Ջո Բայդենը կատարեց իր խոստումը, ԱՄՆ նախագահը 1915-թ-ի իրադարձություններն անվանեց Ցեղասպանություն

«Ամեն տարի այս օրը մենք հիշում ենք նրանց, ովքեր մահացել են Օսմանյան ժամանակաշրջանում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության ժամանակ և կրկին հանձն ենք առնում կանխել նման վայրագության կրկնումը երբևէ: Սկսած 1915 թվականի ապրիլի 24-ին Օսմանյան իշխանությունների կողմից հայ մտավորականների և Կոստանդնուպոլսի համայնքի ղեկավարների ձերբակալությամբ՝ մեկուկես մլն հայ է տեղահանվել, կոտորվել կամ մահվան ուղարկվել բնաջնջման արշավի շրջանակում: Հարգում ենք Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը, որպեսզի կատարվածի սարսափները երբեք չմոռացվեն պատմությունից: Եվ մենք հիշում ենք, որ մշտապես զգոն ենք մնալու ատելության կործանարար ազդեցության դեմ պայքարում՝ դրա բոլոր դրսևորումներում:
Վերապրածներից շատերը ստիպված են եղել նոր տներ գտնել աշխարհով մեկ, այդ թվում՝ Միացյալ Նահանգներում: Ուժով և ճկունությամբ հայ ժողովուրդը վերապրել և վերակառուցել է իր համայնքը: Տասնամյակներ շարունակ հայ ներգաղթյալները հարստացրել են Միացյալ Նահանգները անթիվ եղանակներով, սակայն նրանք երբեք չեն մոռացել ողբերգական պատմությունը, որն իրենցից շատերի նախահայրերին բերել է մեր ափերը: Մենք հարգում ենք նրանց պատմությունը: Մենք տեսնում ենք այդ ցավը: Մենք վերահաստատում ենք պատմությունը: Մենք սա անում ենք ոչ թե մեղադրելու համար, այլ որպեսզի կատարվածը երբեք չկրկնվի:
Այսօր մենք սգում ենք այն, ինչ կորցրել ենք, եկեք նայենք ապագային՝ այն աշխարհին, որը ցանկանում ենք կառուցել մեր երեխաների համար: Մի աշխարհ, որն աղտոտված չէ ամենօրյա ֆանատիզմի և անհանդուրժողականության չարիքներով, որտեղ մարդու իրավունքները հարգված են, և որտեղ բոլոր մարդիկ կարող են իրենց կյանքն ապրել արժանապատիվ և անվտանգ: Եկեք վերահաստատենք մեր համընդհանուր վճռականությունը ողջ աշխարհում վայրագությունները կանխելու հարցում: Եվ եկեք ձգտենք ապաքինման և հաշտեցման աշխարհի բոլոր ժողովուրդների համար:
Հայ ժողովուրդը ոգեկոչում է բոլոր հայերին, որոնք իրենց կյանքն են կորցրել Ցեղասպանության ժամանակ, որը սկսվել է 106 տարի առաջ այս օրը»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություն էր տարածվել այն մասին, որ Բայդենը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտնել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մտադրության մասին: