Խորհրդարանը չընտրեց Փաշինյանին.. պայմանավորվածությունը խախտողներ չեղան

Փաշինյանի վարչապետությանն իշխող խմբակցությունը ձեռնպահ քվեարկեց:
Քաղաքական ուժերի միջև պայմանավորվածության արդյունքում խորհրդարանը երկու անգամ վարչապետ չի ընտրելու, ինչի արդյունքում խորհրդարանը ցրվելու է ու կայանալու են արտահերթ խորհրդարանական ընտրություններ:
Հիշեցնենք՝ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը վարչապետի թեկնածու էր առաջադրել Նիկոլ Փաշինյանին։
ԱԺ ամբիոնից իր ելույթում նա հիշեցրել էր, որ գործընթացը տեղի է ունենում ՀՀ նախագահի ու խորհրդարանական ընդդիմադիր ուժերի հետ ձեռք բերված` արտահերթ ընտրություններ անցկացնելու պայմանավորվածության շրջանակում։
Փաշինյանը նաև նշեց, որ քաղաքական դաշտում քննարկումներ ու շահարկումներ կան այն մասին, որ ինչ-որ ուժեր փորձելու են երկրորդ փուլում խախտել պայմանավորվածությունն ու այլ սցենար զարգացնել։ «Եթե այդպիսի փորձեր լինեն` պայմանավորվածությունները խախտելու, մենք ունենք պատրաստի լուծում` այդ դեպքում «Իմ քայլը» խմբակցությունը կընտրի վարչապետ»,– ասաց Փաշինյանը` հույս հայտնելով, որ պայմանավորվածությունները խախտելու փորձեր, այնուամենայնիվ, չեն արվի։
Ս.թ մարտի 18-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հունիսի 20-ին Հայաստանում ԱԺ արտահերթ ընտրություններ կկայանան: Ավելի ուշ Ազգային ժողովը հաստատել էր Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը, ըստ որի՝ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան միայն համամասնական ընտրակարգով։
Ապրիլի 25-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց հրաժարական տալու մասին։