Տեսանյութ.Ինչպես հաղթահարել ներանձնային կոնֆլիկտը և դառնալ սեփական կյանքի տերը          Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը       Ամբողջ աշխարհի աչքի առջև ՀՀ-ն վերածվում է ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի.Թե ինչու է Երեւանը ձեւացնում, թե չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը, մեծ հարց է    

28 հուն 2021 15:01

Առայժմ անհրաժեշտ է սպանել մարդկանց մեջ նստած` ստամոքսի ռեֆլեքսով ապրող ստրուկին. Արա Նռանյան

 Արա Նռանյանի՝ «Սպանել ստրուկին» հոդվածը, որը տպագրվել է «Դրոշակ»-ի այս տարվա առաջին համարում:

Ստորեւ ներկայացնում ենք հոդվածն ամբողջությամբ.

Երկու  Հայաստանների  պայքարը

Հայաստանում գործադրված ինքնաոչնչացման մեխանիզմն օրեցօր թափ է առնում: Բավական է նայել գործընթացի վեկտորին և տեղի ունեցող իրադարձությունների արագացմանը, որպեսզի հասկանանք, թե ուր է այս ամենը տանում: Հատկապես պատերազմը սրեց այն բոլոր խնդիրները, որոնց բազմիցս անդրադարձել ենք` սկսած պետական կառավարումից, արտաքին ու ներքին քաղաքականությունից մինչև վերնախավերի և իշխանության ձևավորում:

Ժամանակակից հայ հասարակությունը չունի միասնական ընկալում, որը թույլ կտար լուծել այդ խնդիրները. այն բաժանված է երկու մասի, ինչի հետևանքով ունենք երկու Հայաստան: Գիտակից ու արժանապատիվ քաղաքացիները հասկանում են, որ հասել ենք պետականության ոչնչացման այն կետին, որից հետո հայ ազգի ինքնության կորուստն է:Այդ մարդիկ ունեն մեղքի զգացում, եթե նույնիսկ ուղղակիորեն մեղավոր չեն, ունեն պատասխանատվության զգացում երկրի և սերունդների առջև, թեև չեն զբաղեցնում որևէ պետական պաշտոն: Բայց նրանք պատրաստ են հասկանալու սխալները և փորձելու շտկել դրանք:

Ժողովրդի մյուս հատվածը կարծես ապրում է բոլորովին այլ հարթությունում և ընդհանրապես չի պատկերացնում իրեն սպասվող ոչ հեռու ապագան: Ինչո՞ւ:

«Իմաստուն» ժողովրդի առասպելը

«Ժողովուրդն իմաստուն է». պարբերաբար կրկնվող այս միտքն ամենամեծ կեղծիքներից է, որը տեղ է գտել մեր հասարակության մեջ: Թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը ժողովրդին կրթելու, առաջադիմական ու պետականամետ դարձնելու փոխարեն քծնում էին: Իր կյանքի ընթացքում հազարավոր գրքեր կարդացած մտավորականը ոչ տառաճանաչին անվանում էր իմաստուն, որպեսզի արժանանա կիսագրագետ զանգվածի սիրուն և մեծարանքին:

Բայց ժողովուրդը նույնպես սիրում է քծնել ինքն իրեն՝  մեծարելով ու գովաբանելով սեփական ունակությունները և ինքն իրեն օժտելով գերբնական ու առասպելական հատկություններով։ Դրան գումարվեցին «հպարտություն»-ն ու «դուխով»-ը`խախտելով  հասարակական բոլոր սահմանները, քանդելով ավանդական դաստիարակության ու արժեքային համակարգի հենասյուները, վարկաբեկելով պետությունը և պետական ինստիտուտները, մտցնելով ներսոցիալական ագրեսիվություն և անհանդուրժողականություն:

Եվ այժմ չպետք է զարմանալ այն ողբերգության վրա, որի ականատեսը լինելու դժբախտությունն ունենք բոլորս: «Ժողովուրդն իմաստուն է» կամ «Ժողովուրդը չի սխալվում» կեղծիքը հասարակության մեջ ձևավորել է անպատասխանատու, անսկզբունքային, ամբարտավան, սեփական թերացումներն ընդունելու անընդունակ, ինքնասիրահարված մի բազմություն, որը ճնշում է հայ ազգի էությունն ու առողջ քննադատական միտքը:

Որպես հավաքականություն, թույլ են տրվում բազմաթիվ սխալներ, գործվում են մեղքեր, նույնիսկ հանցագործություններ, սակայն դրանք խոստովանելու մշակույթն այդպես էլ չի ձևավորվում: Յուրաքանչյուրի համար մեղավոր են բոլորը, հաճախ` կոնկրետ անձինք, սակայն ոչ ինքը:

Եվ  ի՞նչն էր, ի վերջո, ժողովրդի «իմաստության» արդյունքը կամ «հպարտության» առիթը` անբարոյական անգրագետների և «պատահական» անձանց իշխանության բերե՞լը, հազարավոր երիտասարդների սպա՞նդը` հանուն կապիտուլյացիան հասարակությանը սահուն կերպով հրամցնելու, թե՞ հայրենիքի տարածքների հանձնումը թշնամուն:


Ցանկացած մարդ ունի սխալվելու իրավունք, սակայն  սխալը չընդունելն ու չշտկելը դարձնում է նրան աղետի համահեղինակ ու մեղավոր:

Կարծիք ունենալու իրավունքը և պատմության դատը

Այս քծնանքի ու կեղծ մեծարանքի հետևանքն է, որ անաստված անբարոյականը իրեն իրավունք է վերապահում կարծիք հայտնելու Վեհափառի, ծույլ անգրագետը` կրթված ու փորձառու մարդու, թրքասերը` հայ գեներալի, անհայրենիք ապազգայինը` Դաշնակցության, պետությանը որևէ օգուտ չտվածը` հայրենիքին ազնվորեն ծառայողի, սուտասան ավազակը` արժանավոր քաղաքացու մասին:

Կարծիք ունենալու իրավունք ունեն բոլորը, բայց կարծիք արտահայտելու իրավունքը հարկավոր է վաստակել:

Ձևավորվել է խայտառակ աղմկոտ միջավայր, որտեղ կորչում են բանական խոսքն ու ճշմարտությունը:

Նման հասարակության ձևավորումը պատահական չէր. դա Հայաստանի ոչնչացման ծրագրի բաղկացուցիչ մասն էր: Քանի որ պետությունը  քանդելու ամենաարդյունավետ ձևը ինքնաոչնչացումն է, Հայաստանի կազմաքանդումն իրականացվեց ներսից: Եվ եթե այսօր շատերին թվում է, թե իրենց կեղծիքն է մնալու պատմության մեջ, ապա մոլորության մեջ են:

Մեկ դար հետո սերունդները չեն հիշելու այն հիմարությունները, որոնցով  մինչ օրս սնվում են ժամանակակիցները: Պատմությունը գրվում է այլ չափանիշներով, որի էջերում կարձանագրվի մոտավորապես հետևյալը.«1988թ. Արցախյան շարժումը, փախստականների առկայության, երկրաշարժի, շրջափակման, բազմաթիվ զրկանքների ու սոսկալի ճգնաժամի միջով անցնելով, կերտեց 1994 թվականի հաղթանակը, և ստորագրվեց եռակողմ զինադադարը:  ՀՀ  առաջին  նախագահի օրոք ազատագրվեց Արցախը, երկրորդ և երրորդ նախագահների օրոք պահպանվեցին խաղաղությունը, կայունությունը և Հայաստանի ու Արցախի տարածքային  ամբողջականությունը,  իսկ  չորրորդ իշխանության օրոք հաղթանակած պետությունը պարտվեց, ստորագրվեց կապիտուլյացիա, իսկ  ՀՀ-ն  ու ԼՂՀ-ն  կորցրին իրենց տարածքները»:

Այսինքն` 1988 թվականի սերունդը ոտքի կանգնեց և դարեր անց ազատագրեց հայրենիքի մի հատվածը, իսկ 2018 թվականի սերունդը ոտքի կանգնեց ու ընդամենը 2.5 տարի անց Հայաստանի համար ստեղծեց ավելի ծանր վիճակ, քան 1988 թվականին էր` հարցականի տակ դնելով ոչ միայն Արցախի, այլ նաև Հայաստանի անվտանգությունն ու ապագան:

Հայաստանն այժմ ավելի խոցելի է, քան երբևէ: Մեր բնակչության անվտանգությունը անկախության շրջանի ամենացածր մակարդակի վրա է, և մեծագույն ջանքեր են անհրաժեշտ` երեք միլիոն բնակչության խաղաղ զարգացումն ու հեռանկարն ապահովելու համար:

Սա է իրականությունը, և  յուրաքանչյուր ոք պետք է  պատասխանատվություն ստանձնի այս ամենի համար:

Պետք է հրաժարվել ինքնասիրահարված, դատարկ ու մեծամիտ կեցվածքից և անսխալականության բարդույթից, հակառակ դեպքում սա իսկապես կլինի մեր հայրենիքի մայրամուտը:

Պայքար հանուն հայրենիք ունենալու

Իսկ ո՞րն է այս երկու Հայաստանների հակադրության առարկան: Այս երկու տեսակի Հայաստանների միջև ընթացող պայքարը կռիվ է Հայաստան ունենալու ու հայ մնալու  և ստրկանալու ու թրքահպատակ դառնալու միջև: Այս երկու հատվածների միջև փոխզիջում լինել չի կարող: Պատահական չէ, որ բազմաթիվ մարդիկ իրենց անվանում են նախկինում ստրկացած: Եթե այդպես է, ապա տեղին է հիշել, որ Հին Հունաստանում ընտրություններին մասնակցելու իրավունքից զրկված էին նաև նախկին ստրուկները. հոգու ազատությունն ու արժանապատվությունը պայմանավորված չեն նյութական կամ ֆիզիկական հանգամանքներով:

Իսկ սպասվող հեռանկարը  հստակ է: Եթե շարունակվի իրադարձությունների այսպիսի ընթացքը, ապա առաջիկայում Հայաստանը փաստացի դառնալու է թուրք զբոսաշրջիկների հաճույքները բավարարելու համար մի տարածք, որտեղ մարդիկ կարող են մոռանալ կրթության, գիտության, մշակույթի կամ արժանապատիվ աշխատանքի մասին, և նրանց միակ խնդիրը լինելու է թուրքին ծառայելը: Սեփական կյանքը փրկելու համար նրանք հրաժարվելու են ազգի պատմությունից, կրոնից, պահանջատիրությունից, արժանապատվությունից և նույնիսկ ազգանունից: Ոմանք կդառնան ենիչերիներ և մի քանի հազար դրամ ավել աշխատավարձի դիմաց ավելի «համոզիչ» կերպով կճնշեն բողոքի ձայները: Իսկ նոր դասագրքերից կպարզվի, որ մի բուռ հայերն են կոտորել հարյուր միլիոնանոց թյուրք էթնոսին...

Բազմաթիվ քաղաքացիներ լքելու են հայրենիքը` դառնալով հավերժ  քոչվոր և անհայրենիք փախստական, մնացածներն ապրելու են վախի մթնոլորտում, ինչպես հայերը` Կոստանդնուպոլսում: Սփյուռքում հայերը քայլելու են գլխիկոր, վիրավորված, ստորացված ու արհամարհված, և նրանց հետևից քմծիծաղելու են օտարազգիները: Իսկ երկրի տարածքից մնալու է այնքան, որքան թույլ կտա թշնամին: Եվ այս ամենը չափազանցություն չէ: Տարբեր առիթներով այս վտանգի մասին ակնարկել ենք, բայց ժամանակն է ավելի բաց խոսելու: Շատ կարճ ժամանակում կարծես մոռանալով ցեղասպանության 100-րդ տարելիցի հռչակագիրը, «Ճանաչում և հատուցում»-ը, արցախյան պահանջատիրությունը,  հայ երիտասարդ սպայի կացնահարումը, հայ զինվորների խոշտանգումները, թուրքերի կողմից էթնիկ զտումները և հայոց հայրենիքի զավթումը`ոմանք անցել են թուրքերի հետ միասին դասագրքերի կազմմանը և հաշտեցմանը, օտարի հողում տներ կառուցելու  մասին  զառանցելուն,  թուրքերի (և ադրբեջանցիների) հետ համերաշխ ապրելու, թուրքերին ծառայելու պատրաստակամությանը և  թրքահաճո այլ թեզերի: Իսկ հայրենիքի կորստին, հազարավոր զոհերին, վտանգված սահմաններին և օտարների կողմից մեր տարածքների նկատմամբ հավակնություններին շատ հեշտ սովորեցինք, կարծես այդպես էլ պետք է լիներ: Պատերազմից ու թուրքական ապրանքների ներմուծման արգելքից շատ կարճ ժամանակ անց հասանք սահմանները բացելու և Թուրքիայի ու Ադրբեջանի հետ առևտրատնտեսական և նույնիսկ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու տրամադրվածությանը: Ապշել կարելի է, թե ոմանք որքան հեշտ հաշտվեցին պարտության հետ:

Տարածաշրջանում պետք է լիներ կա՛մ փոխզիջում և փոխադարձաբար միմյանց  շահերը հարգելով, համբերատար քայլերով խաղաղության հաստատում, կա՛մ մեկի ջախջախում և մյուսի թելադրանքով տարածաշրջանի վերաձևում: Ուժերի հավասարակշռության խախտման պայմաններում պետք է գործեր երկրորդ սցենարը: Դա ոչ միայն տեղի ունեցավ, այլև Հայաստանում ոմանց կողմից ընդունվեց որպես օրինաչափ լուծում:

Մենք իրավունք չունենք լռելու և  չխոսելու առաջիկա ողբերգական հեռանկարի մասին, դեպի ուր գնում է Հայաստանը:

Այսօր պայքարը հասարակության երկու տեսակների միջև է: Հասարակության արժանապատիվ հատվածը պետք է հաղթի  մյուս հատվածի մեջ նստած ստրուկին`հանուն թե՛ ամբողջ պետության, թե՛ հենց այդ ստրկամիտ ու էությամբ ապազգային հատվածի երեխաների ապագայի:

Առողջացում` ճշմարտությունն ասելու միջոցով

Քաղաքական և հասարակական գործիչներն ու մտավորականները պետք է ասեն ցավալի ճշմարտությունը: Առողջացումն անցնում է բացառապես ախտորոշում կատարելու, անցյալի դասերը քաղելու և ճշմարտությունն ասելու միջոցով:

Ապագա Հայաստանը պետք է մերժի կեղծիքն ու քծնանքը: Այն պետք է հիմնված լինի ճշմարտության, արդար ու շիտակ խոսքի վրա: Իսկ դրան հասնելու համար ճշմարտությունը պետք է ասել արդեն այսօր: Այն կարող է լինել տհաճ,  նույնիսկ դաժան, բայց դա միակ ճանապարհն է մեր հասարակության ներքին առողջացման համար:

2018 թ. գարնանը Հանրապետության հրապարակը կամ հոկտեմբերին Ազգային ժողովը պաշարողները նույնպես կրում են 2020 թ. ողբերգության պատասխանատվությունը: Սա պետք է հստակ ասվի և գիտակցվի: Այս պատմական մեղքից կա միայն մեկ ելք` ապաշխարել, ընդունել սխալները և գործել դրանք շտկելու ուղղությամբ:

Իրենց հերթին մեղքի սեփական բաժինը պետք է ընդունեն նաև նրանք, որոնց պատճառով հնարավոր եղավ 2018 թվականը: Մեծագույն հանցանք կլինի համարել, որ բավական է միայն հեռացնել այս պահին իշխանության պաշտոնները զբաղեցնողներին, իսկ մինչև 2018 թ. գարունը ամեն ինչ նորմալ էր: Ո՛չ, նորմալ չէր:

Երեք անհրաժեշտ պայմանները

Հայաստանին այսօր միաժամանակ անհրաժեշտ է երեք պայման.

1. Գրագետ կառավարություն, որը, աշխատելով ոսկերչական ճշգրտությամբ, քաղաքական հասունությամբ և բարձր պրոֆեսիոնալիզմով, ունակ կլինի կառուցելու նոր մոդելի իրական պետություն:

2. Տասը տարվա խաղաղ ժամանակահատված` պետական շինարարության համար:

3. Զուսպ, օրինապաշտ, համեստ և համբերատար հասարակություն:

Երեքն էլ  չունենք: Բայց  այլընտրանք էլ չունենք: Պետք է ամեն ինչ արվի ունենալու համար, հակառակ դեպքում իսկապես կթերթենք մեր պատմության վերջին էջը:

Հայաստան պետության հզորացման այլընտրանքը միայն մեկն է` մեր տներում, մեր քաղաքներում ապրելու են թուրքերը...

Հայաստանը պետք է կառուցի նոր պետություն` քաղաքական ու իրավական  նոր համակարգերով, նոր պետական կառավարմամբ, նոր գաղափարախոսությամբ ու մտածելակերպով, նոր հասարակական հարաբերություններով ու արժեքային համակարգով, նորովի կառուցի հարաբերություններն այլ երկրների, միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև Սփյուռքի հետ, մշակի և կենսագործի սոցիալ-տնտեսական զարգացման նոր ռազմավարություն, կազմավորի նոր տիպի զինված ուժեր ու իրավապահ համակարգ և այլն: Այս ամենը առջևում է: Նոր տիպի պետություն կառուցելու մասին շատ ենք խոսել և դեռ կխոսենք:

Իսկ առայժմ անհրաժեշտ է սպանել մարդկանց մեջ նստած` ստամոքսի  ռեֆլեքսով  ապրող ստրուկին:  Ամեն գնով: Նժարին հայոց պետականությունն է և ազգի գոյությունը: Այս գործընթացում,արդեն ներկայացված պատճառներով, չպետք է ակնկալել ողջ հանրության մասնակցությունը: Կեղծիքի մեջ ապրող հասարակությունը անառողջ քաղաքական համակարգի պայմաններում չի կարող կատարել հասուն ընտրություն:

Հասարակության պատասխանատու հատվածը պետք է ստանձնի առաջիկա տարիների զարգացման և պետականաշինության առաքելությունը` հանրությանը ներկայացնելով ամբողջական ու հստակ ընկալելի ծրագիր և հետևողական լինելով այն իրագործելու հարցում:

Եթե կորցնենք մեր մեծ հայրենիքից մնացած այս փոքր պետականությունը, ապա հնարավոր է այլևս երբեք չկարողանանք ունենալ անկախ պետություն: Նույնիսկ հազար տարի հետո:

Ժամանակ դեռ ունենք: Քիչ, բայց ունենք:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր