ՀՀ ՊՆ-ն սկսել է Կիրանց և Խեյրեմլի գյուղերի հատվածի ականազերծnւմը. ՆԳՆ          Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ․ «Հրապարակ»       Տեսանյութ.Կիրանցում ոստիկնության կողմից իրականցվել է «Օղակ» օպերացիա, կան բազմաթիվ բերման ենթարկվածներ    

11 փետ 2021 12:45

5/10/15. Ռամբույեն, Լավրովը՝ թուրքերի դեմ, Կուտոյանը՝ ԱԱԾ տնօրեն

Մենք ապրում ենք հասարակությունում, որի շատ անդամներ այլեւս իրենց կյանքն առանց Ֆեյսբուքի ու այնտեղ իրենց կարծիքը հայտնելու չի պատկերացնում: Միգուցե, դա ունի որոշակի առավելություններ: Իսկ թերությունն է այն, որ այս կամ այն բուռն քննարկման մասնակիցները չեն հիշում, կամ էլ ընդհանրապես չգիտեն, թե ինչ է եղել Հայաստանում, օրինակ, 5, 10 կամ 15 տարի առաջ:


Այդ բացը լրացնելու ցանկությամբ Մեդիամաքս-ը վարում է 5/10/15 խորագիրը, որն ամեն շաբաթ ներկայացնում է իրադարձությունները, որոնք տեղի էին ունենում Հայաստանում 5, 10 եւ 15 տարի առաջ:


• 15 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2006 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 8-14


«Ոչ սիմետրիկ համադաշնություն»


Փետրվարի 8-ին Սթոքհոլմում Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր, որ Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղը ձգտում են առավելագույն հնարավոր ինտեգրման:


Ելույթ ունենալով Շվեդիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը՝ Ռոբերտ Քոչարյանն ասել էր, որ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հարաբերությունները կարելի է անվանել «ոչ սիմետրիկ համադաշնություն»:


Հայաստանի նախագահն ասել էր, որ Երեւանը եւ Ստեփանակերտը չեն վարում Լեռնային Ղարաբաղի շուրջ «անվտանգության գոտի» կազմող տարածքների բնակեցման քաղաքականություն: Ըստ նախագահի` նման քաղաքականությունը «քաղաքական բարդություններ» կստեղծեր Հայաստանի համար:


Ռոբերտ Քոչարյանն ընդգծել էր, որ այդ տարածքների բնակեցման պետական քաղաքականության բացակայության փաստը հաստատել է նաեւ ԵԱՀԿ հատուկ առաքելությունը:


Ռամբույեյի բանակցությունները


Փետրվարի 10-ին Փարիզի Ռամբույե արվարձանում մեկնարկել էին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի բանակցությւնները՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի, ռուսաստանցի եւ ֆրանսիացի համանախագահների, Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների եւ ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցիչի մասնակցությամբ:


Բանակցությունների մեկնարկից առաջ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները Փարիզում առանձին հանդիպումներ էին անցկացրել Ֆրանսիայի նախագահ Ժաք Շիրակի հետ:
Ռոբերտ Քոչարյանի և Իլհամ Ալիևի բանակցությունները շարունակվել էին փետրվարի 11-ին:


Փետրվարի 14-ն Հայաստանի ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը հորդորել էր զերծ մնալ Ռամբույեում հանդիպման «կատեգորիկ գնահատականներից»: Ըստ Օսկանյանի` «այն փաստը, որ նախագահներին չի հաջողվել համաձայնության գալ Ռամբույեում, չի բացառում առաջընթացի հասնելու հնարավորությունը այս տարվա ընթացքում»:


Նույն օրը Հայաստանի նախագահի մամլո քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը Մեդիամաքսին տված հարցազրույցում մեկնաբանել էր Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի վարչության ղեկավար Նովրուզ Մամեդովի հայտարարությունը, թե «Ռոբերտ Քոչարյանը Ռամբույեում բանակցությունները թողել է անավարտ»:


«Իրականում փետրվարի 11-ին Ռամբույեում Հայաստանի նախագահն առաջարկել է ընդհանրացնել բանակցությունները, երբ պարզ է դարձել, որ արդյունքների հասնել չի հաջողվի: Նախագահ Քոչարյանը գնահատում է իր ժամանակը եւ անլուրջ է համարում բանակցությունների իմիտացիան, այդ թվում սքանչելի Փարիզում գտնվելը երկարաձգելու համար»,-հայտարարել էր Վիկտոր Սողոմոնյանը:


• 10 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2011 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 8-14


«Անցնել վճռական քայլերի»


Փետրվարի 12-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի, ֆրանսիացի եւ ամերիկացի համանախագահները հանդես էին եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասվում էր.


«Երեւանում եւ Բաքվում հանդիպումների ժամանակ համանախագահներն ընդգծել են, որ եկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված վճռական քայլերի ժամանակը: Համանախագահները կարծում են, որ 2010 թվականի հոկտեմբերին Աստրախանում նախագահների կայացած հանդիպումից հետո կատարված աշխատանքներից հետո դրական միտումներ կան: Այդ համատեքստում նրանք կոչ արեցին կողմերին հասնել հետագա առաջընթացին, որը թույլ կտա անցում կատարել խաղաղ գործընթացի մյուս փուլին:


Համանախագահներն իրենց աջակցությունն են հայտնում կողմերին հակամարտության խաղաղ լուծման համար անհրաժեշտ որոշումների փնտրման գործընթացում: Համապատասխան մթնոլորթի ստեղծման համար համանախագահները կրկին կոչ արեցին կողմերին ավելի զուսպ լինել իրենց հրապարակային հայտարարություններում»:


• 5 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 8-14


«Թուրքերը չեն կողմնորոշվում իրական աշխարհում»


Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ «թուրք ղեկավարները բացարձակ կորցրել են իրական աշխարհում կողմնորոշվելու ընդունակությունը»:


«Աստիճանաբար ավելի ոչ ադեկվատ դարձող Թուրքիայի գործողություններին մենք ուշադրություն էինք հրավիրում դեռ այն ժամանակ, երբ մեր ռազմատիեզերական ուժերը չէին սկսել աշխատանքները Սիրիայում: Միայն այն պատճառով, որ մենք կտրականապես դեմ էինք Բաշար Ասադի պաշտոնաթողությունը պահանջող ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումներին, թուրքերը սկսել էին մեզ մեղադրել աշխարհի բոլոր մեղքերի համար», - ասել էր Լավրովը «Московский комсомолец» թերթում փետրվարի 10-ն հրապարակված հարցազրույցում:
«Նախորդ տարվա ամռան սկզբին Էրդողանը հայտարարել էր, թե «մենք կարող ենք ռուսներին փոխարինել՝ գտնելով այլ առեւտրային գործընկերներ»: Նախորդ տարվա սեպտեմբերին Մոսկվայի Սոբորնայա մզկիթի բացմանը Թուրքիայի նախագահը իրեն որոշ արտահայտություններ թույլ տվեց, որոնք ոչ մի հյուր իրեն թույլ չի տա բարեկիրթ հասարակությունում», - նկատել էր ռուսաստանցի նախարարը:


«Թուրքիայում շարունակվում են խոսակցությունները, որ պետք է Սիրիայի տարածքում ISIS-ից ազատ անվտանգության գոտի ստեղծել: Բոլորը հասկանում են, որ խոսքը գնում է երկու քրդական անկլավների արանքում գտնվող սահմանի հատվածի մասին, որոնց ուժերի միավորումը Թուրքիան իր համար անթույլատրելի է համարում: Տեղեկություններ կան, որ ISIS-ի ղեկավարությունը շարունակում է գաղտնի շփումներ ունենալ Թուրքիայի ղեկավարության հետ: Նրանք քննարկում են ներկա իրավիճակում գործողությունների տարբերակները, երբ մեր հարվածների պատճառով մաքսանենգության ավանդական երթուղիների հնարավորությունները էապես սահմանափակվել են», - հայտարարել էր Սերգեյ Լավրովը:


Կուտոյանը՝ Հակոբյանի փոխարեն


Փետրվարի 12-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն հրամանագիր էր ստորագրել Գորիկ Հակոբյանին Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից ազատելու եւ նրան նախագահի խորհրդականի պաշտոնում նշանակելու մասին:
Նախագահի մեկ այլ հրամանագրով Գեորգի Կուտոյանը նշանակվել էր Հայաստանի ԱԱԾ տնօրենի պաշտոնում:


2020 թվականի հունվարի 17-ին ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանը ինքնասպան եղավ:


Արա Թադեւոսյան


Աղբյուրը՝ mediamax.am


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր