Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն       Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին    

03 հուն 2022 11:40

Զինված ուժերում և դրա շուրջ 2021թ. Փաշինյանի քաղաքական վտանգավոր օրակարգը. Պաշտպանության նախարարների՝ փաշինյանական միսիան

2021 թվականը ՀՀ Զինված ուժերում (ԶՈՒ) և դրա շուրջ քաղաքական զարգացումների առումով բավականին բուռն էր, առհասարակ, բանակը իշխանությունների նշանառության տակ էր, բայց, իհարկե, ո՛չ այն հզորացնելու տրամաբանության մեջ:


Իրավունքի ուժով Օնիկ Գասպարյանի հեռացումը և Արտակ Դավթյանի վերադարձը


2021թ. հունվարի 28-ին ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ գնդապետ Օնիկ Գասպարյանը բանակի օրվա կապակցությամբ իր ուղերձում վստահեցրել էր՝ «անզիջում պայքար ենք մղելու մեր ազգային և պետական շահերը պաշտպանելու համար»՝ հաշվի առնելով, որ «թշնամին մեր տան դարպասների մոտ է և չի հրաժարվել հայ­կական օջախներն ավերելու նենգ մտադրությունից»:


Առաջին հայացքից թվում է՝ բանակի օրվա համատեքստում օրինաչափ խոստում է ռազմական կառույցի ղեկավարի կողմից, մյուս կողմից, ինտուիտիվ, սա ինչ-որ հնարավոր տարաձայնության մասին էր հուշում՝ հաշվի առնելով նաև Օնիկ Գասպարյանի 2020թ. նոյեմբերի 17-ի ուղերձում հնչած որոշ մտքեր պատերազմը կանգնեցնելու մասով, որոնք շատ ավելի ուշ դարձան տարաձայնությունների առիթ՝ Օնիկ Գասպարյան-Նիկոլ Փաշինյան, Օնիկ Գասպարյան-Անվտանգության խորհրդի քարտուղար (ԱԽ):


Բանակի օրվանից մոտ մեկ ամիս հետո՝ փետրվարի 25-ին, ՀՀ զինված ուժերը պահանջեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ողջ կառավարության հրաժարականը:


Սա հաջորդեց լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի 1-ին տեղակալ և պատերազմի օրերին Ազգային հերոսի կոչման արժանացած Տիրան Խաչատրյանի «անմեղ» ծիծաղի պատճառով պաշտոնազրկմանը:


Գեներալիտետի պահանջի մեջ, իհարկե, ասվում էր, թե համբերատար կերպով հանդուրժում էին գործող իշխանության կողմից զինված ուժերը վարկաբեկելուն ուղղված «գրոհները», սակայն ամեն ինչ ունի իր սահմանները: Այսինքն, Տիրան Խաչատրյանի պաշտոնազրկումն ընդամենը պատրվա՞կ էր: Գուցե՝ այո, գուցե՝ ոչ:


Չմանրամասնելով հրաժարականի պահանջին հաջորդած զարգացումները, քանի որ այդ մասին բազմիցս գրվել է, նաև՝ վերլուծությունների տեսքով, հիշեցնենք, որ մարտի 10-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Օնիկ Գասպարյանին ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնից իրավունքի ուժով ազատված համարելու մասին, իսկ գեներալը մի քանի շաբաթ համառ դիմադրությունից հետո որոշեց, որ հայրենիքին և հայ ժողովրդին իր ծառայությունը շարունակելու է այլ կարգավիճակով՝ դատարաններում:


Ինչևէ, մարտի 22-ին իրավունքի ուժով իր պաշտոնին վերադարձվեց և Օնիկ Գասպարյանին փոխարինեց Արտակ Դավթյանը, իսկ միջանկյալ ժամանակահատվածում ԳՇ պետի պաշտոնակատար նշանակվեց այդ ժամանակ ԳՇ պետի տեղակալի կարգավիճակում գտնվող Ստեփան Գալստյանը, ով այսօր արդեն իսկ զրկված է իր հիմնական պաշտոնից և մի քանի ամիս գտնվում է կալանքի տակ՝ ըստ ԱԱԾ-ի, ռազմամթերքի մատակարարման գործընթացում չարաշահումների համար:


Հիշեցնենք, որ 2020թ. հունիսի 8-ին Նիկոլ Փաշինյանի առաջարկով՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը գեներալ Օնիկ Գասպարյանին նշանակում է Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ:


Ընդ որում, այդ պաշտոնում Օնիկ Գասպարյանը փոխարինում է Արտակ Դավթյանին, ով այդ պաշտոնին նշանակվել էր 2018-ի մայիսին: Ավելին, Արտակ Դավթյանին ազատում են համաճարակային իրավիճակում որդու հարսանիքը կազմակերպելու անհեթեթ պատրվակով, թեպետ ինքը՝ Դավթյանը, հերքում է ավելի ուշ՝ չմանրամասնելով պատճառը:


Իսկ պատերազմից հետո՝ 2021 թվականի մարտի 22-ին, ինչպես վերևում նշեցինք, իրավունքի ուժով Արտակ Դավթյանը վերադառնում է ԳՇ պետի պաշտոնին՝ փոխարինելով Օնիկ Գասպարյանին: Ստացվում է, որ Արտակ Դավթյանը պատերազմից առաջ հեռանում է և վերադառնում է պատերազմից հետո: Իսկ 2021-ի վերջերին պարբերաբար մամուլում տեղեկություններ շրջանառվեցին Արտակ Դավթյանի հերթական պաշտոնազրկման մասին, և, որ նրան փոխարինելու է ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը: Այս ամենը դեռ քննարկումների և խոսակցությունների մակարդակում է:


Փաշինյանի հրաժարականի պահանջի գինը՝ պաշտոնազրկումից մինչև պաշտոնի բարձրացում


Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող մոտ 4 տասնյակ գեներալներին, ապա նրանից մի մասը տարվա ընթացքում զրկվեցին պաշտոններից, որոնց թվում էին, օրինակ, ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետ-ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանը, ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի պետ-վարչության պետ, գեներալ-մայոր Արմեն Վարդանյանը, ՀՀ ԶՈՒ Ինժեներական զորքերի պետ-վարչության պետ, գեներալ-մայոր Իշխան Մաթևոսյանը և այլք:


Ի դեպ, Առաքել Մարտիկյանը, ով զբաղեցնում էր ԶՈՒ գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետ-զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնը, ևս ազատվեց պաշտոնից, թեպետ չէր ստորագրել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջի տակ: Իսկ որոշները դեռ ծառայում են, եղան նաև պաշտոնի բարձրացում ունեցողներ՝ ի դեմս այդ ժամանակ 2-րդ բանակային կորպուսի հրամանատար Արայիկ Հարությունյանի, ով այսօր ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետ-ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալի պաշտոնն է զբաղեցնում: Իսկ Արտակ Բուդաղյանը, ով 4-րդ բանակային կորպուսի հրամանատարն էր, 1-ին և 4-րդ բանակային կորպուսների միավորման արդյունքում ստեղծված Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնին նշանակվեց:


Ի դեպ, ՀՀ նախագահի սեպտեմբերի 27-ի հրամանագրով Էդվարդ Ասրյանը ևս ազատվել էր իր պաշտոնից՝ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ:


168.am-ի տեղեկություններով, գեներալ-մայորի ազատման հարցում դեր էր խաղացել նրա և ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի հետ միջանցքում մոտ 10 րոպե տևած զրույցը, ինչպես նաև Ասրյանի՝ Սեյրան Օհանյանին «պարոն գեներալով» դիմելը:


Վերադառնալով Փաշինյանի ռազմաքաղաքականությունից դժգոհություն հայտնած գեներալներին, ապա, ըստ էության, ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանին իրապես աջակցած մեկ-երկու զինվորական կարելի է գտնել, բայց, ընդհանուր առմամբ, պարզից էլ պարզ էր, որ Փաշինյանի հրաժարականի պահանջին ստորագրությամբ համաձայնած գեներալները և բարձրաստիճան զինվորականները գործել են սեփական կարիերան պաշտպանելու նպատակից ելնելով, որովհետև այդ պահին իրենց թվացել է, որ Օնիկ Գասպարյանը հաղթելու է:


Բայց երբ հասկացան, որ հաղթելու է «իրավունքի ուժը», սկսեցին համակերպվել իրավիճակին: Եվ այսօր որոշ պաշտոնազրկվածներ և այս ճանապարհին կանգնածներ պիտի լոյալ պահեն իրենց, որ հանկարծ քրեական գործեր չհարուցվեն, ինչը միանգամայն հնարավոր է, հիմքեր կգտնվեն (եթե չկան դեռ), ինչպես պատերազմի օրերին պարգևատրումների համար է գտնվել:


Ում պարագայում էլ քր. գործ կա արդեն, պետք է լոյալ վարք դրսևորեն, որ չլինի անցանկալի հանգուցալուծում:


Գրիգորի Խաչատուրովից ազատվելու փաշինյանաթուրքական ծրագիրը


Վերոնշյալ հիշեցումների համատեքստում հարկ է նշել, որ 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի կարգավիճակում գեներալ Գրիգորի Խաչատուրովը միակն էր, ով Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջը սեփական անունից կրկնեց:


«Անիմաստ եմ համարում հայտարարության մեջ շատ ընդլայնվել, սակայն միայն այն փաստը, որ երեք տարիների ընթացքում Ն. Փաշինյանի նախաձեռնությամբ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնում նշանակվել և ազատվել են թվով չորս բարձրագույն զինվորական կոչում ունեցող պաշտոնատար անձինք, դա հաստատում է ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Ն. Փաշինյանի ոչ ադեկվատ և անպատասխանատու լինելը:


Յուրաքանչյուր օր, ժամ, Ն. Փաշինյանի կողմից ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնելով՝ քայքայվում է ՀՀ անվտանգությունը և կասկածի տակ դրվում մեր հայրենիքի ապագան:


Ուստի կրկին անգամ վերահաստատելով ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի 2021թ. փետրվարի 25-ի հայտարարությունը, կրկին պահանջում եմ Ն. Փաշինյանի անհապաղ հրաժարականը»,- ասվում էր նրա հայտարարության մեջ:


Սրանից հետո ժամանակ առ ժամանակ ՀՀ իշխանությունները, Նիկոլ Փաշինյանը նենգ արշավներ էին կազմակերպում Գրիգորի Խաչատուրովի դեմ, որոնց բազմիցս 168.am-ն անդրադարձել է:


«ՀՀ ԶՈՒ 3-րդ բանակային կորպուս, որը ղեկավարում է գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի որդին՝ Գրիգորի Խաչատուրովը, ըստ էության, ապրում է իր կյանքով, և կարելի է ասել՝ այնքան էլ չի ենթարկվում Նիկոլ Փաշինյանին»,- ասվում էր ադրբեջանական caliber.az-ի ռեպորտաժում:


Ի դեպ, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ ակտիվացած արշավին միացրել էին անգամ կասկածելի անցյալով ու ներկայով իշխանամերձ բլոգեր Ռոման Բաղդասարյանին:


Հավելենք, որ նոյեմբերի 10-ի Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան եռակողմ հայտարարությունից հետո 168.am-ը տեղեկություն հրապարակեց, որ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովը զորացրման զեկուցագիր է գրել, և, որ պատճառը Տավուշի հատվածում ինչ-ինչ տարածքների հանձնումն է։ Եվ մեր այդ հրապարակումը բնավ անհիմն չէր:


Իրականում եռակողմ հայտարարության սկզբում, որը հրապարակել էր «Սպուտնիկ-Արմենիան», եղել էր հիշատակում Տավուշի մասին՝ երկրորդ կետում․


«Աղդամի շրջանը և տարածքները, որոնք հսկվում են հայկական կողմից Ղազախի շրջանում, վերադարձվում են Ադրբեջանին մինչև նոյեմբերի 20-ը»:


Իհարկե, կարճ ժամանակում վերոնշյալ հատվածը հանվել էր եռակողմ հայտարարությունից, բայց քանի որ այն այդ պահին հանվել էր Լաչինի միջանցքի մասով սրբագրումների դիմաց, բայց թողնվել հետոյի համար, հուլիսի 8-ին Նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր ստորագրեց Գրիգորի Խաչատուրովին 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից ազատելու մասին:


Իրականում իշխանությունները որոշել էին չերկարացնել գեներալի հետ պայմանագիրը:


Պաշտպանության նախարարների՝ փաշինյանական միսիան


Հուլիսի 20-ին Վաղարշակ Հարությունյանն ազատվեց Պաշտպանության նախարարի պաշտոնից, որին նշանակվել էր 2020թ. նոյեմբերի 20-ին՝ փոխարինելով Դավիթ Տոնոյանին:


168.am-ը անդրադարձել է Վաղարշակ Հարությունյանի վտանգավոր առաքելությանը՝ հայկական զորքերը Սյունիքից նախորդ տարվա դեկտեմբերին հետ են քաշվել ստորագրված փաստաթղթի հիմքով:


Օգոստոսի 2-ին Պաշտպանության նախարար նշանակվեց Արշակ Կարապետյանը, ով Նիկոլ Փաշինյանի ռազմական հարցերով խորհրդական լինելու փորձառություն ուներ արդեն, սակայն, մոտ երեք ամիս անց՝ նոյեմբերի 15-ին, նա պաշտոնանկ արվեց:


168.am-ը գրել էր սրա պատճառների մասին, այն Արշակ Կարապետյան-Նիկոլ Փաշինյան անվտանգային բնույթի տարաձայնությունների տիրույթում է՝ դիրքեր տալ-չտալու շուրջ եղած տարաձայնություններն են եղել:


Երբ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 3-ին ՊՆ անձնակազմին ներկայացնում էր Արշակ Կարապետյանին, հայտարարել էր, որ «ճակատագիրը հենց մեր վրա է դրել՝ այս օրակարգն առաջադրել, և մենք պետք է պատվով դուրս գանք այս մարտահրավերներից», այնուհետ շարունակել.


«Այստեղ Պաշտպանության նախարարի դերը դժվար է գերագնահատել: Պարոն Կարապետյան, Ձեզ հաջողություն եմ մաղթում այս օրակարգը սպասարկելու և առաջ տանելու գործում»:


Իսկ օրակարգը դելիմիտացված, դեմարկացված սահմաններ ունենալն է և ապաշրջափակումը: Վերջինը, ըստ Փաշինյանի, ոչ թե ադրբեջանական, այլ հայկական օրակարգ է:


Իր հերթին՝ Կարապետյանը նշել էր.


«Ուզում եմ Ձեզ հավատացնել, որ մենք հասկանում ենք ստեղծված իրավիճակը, մենք հասկանում ենք, թե ինչ պայմաններում ենք ստանձնում այս պաշտոնները, և չենք վերաբերվում դրանց՝ որպես պաշտոն: Ես խոսել եմ Կորպուսի հրամանատարների հետ, որոնք մեզ լսում են, խոսել եմ Պաշտպանության բանակի հրամանատարի հետ: Մենք սա համարում ենք՝ որպես պարտականություն, հայ տղամարդու, հայ սպայի պարտականություն՝ իր երկիրը պաշտպանելու համար»:


Այսինքն, Արշակ Կարապետյանը մի կողմից՝ ակներև համաձայնել էր առաջ տանել Փաշինյանի օրակարգը, մյուս կողմից՝ ակնարկել, որ Կորպուսի հրամանատարները, ՊԲ հրամանատարն իրեն լսում են:


Այս դեպքում ով կարող է Փաշինյանի օրակարգը առաջ տանել և հասցնել վերջնագծին կամ գոնե չընդդիմանալ, եթե ոչ սեփական թիմակիցը՝ ի դեմս Սուրեն Պապիկյանի:


«Ես կարևոր եմ համարում, որ և՛ արտաքին գործերի նախարարի կարգավիճակում, և՛ պաշտպանության նախարարի կարգավիճակում մեր քաղաքական թիմի ներկայացուցիչներ են»,- ԱԺ-ում հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը:


Թե որքան ծառայություն կմատուցի Սուրեն Պապիկյանը Նիկոլ Փաշինյանին այս պաշտոնում, ցույց կտա ժամանակը: Գուցե նա անցումային նախարա՞ր է:


Բանակի լինելիության մասով Փաշինյանի վտանգավոր և կործանարար մյուս գործողություններին առանձին կանդրադառնանք, իսկ եթե մեկ բառով՝ Փաշինյանը փորձում է իրագործել Ադրբեջանի և Թուրքիայի ծրագիրը՝ «հայկական բանակ չկա և չպետք է լինի»: Բանակ, որը սպառնալիք հանդիսանա թուրք-ադրբեջանական տանդեմի համար:


Աղբյուրը՝ 168.am


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր