Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

03 դեկ 2020 14:23

Գերեվարված զինծառայողները դիտարկվում են մեղավոր՝ մինչ այն պահը, երբ կապացուցեն, որ հանցանք չեն գործել. ինչո՞ւ նրանց գումար չի տրվում

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել օրենքների նախագծերի փաթեթ՝ գերության մեջ հայտնված և անհայտ կորած զինծառայողների ընտանիքների դրամական ապահովության խնդիրը կարգավորելու նպատակով։
Այս մասին Facebook-ի իր էջում գրառում է արել խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Ըստ նրա՝ նախագծով առաջարկվում է գերության մեջ հայտնված կամ ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած զինծառայողների, այդ թվում՝ կամավորական հիմունքներով մարտական գործողությունների մասնակիցների ընտանիքներին հատկացնել ամենամսյա դրամական օգնություն:

Բանն այն է, որ գործող օրենքով նախատեսվում է, որ գերի ընկած պայմանագրային զինծառայողները պահպանում են պաշտոնային դրույքաչափը, որը, սակայն, վճարվում է միայն այն բանից հետո, երբ հաստատվում է, որ նրանք գերության մեջ են հայտնվել ոչ զորամասը, ծառայության վայրը կամ մարտադաշտն ինքնակամ լքելու կամ կամովին գերի հանձնվելու հետևանքով:

«Գործող օրենքով, փաստացի, գերեվարված զինծառայողները դիտարկվում են մեղավոր՝ մինչ այն պահը, երբ նրանք կապացուցեն, որ հանցանք չեն գործել։ Այսինքն՝ խախտվում է Սահմանադրությամբ նախատեսված անմեղության կանխավարկածը։ Ավելին՝ սա բացարձակապես այն վերաբերմունքը չէ, որին արժանի են մեր զինծառայողները»,- օրենքի նախագծերի մասին իր գրառման մեջ նշում է Մարուքյանը:
Բացի այդ, գործող օրենքը որևէ պետական աջակցություն չի նախատեսում անհայտ կորած, գերի ընկած ժամկետային զինծառայողների, կամավորագրված կամ այլ քաղաքացիական անձանց համար, ինչը ևս, ըստ Մարուքյանի, անարդար է:

Օրենսդրական բացը հարթելու ու զինծառայողների սահմանադրական իրավունքը վերականգնելու համար «Լուսավոր Հայաստանը» համապատասխան փոփոխություններ է առաջարկում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին», ինչպես նաև «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքներում:

Նախագծերի փաթեթը դեկտեմբերի 2-ին խմբակցության ղեկավարն ուղարկել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր