Երեւանն ու Բաքուն պարտավորվել են Ղարաբաղի շուրջ վեճը լուծել խաղաղ. ԵԽ գլխավոր քարտուղար

«Հայաստանն ու Ադրբեջանը հանդիսանում են Եվրոպայի խորհրդի անդամներ: Երկու երկրներն էլ մեր կազմակերպության առջեւ պարտավորություն են ստանձնել հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու համար: Եվ երկու երկրներն էլ պարտավոր են պահպանել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան»,- ասել է նա: «Այդ տարածքում մարդու իրավունքների պահպանումը կենսական կարեւոր եւ իրավական պարտավորություն է»:
Պեյչինովիչ-Բուրիչի խոսքով՝ այս հակամարտության համատեքստում բարձրացվում է վիճահարույց տարածքներում մարդու իրավունքների ապահովման ավելի լայն խնդիրը: «Անկախ քաղաքականությունից, այնտեղ ապրող մարդիկ պետք է ապավինեն մարդու իրավունքների, ժողովրդավարության եւ օրենքի գերակայության նույն չափորոշիչներին, ինչպես Եվրոպայի ցանկացած բնակիչ: Ազգային իշխանությունները պարտաոր են ապահովել դա: Եվ Եվրոպայի խորհուրդը պետք է անկաշկանդ մուտք ունենա այս տարածքներ, որպեսզի մենք կարողանանք գնահատել իրավիճակը եւ տրամադրել համարժեք օգնություն»:
ԵԽ գլխավոր քարտուղարը նշել է, որ հակամարտությունների եւ տարածքային վեճերի լուծումը իր կազմակերպության իրավասությունների մեջ չի մտնում: Սակայն նա ընդգծել է, որ այս պաշտոնում իր մանդատի առաջնահերթություններից է համարում վիճահարույց տարածքներում մարդու իրավունքների պահպանման խնդրի կարգավորումը: