Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների          Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք    

01 մար 2021 12:13

Վարչապետի առաջարկը չի եղել պատճառաբանված.Նախագահի գործողությունները համապատասխանում են սահմանադրական նորմերի տառացի ձևակերպումներին

Նախագահի կողմից Գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու վերաբերյալ առաջարկը (հրամանագիրը) չստորագրելը և այն առարկություններով Վարչապետին վերադարձնելը՝ որպես ՀՀ Սահմանադրության կոպիտ խախտում որակելը և այդ հիմքով Նախագահին պաշտոնանկության հնարավորությամբ «սպառնալը» վկայում է սահմանադրականության նկատմամբ քաղաքական իշխանության համակարգային նիհիլիզմի (ժխտողականության) էլ ավելի խորացման և պետականապահպանությանը սպառնացող վտանգների հասնող մասշատաբների ընդլայնման մասին։ Այս մասին հայտարարություն է տարածել «Հանրային իրավունքի զարգացման և իրավական փորձաքննությունների բյուրո»-ն։


«ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ ԳՇ ՊԵՏԻՆ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՌԱՋԱՐԿԸ ՉՍՏՈՐԱԳՐԵԼՈՒ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ


Նախագահի կողմից Գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու վերաբերյալ առաջարկը (հրամանագիրը) չստորագրելը և այն առարկություններով Վարչապետին վերադարձնելը՝ որպես ՀՀ Սահմանադրության կոպիտ խախտում որակելը և այդ հիմքով Նախագահին պաշտոնանկության հնարավորությամբ «սպառնալը» վկայում է սահմանադրականության նկատմամբ քաղաքական իշխանության համակարգային նիհիլիզմի (ժխտողականության) էլ ավելի խորացման և պետականապահպանությանը սպառնացող վտանգների հասնող մասշատաբների ընդլայնման մասին։


Նույնիսկ իրավագետների շրջանակներում բանավեճեր չառաջացնող պարզ սահմանադրական կարգավորումները որոշ քաղաքացիական ինստիտուտների կողմից ձևախեղելը վկայում է իրավական հարցերի նկատմամբ վերջիններիս ընտրողական կամ ոչ պրոֆեսիոնալ մոտեցման մասին։


Ստիպված ենք պարզաբանելու, որ ՀՀ Սահմանադրության 133-րդ և 139-րդ հոդվածների՝ նույնիսկ մեխանիկական համադրման պարագայում հստակ է, որ Գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու մասին ՀՀ վարչապետի առաջարկը ստանալու, այսինքն՝ անհրաժեշտ իրավաբանական փաստի առկայության դեպքում Նախագահն ունի այլընտրանքային հայեցողական սահմանադրական լիազորություններից որևէ մեկը գործադրելու պարտականություն՝ ազատել Գլխավոր շտաբի պետին կամ առաջարկը առարկություններով վերադարձնել Վարչապետին։


Այսպիսով, Նախագահի 27․02․2021թ․ գործողությունները ոչ միայն համապատասխանում են սահմանադրական նորմերի տառացի ձևակերպումներին, այլև անմիջապես բխում են սահմանադրության պահպանմանը հետևելու Նախագահի սահմանադրական գործառույթից։


Իրավական պետության սահմանադրական սկզբունքը պահանջում է, որ Գլխավոր շտաբի պետին (այն քաղաքական կամ վարչական պաշտոն չէ) պաշտոնից ազատելու մասին Վարչապետի առաջարկը և Նախագահի առարկությունը լինեն պատշաճ պատճառաբանված։ Սույն դեպքում Գլխավոր շտաբի պետին ազատելու մասին Վարչապետի առաջարկը չի եղել պատճառաբանված։


Հուսով ենք՝ հետագա սահմանադրական գործընթացում Նախագահի՝ Գլխավոր շտաբի պետին ազատելու հարցում Վարչապետի հետ չհամաձայնվելու իրավական հիմնավորումները կլինեն առավել համապարփակ»։


«Հանրային իրավունքի զարգացման և իրավական փորձաքննությունների բյուրո» ՀԿ համահիմնադիրներ՝ Ա.Ղամբարյան և Թ.Շաքարյան


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր