիտար բեռի համար:
Նշենք, որ օրեր առաջ ԱՄՆ–ից Հայաստան էր եկել 20 տոննա օգնություն, որը պարունակում էր դեղորայք, վիրաբուժական և բժշկական սարքավորումներ, շարժական ռենտգեն սարքավորումներ, հիվանդանոցային մահճակալներ, քնապարկեր, տաք ձմեռային հագուստ և շարժական գեներատորներ։
Արցախի համար հումանիտար օգնություն էր եկել նաև Ռուսաստանի Դաշնության Միներալնիե Վոդի քաղաքի հայ համայնքի ջանքերով։
Այս պահի դրությամբ «Հայաստան» հիմնադրամում հավաքվել է ավելի քան 130 միլիոն դոլար։ Հանգանակություններ կատարել հնարավոր է հետևյալ լինքով` https://www.himnadram.org/en։ Գումարն ուղղվում է Արցախի պաշտպանության բանակին և պատերազմից տուժած արցախցիներին։