Ինչու են վախենում թշնամի համարել.Հիմա Քոչարյանն ու Սե՞րժն են ավելի շատ թշնամի, թե՞ Ալիևն ու էրդողանը.«Հրապարակ»

Հարցրինք՝ հրահանգ կա, որ մեր թշնամի երկրներին թշնամի չհամարե՞ք, Ավանեսյանն ասաց, թե ինքը նման պատասխան չտվեց: Իսկ գուցե Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյա՞նն են մեր թշնամին՝ հարցրինք նրան:
«Այս պահին չեմ պատասխանի նման հարցերի»,- պատասխանեց նախարարն ու հեռացավ:
Նույն հարցն ուղղեցինք նաև Նիկոլ Փաշինյանի քավոր, Տավուշի մարզպետ նշանակված Հայկ Ղալումյանի եղբորը՝ իմքայլական պատգամավոր Վահե Ղալումյանին: Հարցրինք՝ Հայաստանի թշնամին Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյա՞նն են, թե Իլհամ Ալիևը: Ղալումյանի մոտ մի քանի վայրկյան «կախեց»՝ երևի չէր կողմնորոշվում, թե ում պետք է թշնամի համարել: Հարցրինք՝ դժվա՞ր է պատասխանել այս պարգ հարցին:
«Ո՞ր հարցին, ո՞ր թշնամու մասին եք խոսում»,- հարցը իբրև թե չէր հասկացել իմքայլական պատգամավորը: Կրկնեցինք՝ Հայաստանի թշնամին այս պահին Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյա՞նն են, թե Իլհամ Ալիևը:
«Հայաստանի թշնամին անձեր չեն»,- հայտարարեց նա:
-Բա ովքե՞ր են:
-Մենք նոր ենք պատերազմ ունեցել, էդ պատերազմում մեր հակառակորդները Թուրքիան ու Ադրբեջանն են:
-Իսկ բացի հակառակորդ լինելուց՝ Ադրբեջանն ու Թուրքիան նաև թշնամի՞ են, թե ուղղակի հակառակորդ են:
-Հակառակորդ են, թշնամանք:
-Իսկ թշնամի չեն, թուրքն ու ադրբեջանցին մեզ թշնամի չեն:
-Ես պարզ ասացի Ձեզ:
-Դժվարանո՞ւմ եք նրանց թշնամի անվանել:
-Ես ինչին դժվարանում եմ, չեմ պատասխանում:
-Իսկ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը մեզ թշնամի՞ են:
-Քոչարյանի և Սերժ Սարգսյանի գործունեության մեջ եղել են դրվագներ, որոնք մեզ շատ խիստ վնասել են:
-Ո՞ր դրվագը, օրինակ՝ Արցախն ազատագրելը մեզ վնասե՞լ է:
-Օրինակ՝ Ղարաբաղը բանակցային փուլից հանելը, հասկացա՞ք:
-Իսկ մեկ ստորագրությամբ Արցախը, Շուշին ու Հադրութը թշնամուն տալը թշնամա՞նք է, թե ոչ:
-Դրանք պատերազմական գործողությունների արդյունքում են տրվել:
-Իսկ ինչո՞ւ եկաք հասաք պատերազմական գործողությունների վիճակին:
-Որովհետև այլ տարբերակ չէին թողել:
-Իսկ գուցե վա՞տ եք բանակցել այս երեք տարում:
-Բացառված չի:
-Այսինքն՝ ընդունում եք ձեր մեղքը, որ վատ եք բանակցել:
-Ես չեմ ընդունում, ես ընդունում եմ, որ դա հաջորդական պրոցես է:
-Հիմա Քոչարյանն ու Սե՞րժն են ավելի շատ թշնամի, թե՞ Ալիևն ու էրդողանը:
-Ես համեմատելու հնարավորություն չունեմ»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։