Տեսանյութ.Կամավորն Արցախից բերված ինքնաձիգները մոտ 500 դոլարով վաճառելու պայմանավորվածություն է ձեռք բերել.ԱԱԾ

ԱԱԾ հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է.
«Մասնավորապես.
Երեւան քաղաքի բնակիչ Ս.Բ.-ն 2020 թվականի սեպտեմբերի 27-ից որպես կամավոր մասնակցելով Արցախի Հանրապետության դեմ սկսված պատերազմական գործողություններին, մի շարք անձանց հետ ձեռք բերված նախնական համաձայնությամբ, իրացման նպատակով, ապօրինի ձեռք է բերել հրազեն հանդիսացող ինքնաձիգներ, որոնք Արցախի Հանրապետությունից փոխադրել եւ պահել է Երեւան քաղաքում գտնվող իր բնակարանում, որից հետո՝ 2020 թվականի նոյեմբերի 3-ին, յուրաքանչյուր ինքնաձիգը 500-600 ԱՄՆ դոլար գումարով վաճառելու վերաբերյալ պայմանավորվածություններ է ձեռք բերել տարբեր անձանց հետ:
Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությամբ կատարված բազմածավալ քննչական եւ այլ դատավարական գործողությունների արդյունքում, մասնավորապես՝ Ս.Բ-ի բնակարանում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել եւ առգրավվել են «Կալաշնիկով» տեսակի ինքնաձիգներ, ռազմամթերք հանդիսացող փամփուշտներ եւ շրջանառությունն արգելված այլ իրեր:
Քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված Ս.Բ.-ին հրազեններ իրացրած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ ձեռնարկված բազմատեսակ քննչական եւ դատավարական այլ գործողությունների արդյունքում՝ Սյունիքի մարզի Տեղ գյուղում գտնվող թաքստոցներից հայտնաբերվել է մարտի դաշտից իրացման նպատակով ապօրինի ձեռք բերված եւ պահված ռազմամթերք հանդիսացող մեծաքանակ փամփուշտներ, հրազեն հանդիսացող ինքնաձիգներ եւ շրջանառությունն արգելված բազմաթիվ այլ իրեր ու առարկաներ:
Մասնավորապես.
Կատարված խուզարկություններով հայտնաբերվել են մարտի դաշտից ապօրինի ձեռք բերած եւ Հայաստանի Հանրապետություն ապօրինի տեղափոխած ընդհանուր թվով 43 հատ «Կալաշնիկով» տեսակի ինքնաձիգներ, 279 հատ 7.62մմ տրամաչափի փամփուշտներ, 7 հատ փամփշտատուփ` լիցքավորված 7.62մմ տրամաչափի փամփուշտներով, 23 հատ փամփշտատուփ` լիցքավորված 5.45մմ տրամաչափի փամուշտներով, սվին դանակներ, զինվորական կողապայուսակներ, ատրճանակի պատյաններ, 1 հատ փամփշտատուփ՝ թվով 8 հատ 9մմ տրամաչափի փամփուշտներով, թվով 32 հատ փակ տուփերով փոքր չափերի փամփուշտներ, ինքնաձիգների նշանառության համար նախատեսված օպտիկական սարքեր, որսորդական հրացաններ, 227 հատ 7.62մմ տրամաչափի փամփուշտներ, 1033 հատ 5.45մմ տրամաչափի փամփուշտներ, 1 հատ նռնակ, որսորդական հրացանի փողեր եւ այլն:
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը շարունակում է ձեռնարկել ակտիվ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ մարտի դաշտից ապօրինի կերպով Հայաստանի Հանրապետության տարածք տեղափոխած հնարավոր այլ զենքերն ու զինամթերքները հայտնաբերելու եւ դրանում ներգրավված բոլոր անձանց նկատմամբ քրեական հետապնդումներ հարուցելու համար:
Միաժամանակ, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է մարտերին մասնակցած եւ ռազմական գործողությունների ժամանակահատվածում կամ հրադադարի հաստատումից հետո իրենց հետ Հայաստանի Հանրապետության տարածք ապօրինի փոխադրած եւ պահած զենք-զինամթերքը, պայթուցիկ նյութերը կամ սարքերը ինքնակամ հանձնել իրավապահ մարմիններին, որպիսի գործողությունները օրենքով սահմանված կարգով հիմք կհանդիսանան անձին քրեական պատասխանատվությունից ազատելու համար: