Երուսաղեմի Հայ պատրիարքը նամակով դիմել է Պուտինին` խնդրելով վերադարձնել Շուշին, Հադրութը

Երուսաղեմի հայ պատրիարքը միաժամանակ հիշեցնում է, որ Երուսաղեմում Լույսի տոների ժամանակ արդեն 15 տարի շարունակ ռուսները տեղ են ստանում հայկական մասնաբաժնում՝ այդպիսով ապահովելով սուրբ կրակի ժամանակին Ռուսաստան տեղափոխելը:
Հայֆայի համայնքը տեղի և հյուսիսային քաղաքների հոգևոր հովիվ տեր Տիրայր քահանա Հովակիմյանի գլխավորությամբ պատերազմի ողջ ընթացքում 16 առանձին ծրագրեր է իրականացրել, բացի համընդհանուր համահայկական և համաիսրայելյան դրամահավաքներին մասնակցելը: «Ազատության» հետ զրույցում, անդրադառնալով ՌԴ նախագահի հնարավոր արձագանքին, քահանան ասաց. «Կարծիքը հաշվի կառնեն, որովհետև Երուսաղեմն այն բացառիկ կենտրոններից մեկն է, որն իր ազդեցությունն ունեցել ու ունենում է ընդհանուր աշխարհաքաղաքական պրոցեսների վրա, սակայն պետք է հաշվի առնենք նաև այն համաձայնությունը, ինչ որ եղել է նոյեմբերի 10-ին: Պետք է հաշվի առնենք նաև այն եռակողմ համաձայնագիրը, որը ստորագրվել է նոյեմբերի 9-ին»:
Ռուսաստանը, լինելով քրիստոնյա, նրա կարծիքով` ինչ-որ քայլեր կձեռնարկի այդ ուղղությամբ: Պատերազմի ժամանակ Իսրայելի փոքրաթիվ հայկական համայնքն ավելի քան 250 հազար դոլարին համարժեք օգնություն ցուցաբերեց, և շարունակվում են աշխատանքները հանգանակությունների ու տարբեր ծրագրերի միջոցով՝ Հայաստանին ու Արցախին օգնություն տրամադրելու շրջանակներում: Տեր Տիրայրի փոխանցմամբ` անհրաժեշտ պարագաները մշտապես ձեռք են բերել Հայաստանում. «Մենք չենք ունեցել դրամը ծախսի Իսրայելում, այլ ուզեցել ենք, որ այդ հավաքված գումարը Հայաստանում ծախսվի, այսինքն` տրվի հային, և այդ օգնությունը ծախսվի զինվորին, այսինքն` ծախսել դրամը Հայաստանում, Հայաստանում առևտուր անել և դա հասցնել այնտեղ, որտեղ պետք է: Մինչև պատերազմի ավարտը կատարել ենք 16 փուլից կազմված օգնություն»:
17-րդ փուլում զինադադարից հետո արդեն սկսել են օգնել պատերազմից տուժած արցախցի ընտանիքներին. «Մենք որոշեցինք, որ այն գումարը, որ մնացել է, և այն գումարը, որ պիտի նորից հավաքվի, ուղղենք զոհված հերոսների կարիքավոր ընտանիքներին կամ պատերազմի պատճառով հաշմանդամություն ստացած, նորից կարիքավոր ընտանիքներին: Առաջին օգնությունն արդեն կատարել ենք 17-րդ փուլում 2 ընտանիքի Արցախի, և մեզ համար բնավ կարևոր չէ, թե հայը որտեղից է` Արցախից, Հայաստանից»:
Մոտ մեկ տասնյակ բողոքի ակցիաներ, ցույցեր, երթեր ու մոմավառություններ կազմակերպվեցին Իսրայելի տարբեր քաղաքներում հայկական կազմակերպություններն ու միությունների կողմից, սակայն հրեական մամուլն ու հեռուստատեսությունները լուռ էին ու չէին լուսաբանում դրանք: «Հրեական նորություններում ցույց չի տրվել, վստահ եմ, որ մասնավոր իրենց քաղաքականությունն է այդպես, որպեսզի ցույց չտան, որ հայերը դժգոհ են և այլն, չնայած ամբողջ աշխարհը գիտի, թե հայերի տրամադրություններն ինչ են: Սակայն աշխարհում, ինչպես նկատում եք, լսում են նրան, ով ուժեղ է, և իմ կարծիքն այն է, որ մենք պետք է այնպես ուժեղանանք, որպեսզի մեր ձայնը լսելի լինի», - շեշտում է տեր Տիրայր քահանա:
Իսրայելը տարիներ շարունակ տնտեսական ու ռազմական լուրջ համագործակցություն ունի Ադրբեջանի հետ, որի պատճառով էլ հայերի ձայնը լսելի չէ այստեղ, համոզված է Հայֆայի հոգևոր հովիվը. «Իսրայելը հաշվի չի առնում մեր ցույցերի և բողոքների ձայնը, որովհետև տարիներով գործարքի և զենքի կամ այլ բիզնեսի մեջ է Ադրբեջանի հետ»:
Այստեղ նրա կարծիքով` տասնյակ տարիներ լուրջ բացթողումներ է թույլ տվել Հայաստանի կառավարությունը՝ Իսրայելի նման պետության հետ լուրջ տնտեսական համագործակցությունը բացառելով. «Իմ կարծիքով` եթե մենք ունենայինք այդ բարձր հարաբերությունները, թե զենքի գնելու կամ վաճառելու առումով, թե այլ տնտեսական առումներով, ինձ թվում է, մեր ձայնը լսելի կլիներ և ոչ միայն լսելի կլիներ, նաև դրա պատասխանն էլ կստանայինք: Սա է իմ պատասխանը: Մենք կարող ենք նեղվել իրենցից, սակայն կարևոր կետ կա, որը ցավ է պատճառով մեզ, որ ցեղասպանություն ապրած ժողովուրդը ցավ է պատճառում ցեղասպանություն ապրած ժողովրդի սերունդներին»:
Այս փաստն է, որ չի համատեղվում այս ընդհանուր կոնտեքստի մեջ, և հայերը չեն կարող հասկանալ, թե ինչու է բիզնեսը բարձր գնահատվում Իսրայելում բարոյական ու մարդկային արժեքներից, եզրահանգում է տեր Տիրայրը. «1915թ. ցեղասպանություն տեսած ժողովրդի սերունդներն այսօր պատերազմի մեջ են, և 1945-ի ցեղասպանություն տեսած ժողովրդի սերունդներն օգնում են մյուսներին, որպեսզի վնասեն նաև այդ ցեղասպանություն ապրած ժողովրդի սերունդներին: Սա է, որ ցավ է պատճառում»:
Համաձայնության հայտարարությունից հետո երկրում մի քանի օր լռություն էր տիրում սոցիալական ցանցերում ու հարթակներում, և շոկային իրավիճակն հաղթահարելուց հետո հոգևոր հովիվը կրկին միասնության և հայրենիքին օգնելու ու ուժ տալու կոչերով է հանդես գալիս. «Ճիշտ է, որ բոլոր համայնքներում, ներառյալ մերը պատերազմի ելքը ծանր ցավ պատճառեց, և ինչ-որ մի տեղ հուսահատական խոսքեր կամ զգացումներ լսեցինք:
Սակայն ես բացատրել եմ նրանց, որ մենք իրավունք չունենք հուսահատվելու: Դրանից հետո շարունակվել է, մարդիկ են եղել, որ նորից բերել և նորից գումար են տվել, այսինքն` մարդկանց մեջ դեռ հույսը կա, հավատը կա, և մյուս կողմից էլ իրենք տեսել են, որ իրենց լուման, իրենց դրամը հասել է տեղ: Այսօր այնպիսի իրավիճակում ենք ապրում, որ վստահությունը կարելի է ասել` պակասել է»:
azatutyun.am