Ստեփանակերտն անպաշտպան էր մնացել, դրա հիման վրա է կայացվել այդ որոշումը, մեր հազարավոր զինվորներին կմնային շրջափակման մեջ

«Ըստ էության, մի իրավիճակում, երբ Ստեփանակերտն անպաշտպան էր մնացել, դրա հիման վրա է կայացվել այդ որոշումը: Ունեինք իրավիճակ, երբ Ստեփանակերտը գտնվում էր ուղիղ սպառնալիքի տակ, եւ ԶՈՒ ԳՇ եւ Արցախի նախագահի գնահատականն այն էր, որ շատ թույլ է պաշտպանված, կամ սիմվոլիկ է պաշտպանված Ստեփանակերտը: Եթե հանկարծ տեղի ունենար Ստեփանակերտի առումը, դա մեր հազարավոր զինվորներին կթողներ շրջափակման մեջ: Արդյունքում մենք կկորցնեինք այն մնացածը, ինչ-որ այդ փաստաթղթով արձանագրված է։
Եթե պատերազմը շարունակվեր, ըստ էության, Ստեփանակերտն անպաշտպան էր, Ասկերանն անպաշտպան էր, Մարտունիում պաշտպանությունը շատ անկայուն էր, եւ շատ մեծ էր հավանականությունը, եւ այդպիսին էր նաեւ ԳՇ-ի գնահատականը, Արցախի նախագահի գնահատականը, որ եթե չկանգնեցնեն, կամ Ասկերանով, կամ Մարտունիով մեր երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ միգուցե վեցերորդ, յոթերորդ պաշտպանական շրջանները կարող էին հայտնվել շրջափակման մեջ: Այդ դեպքում հազարավոր զինվորների կյանքը կհայտնվեր վտանգի տակ»,-հայտարարեց վարչապետը:
Նրա խոսքով՝ Շուշիի անկումից հետո 2 անգամ քաղաքը հետ վերադարձնելու փորձեր են արվել… «Շուշին անցավ հակառակորդի հսկողության տակ, որից հետո մի հակագրոհ եղավ մեր կողմից, որը ձախողվեց: Հաջորդ օրը մեր ջոկատներից մեկին հաջողվեց մուտք գործել Շուշի: Բայց մեծ հաշվով իրադրությունը չի հաջողվել փոխել»։
Փաշինյանն անդրադարձավ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը, որ Շուշիի շուրջ դավադրություն է եղել. «Ասել է, թե իբր հոկտեմբերի 28-ին, երբ Շուշին դեռ կանգուն էր, Ռուսաստանը պատրաստ էր խաղաղապահներ տեղակայել ԼՂ-ում, բայց ես չեմ համաձայնվել եւ համաձայնվել եմ միայն այն ժամանակ, երբ Շուշին արդեն կորսված է եղել: Սա բացարձակ անհեթեթություն է, որը կոնկրետ փաստերով է արձանագրվում: Ես դեռեւս հոկտեմբերի 22-ին ռուսական «ՌԻԱ նովոստիին» տված հարցազրույցում հայտարարել եմ, որ կողմ եմ Ղարաբաղում ռուսական սահմանապահների տեղակայմանը: Նույնը կրկնել եմ հոկտեմբերի 25-ին հնդկական ՎԻՈՆ հեռուստատեսությանը տված հարցազրույցում: Հետեւաբար, որեւէ կերպ հոկտեմբերի 28-ին չէի կարող որեւէ կերպ դեմ արտահայտվել խաղաղապահների տեղակայմանը: Սա պարզ տրամաբնություն է»,- ասաց նա:
Փաշինյանն հիշեցրեց, որ Գագիկ Ծառուկյանը, երբ բանտից դուրս եկավ, հայտարարեց, որ կամավորական ջոկատ է կազմելու եւ անձամբ է գլխավորելու այդ ջոկատը. «Հետո մենք տեսանք ռեպորտաժ, վերնագիր, որ Ծառուկյանը հանդիպել է կամավորականների հետ, տեսանք Նիվաներ՝ կամուֆլյաժ ներկած, տեսանք Վիլիսներ եւ այլն: Բայց այդպես էլ կարծես թե, չտեսանք կամավորական ջոկատ, առավել եւս Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ Շուշիի մոտակայքում կռվելիս: Գուցե հենց սա՞ է պատճառը, որ Շուշին ընկավ, որովհետեւ այն ջոկատը, որ կռվում էր Շուշիի մոտակայքում, եւ մի խումբն էլ ներս էր թափանցել Շուշի, գուցե եթե բավարար ռեզերվներ լինեին, հնարավոր կլիներ Շուշին պահել: Թերեւս սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ Շուշիի անկման առանցքային պատճառներից մեկը Գագիկ Ծառուկլյանի խոստացած կամավորական ջոկատի բացակայությունն էր Շուշիի մարտում: Սա գուցե մի քիչ սիմվոլիկ, բայց սիմվոլիկ էլ չէ: Բայց քանի որ հրապարակային հայտարարություններին չհետեւեց գործողություն… ես չգիտեմ, թե ինչպես է լինում, որ հրապարակային հայտարարվում է, կամուֆլյաժ Նիվաները ցուցադրվում են, Վիլիսները ցուցադրվում են, հետո ոչ մի բան չի չի լինում: Սրա մեջ կարո՞ղ է դավաճանություն կամ դավադրություն լինել: Համենայդեպս, վարկած է, որը արժանի է քննության: Իսկ գուցե այդ Նիվաները եւ Վիլիսները, եւ ջոկատները ոչ թե Շուշիում գործունեությունը ծավալելու համար են ձեւավորվել, այլ ՀՀ-ո՞ւմ: Համենայնդեպս, եթե այդպես է, այդ փաստը պետք է ստուգվի եւ արժանանա քրեաիրավական գնահատականի, ինչն անպայման տեղի կունենա»,-ասաց նա: