Տեսանյութ.«Խոյ» համայնքի ղեկավարի թեկնածու Գուրգեն Գրիգորյանը մրցակիցներին հրավիրում է բանավեճի          Տեսանյութ.Կտրուկ գործողություններ եք ուզում, եկե՛ք իրագործենք. Ժիրայր Սեֆիլյան       Տեսանյութ.Սյունիքը զավթելու սպառնալիք կա, եռյակ թշնամին չի նահանջում    

06 մայիս 2021 10:16

Ալիևի խաղադրույքն ակնհայտորեն լինելու է Նիկոլ Փաշինյանը՝ հունիսի 20-ի ընտրություններում․ «168 ժամ»

«Առաջիկա խորհրդարանական ընտրություններին Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է «Ապագա կա» կամ նույնաբովանդակ որևէ այլ կարգախոսով։

Դա էժան խորամանկություն է, որով նա քաղաքացիներին առաջարկելու է խոսել ոչ թե անցյալի, այլ ապագայի մասին։

Պարադոքսալ է, բայց բացառապես անցյալի ու նախկինների մասին պատմություններով իշխանության հասած ու մինչև օրս էլ այդ հնարքով իշխանությունը պահպանող Նիկոլ Փաշինյանն առաջարկում է խոսել ապագայի մասին։ Իրականում դա նրա հերթական մանիպուլյացիան է․ առաջարկի հիմքում ընկած է վաղ անցյալի մասին հնարավորինս շատ խոսելու ու ոչ վաղ անցյալի մասին մոռանալու գործարքը։ Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին առաջարկում է բաղդատել պատմությունը, անցյալը, նախկինը՝ հայհոյել իրենից առաջ եղած ամենայնը, բայց մոռանալ իր պաշտոնավարումն ընդգրկող թարմ անցյալը և խոսակցության այդ մասում անցնել ապագային։

Այն դեպքում, երբ առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններն իրականում պետք է դառնան արցախյան երկրորդ պատերազմում տարած պարտության քաղաքական գնահատականի հնչեցման ակտ։ Այլ իմաստ այդ ընտրությունները չունեն։

Հայաստանը պատերազմում արձանագրել է խայտառակ նվաստացուցիչ պարտություն, բայց այդ զարհուրելի փաստին հաջորդած 7 ամիսներին չի հնչել իրական քաղաքական գնահատական։ Խոսքը ոչ թե Նիկոլ Փաշինյանին ու նրա իշխանությանը պիտակավորող լաչառ որակումների, այլ իրական քաղաքական գնահատականի մասին է, որը կունենա քաղաքական, բայց անհրաժեշտաբար՝ նաև իրավական հետևանքներ։

Հայաստանի քաղաքական դաշտի ամլության, անկարողության ու նաև գործարքների հանդեպ թուլության պատճառով այդ գնահատականը չի հնչել պարտության ու կապիտուլյացիոն համաձայնագրի ստորագրումից հետո։ Ահա այդ պատճառով հունիսի 20-ի ընտրությունները դառնալու են այդ քաղաքական գնահատականի հնչեցման ակտ։

Նիկոլ Փաշինյանը շատ լավ գիտակցում է դա, ինչպես որ հասկանում է՝ ընտրություններում իր պարտությունն առաջացնելու է ոչ միայն քաղաքական փոփոխություններ՝ իշխանությունից զրկվելու դրսևորմամբ, այլ շատ կոնկրետ քրեաիրավական  արդյունքներ՝ Քրեական օրենսգրքի համապատասխան ու ամենախիստ պատժաչափեր ենթադրող հոդվածների տեսքով։ Ընտրություններում ամեն գնով՝ ընտրակեղծիքների գնով հաղթանակ տանելը, այդպիսով, Նիկոլ Փաշինյանի համար զուտ քաղաքական ու նաև իրավական հետևանքներից խուսափելու միջոց է։

Բայց Նիկոլ Փաշինյանի հաղթանակը չի սահմանափակվելու միայն ներքին արդյունքներով։ Ընտրություններում նրա հաղթանակն ունենալու է չափազանց բացասական արտաքին ազդեցություն, որը Հայաստանին զրկելու է Արցախի հարցում ապագայում որևէ դրական տեղաշարժի հնարավորությունից։ Որովհետև եթե ընդունում ենք, որ ընտրությունը քաղաքական գնահատականի հնչեցման ակտ է, ապա դրանցում Հայաստանի պարտությունն արձանագրած ղեկավարի ու իշխանության հաղթանակը նշանակելու է, որ հայ հասարակությունը լեգիտիմացնում է Արցախի տարածքի 75 տոկոսի կորուստն ու Ադրբեջանի այն նկրտումները, որոնք ծնվել են վերջին պատերազմում տարած հաղթանակից հետո։

Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի հաղթանակն ընտրություններում անուղղակիորեն նշանակելու է հայ հասարակության կողմից «Արցախի ադրբեջանական լինելու» մասին ալիևյան հիվանդագին թեզի լեգիտիմացում՝ դրանից բխող բոլոր բացասական հետևանքներով։

Նիկոլ Փաշինյանի հաղթանակի դեպքում Ադրբեջանը ջանք չի խնայելու միջազգային հանրությանն ապացուցելու համար, որ Արցախի հարցի հետ կապված իր հավակնությունները կիսում է հայ ժողովրդի էլեկտորալ հատվածի մեծամասնությունը, և, որ ինքը ներկայացնում է ոչ միայն՝ ադրբեջանական, այլ նաև՝ հայ հասարակության մոտեցումները։

Դա նշանակում է, որ առաջիկա ընտրություններում Նիկոլ Փաշինյանի հնարավոր հաղթանակի ամենամեծ շահառուն Իլհամ Ալիևն է։ Դա ոչ թե դավադրական տեսությունների, դավաճանական գործարքների մասին կասկածների, այլ իրական քաղաքական շահի հարթությունում օբյեկտիվորեն առկա իրողություն է։ Ալիևը հունիսի 20-ի ընտրություններում Նիկոլ Փաշինյանի հաղթանակի շահառուն է անգամ այն դեպքում, եթե Դուշանբեի հայտնի վերելակում վերջինս Ալիևի հետ ոչ թե ինչ-որ ստվերային պայմանավորվածություն է ձեռք բերել, այլ, եթե նույնիսկ հայհոյած լիներ նրա հորը կամ քաշքշեր բեղերից։

Առաջիկա խորհրդարանական ընտրություններում արտաքին ազդեցությունները լինելու են ավելին, քան Հայաստանի նորանկախ պատմության բոլոր ընտրություններում՝ միասին վերցրած։ Բոլոր արտաքին դերակատարներն այս ընտրություններում կատարելու են իրենց խաղադրույքները։ Խաղամոլի համարում ունեցող Ալիևի խաղադրույքն ակնհայտորեն լինելու է Նիկոլ Փաշինյանը։

Կրկնում ենք՝ եթե անգամ Դուշանբեի վերելակում Փաշինյանը հայհոյած լիներ նրա հորը կամ քաշքշած լիներ նրա բեղերից»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր