Ադրբեջանական կողմը պահանջել է սահմանների փոփոխություն Տավուշում...Երբ եղանակները տաքանան, անտառային շրջանները հնարավորություն կտան ադրբեջանցիներին իրենց ավելի լկտի պահել
Միանշանակ է, որ ադրբեջանական կողմը պահանջել է սահմանների փոփոխություն Տավուշի շրջաններում, սակայն այնտեղ Սյունիքի սցենարը չի կրկնվում տեղի բանակային կորպուսի և հրամանատարի սկզբունքային դիրքորոշման շնորհիվ։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց անվտանգության հարցերի փորձագետ Արմեն Մանվելյանը։
Փորձագետը նշեց, որ դժվար է ասել, թե այժմ ինչ է կատարվում Տավուշում, սակայն ունենք մի ղեկավարություն, որի օրոք ամեն ինչ հնարավոր է։ Արմեն Մանվելյանը հիշեց՝ որոշ ժամանակ առաջ Տավուշում ռուս զինվորականներ հայտնվեցին, հետո Տավուշի կորպուսի հրամանատար Գեորգի Խաչատուրովի դեմ ինչ-որ ակցիաներ սկսվեցին, փորձ արվեց նրան վարկաբեկել. «Կարելի է ենթադրել, որ փորձ է արվում ինչ-որ գործընթացներ իրականացնել, որին, հավանաբար, խանգարում է Գեորգի Խաչատուրովը, ում ուզում էին հեռացնել։ Միանշանակ է, որ ադրբեջանական կողմը պահանջել է սահմանների փոփոխություն Տավուշի շրջաններում և տեսնում ենք, որ ներկայիս իշխանությունները բոլոր հարցերում ընդառաջում են Ադրբեջանին»,-նշեց Արմեն Մանվելյանը։
Վերջինս ընդգծեց՝ այն, ինչ տեղի ունեցավ Սյունիքում, Տավուշում տեղի չի ունենում տեղի բանակային կորպուսի և նրա հրամանատարի սկզբունքային դիրքորոշման շնորհիվ։ Արմեն Մանվելյանը, սակայն, չբացառեց, որ հնարավոր է նաև Տավուշում ականատես լինենք այդ խայտառակ գործընթացին. «Տեղի հրամանատարի շնորհքն է, որ Տավուշում զարգացման վատագույն տարբերակը դեռ չի աշխատում։ Հույս ունեմ, որ նախընտրական շրջանում այդ գործընթացները կանգ կառնեն, քանի որ Նիկոլը վերարտադրվելու ուղղությամբ է գնում և այս պահին դա կխանգարի իր վերարտադրմանը»,-նշեց փորձագետը։
Ինչ վերաբերում է Հայկ Չոբանյանի՝ մարզպետի պաշտոնից ազատվելուն և ԲՏԱ նախարար նշանակվելուն, Արմեն Մանվելյանը հնարավոր է համարում՝ դա կապված լինի այն հարցի հետ, որ ինքը չկարողացավ այդ գործընթացը գլուխ բերել։
Արմեն Մանվելյանն անդրադարձավ նաև Սյունիքում օրեցօր խորացող անվտանգային խնդրին, նշելով, որ երբ եղանակները տաքանան, անտառային շրջանները հնարավորություն կտան ադրբեջանցիներին իրենց ավելի լկտի պահել. «Չունենք ադեկվատ իշխանություն, որն ինչ-որ քայլեր ձեռնարկի, որպեսզի դա թույլ չտա։ Արձագանքում են միայն այն դեպքում, երբ ինչ-որ բան է լինում։ Այլ կերպ ասած պետությունն ամեն տեղ բացակայում է»,-հավելեց փորձագետը։
Նշենք, որ Տավուշում տեղակայված երրորդ բանակային կորպուսի հրամանատարն է Յուրի Խաչատուրովի որդին՝ գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովը։