ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը          Տասնյակ կամ 100 միլիոնավոր դոլարները, որը Կրեմլը հատկացրել է հեղաշրջման միջոցով Հայաստանը իր ազդեցության տակ վերադարձնելու համար՝ սկսել են արդեն բաժանել իրենց խամաճիկներին       Ցուցարարների ճնշման ներքո Փաշինյանի հեռացման մասին խոսելը դեռ վաղաժամ է.ՀՀ-ում սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով    

09 դեկ 2023 21:41

Հայաստանում շրջափուլ է ավարտվում

Հայաստանում շրջափուլ է ավարտվումԻշխանության հանդեպ վստահության նվազման, հանրության լայն շրջանակների հետ զուգահեռաբար կապը կորցրած ընդդիմության եւ իշխանության ֆոնին, այն դեպքում, երբ աշխարհաքաղաքական գործընթացներն ամեն պահ կարող են առնչվել Հայաստանին, տարբեր շրջանակներից շարունակում են արտահոսքերով ակնարկել արտահերթ խորհրդարանական ընտրությունների հնարավորության մասին: Ի դեպ՝ զարմանալիորեն՝ Ադրբեջանում եւս եկող տարվա փետրվարին տեղի կունենան արտահերթ նախագահական ընտրություններ, երեւում է՝ տարածաշրջանային դիրժորը նույնն է: Արտահերթ ընտրությունները, միանշանակ կարող ենք պնդել, սովորաբար իշխանությունը պահելու միջոց են, քանի որ վարչական ռեսուրսներն տվյալ պահին իշխանություն եղած ուժի կամ նախագահ եղած մարդու ձեռքին են:

Ե՞րբ են մտմտում արտահերթ ընտրություններ. երբ զգում են, որ հերթական ընտրությամբ չեն կարող հաջողության հասնել վարկանիշի անկման պատճառով:
Եւ այդ վտանգը հավանաբար զգում է Հայաստանի իշխող մեծամասնությունը՝ Ալավերդիում տեղի ունեցածն այդ համատեքստում եթե դիտենք կամ Գյումրիում մեծամասնության պայմանագրի խզումը «Բալասանյան դաշինքի» հետ (կամ ընդհակառակը՝ արդյունքը նույնն է)՝ «քաղաքը ստվերային է կառավարվում» բացատրությունը նկատի ունենալով, ապա հասկանալի է, որ արտահերթ ընտրություններըի գաղափարը իշխանությանն է ձեռնտու: Այդ դեպքում զարմանալի է, թե ինչո՞ւ են մի շարք ընդդիմադիրներ նույնպես խոսում արտահերթ ընտրություններ անցկացնելու անհրաժեշտությունից, երբ գիտեն, որ իրենք եւս մեծ վարկանիշ չունեն եւ մեծ հաջողություն գրանցել չեն կարող, իսկ նոր ընդդիմադիր միավորներ այդպես էլ չեն գալիս դաշտը գրավելու կամ համալրելու: Մեկ տարի անց հերթական խորհրդարանական ընտրությունները շատ մոտիկ են լինելու, այդ մեկ տարին էլ դեռ քիչ է, որ ընդդիմադիր հայացքներով մեր քաղաքական միավորներն ինքնակազմակերպվեն, վերաֆորմատավորվեն ու հայտ ներկայացնեն՝ նոր ընտրությունների համար: Այդ դեպքում՝ ո՞րտեղից, ինչո՞ւ է շրջանառվում այդ գաղափարն այնուամենայնիվ: Պատասխան փնտրենք՝ ժամանակաշրջանն ու մեզ շրջապատող միջավայրը նկարագրելով:
 
Ներքին եւ արտաքին բազմաթիվ ազդակներ մատնացույց են անում, որ ոչ միայն աշխարհում է մեծ փոփոխությունների շրջան, այլեւ Հայաստանում. ավարտվում է այն շրջափուլը մեզ համար, որ սկսվել էր ԽՍՀՄ փլուզումով եւ եզրափակվում է Արցախի ցավալի կորստով: Ավարտվում է իրարից բխող ու իրար շարունակող իշխանությունների ժամանակը, որի մեջ կարելի է դասել նաեւ վերջին, հայերիս համար ցավոտ պատերազմը, այդ պարտությունը բացարձակապես բոլորին է վերաբերում եւ այն սխեմայի արգասիք է, որով Լեւոն Տեր-Պետրոսյանը ծնեց Ռոբերտ Քոչարյանին, Քոչարյանը՝ Սերժ Սարգսյանին, Սարգսյանը՝ Նիկոլ Փաշինյանին: Սխեման իրեն սպառել է եւ տրամաբանորեն պետք է ավարտվի՝ աշխարհաքաղաքական փոփոխություններին զուգահեռ, էպոխա է փոխվում նաեւ մեզ համար: Ուրիշ բան, որ մենք պատրաստ չենք այդ փոփոխություններին: Հարցն այլ է՝ ովքե՞ր կգան այս բոլորից հետո, ինչպիսի՞ն կլինի հայոց պետությունն ու պետականությունը, երբ վերջին տարիներին դրանց ուղղված հարվածների մեջ նաեւ կարելի է դիտարկել գաղափարների, ինքնության, անցյալի համար պայքարել չկամեցող սերնդի առաջացումը (ազգային գաղափարներին նվիրված փոքրամասնություն միշտ եղել է), եւ դրա ապացույցը մեկ օր առաջ Հայաստանի բյուջեի լրամշակված տարբերակի քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանի այն պատասխանն է Արցախի ճակատարգրի վերաբերյալ ընդդիմության հարցին, թե իր սահմանադրական լիազորությունները սոսկ վերաբերում են Հայաստանի ապագային: Հայաստան պետության ղեկավարների պատասխանատվության նեղացումը՝ ընդհուպ բուն Հայաստանի երեք միլիոնին, ներդրվում է լայնորեն, դրա անդրադարձներն անգամ կենցաղային մակարդակով են տեսանելի, եւ շուտով հայկական արդի մոտեցումները համազգային հարցերի հետապնդումից կարող են հասցվել Հայաստանում ապրող հայի բարեկեցությունն ապահովելու մակարդակին, Հայաստանի հայերին հակադրելով աշխարհի բոլոր մնացած հայերին:
 
Ու այս կարգի մոտեցումները, Հայաստանը սովորական եվրոպական երկրի ֆորմատի բերելու միտումը, որտեղ չկան ազգային համախմբող մեծ գաղափարներ, այլ միայն՝ լավ ապրելու, հարեւանների հետ հարեւանություն անելու եւ դրանից շահ ստանալու գերադաս գաղափարներն են շարունակելու ներդրվել՝ հայկական պահանջատիրությունը, ցեղասպանության հարցի հետապնդումը, անգամ Արցախը հետ բերելու մտայնությունը մոռացության տալով, իմա՝ հին էպոխայի գիրկը նետելով եւ նոր, սպառողական Հայաստանի տեսլական կառուցելով: Այլ առիթով ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի պատկերավորումն օգտագործենք՝ ակնկալվում է մի ժամանակ, երբ նոր նավիգացիայով են Հայաստանի մեքենան փորձելու վարել, բայց հեռախոսը բերելու է հին նավիգացիան՝ Մեծ Հայքի երազանքի քարտեզով, ստացվում է, որ մեքենան քշելու ենք քոռ-քոռ, էս ու էն պատին խփելով:
 
Այս ֆոնին, երբ մեզ մոտ արհեստականորեն, արտաքին ազդակների, եվրոպական եւ ամերիկյան պահանջների ճնշմամբ փորձ է արվում այս նոր կեցության հայեցակարգերը ներմուծել (հնդիկների զանգվածային ներմուծումը ձեզ օրինակ), երբ թուրք լրագրողը Հանրային հեռուստատեսությամբ անկաշկանդ իր երկրի տեսակետներն է ներկայացնում, որտեղ բոլորովին հայկական շահը հաշվի չի առնված, հասկանում ես, որ ամեն ինչ միայն տեխնիկայի հարց է, անկախ նրանից, թե Հայաստանում ո՞վ կլինի իշխանություն: Ռուսական ուղղությամբ արդարացի անբավականության ֆոնին, որն անընդհատ նորոգվում է՝ հենց հինգշաբթի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում հերթական անգամ հռետորական հարցեր հիշեցրեց, թե ուր էր «խիստ արդարացի» ՌԴ ԱԳՆ-ն, երբ այսուայն ոտնձգություններն էին կատարում մեր հանդեպ ադրբեջանցիք: Բայց եւ՝ դեկտեմբերի վերջին, Փաշինյանն, այնուամենայնիվ, մեկնելու է Սանկտ-Պետերբուրգ՝ ԵԱՏՄ տնտեսական խորհրդի եւ ԱՊՀ ղեկավարների խորհրդի նիստերին:
 
Բայց վերադառնանք մեր թեմային՝ երբ հայացք ես գցում մեր քաղաքական դաշտին, փնտրելով մեզ պարտադրվողը հայկական սրբագրման ենթարկելու ունակություն ունեցողների, տեսնում ես, որ այդ դաշտը նավիգացիա չունի էլ ու նման է ճահճի, որտեղ իշխանության ու ընդդիմության միասնական ջանքերը, ամեն մեկինն՝ իր ափից, ուղղված են ողջ ուժով ճահճից փրկվել ջանացող հայ ժողովրդին նորից ճահճի մեջ հրելուն, հընթացս ամեն մեկն իր ճշմարտացիությունը մյուսին ապացուցելու ճառերի համատեքստում: Ընդդիմությունը՝ թե բա կոռուպցիայի մեջ հիմա էլ եք խրված, իշխանությունը՝ թե նախկին գողապետության վառ ներկայացուցիչները մեզ կոռուպցիայի դեմ պայքարի դաս են տալիս: Հեր օրհնած, երկուսդ էլ դադար առեք՝ տեսնենք ի՞նչ ենք անում, երեւի չեք էլ նկատում, թե ինչ վտանգավոր գործընթացներ են սողում. անգամ ԱՄՆ նախագահն է կանխատեսում, որ եթե Ռուսաստանը հաղթի (Ուկրաինային նոր հատկացումներն ուշանալու դեպքում), հետո Պուտինին կանգնեցնել չի լինի, այսինքն՝ ԱՄՆ աջակցությունն Ուկրաինային ընդամենը մի քանի ամիս է տալու, նաեւ մեզ: Անգամ Ալիեւն է դա տեսնում՝ իր առաջարկած հինգ սկզբունքը (անկլավների վերադարձն էլ հետը) հենց հիմա Հայաստանին պարտադրելով…
 
Ապերախտ չլինելու համար ասեմ, որ հինգշաբթի խորհրդարանի նիստում առաջին անգամ նկատեցինք, որ ընդդիմության առանձին անդամներ սկսել են ավելի լայն հայացքով նայել տեղի ունեցողին՝ «Հայաստան» խմբակցության անդամ Գառնիկ Դանիելյանը խոսեց ե՛ւ անցյալի կոռուպցիոն երեւույթներից, որոնք եղել են բոլոր նախկինների օրոք, ե՛ւ հիմա առկայից: Այնքան նոր տիպի ելույթ էր՝ փոխվելու, մարտահրավերներին փոխված հայացքով նայելու հրավեր, որ իշխող մեծամասնությունից առնվազն երեք պատգամավոր մեջբերում էին կամ հղում էին անում նրան: Հուսով ենք՝ ընդդիմադիրները նրան չեն քրքրի այնպես, ինչպես ՔՊ մեծամասնությունը վարվեց՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի թափուր անդամի տեղի համար այդ հանձնաժողովի արդեն նախկին նապխագահ Հայկուհի Հարությունյանի թեկնածության քննարկումը հաշվեհարդարի վերածելով: Արդյոք Հ. Հարությունյանն իր գործունեությամբ անհարմարություններ է՞ր ստեղծել ՔՊ մի շարք պատգամավորների համար (փոխադարձ մեղադրանքներ եւ անուններ հնչեցին), թե՞ տեղի ունեցածը եւս հեռավոր արձագանք է այն բանի, որ Արեւմուտքը դժգոհ է Հայաստանի իշխանության դանդաղկոտությունից, եւ որոշ տեղեկություններով՝ Հայաստանում արտահերթ ընտրությունների գաղափարն այդ շրջանակներից է գալիս՝ ավելի արեւմտամետ խորհրդարան հավաքելու ակնկալիքով: Եւ իշխանական պատգամավորները հասկացնում էին, որ իրենց չշրջանցեն: Համենայնդեպս՝ Հայկուհի Հարությունյանին արագորեն աջակցության հասած ՀԿ հայտարարությունները (դրանք բոլորը սնվում են արեւմտյան դրամաշնորհներից) մտածելու տեղիք են տալիս, անկախ նրանից, որ մեր ընդդիմադիր պատգամավորներն էլ իրենց ելույթներով եւս աջակցեցին նրան: Իսկ Կոռուպցիան կանխարգելող անկախ հանձնաժողովի նախկին նախագահն էլ, որ իրեն սահմանազատում էր քաղաքական բոլոր ազդեցություններից՝ ընդդիմադիր եւ իշխանական, խիստ եւ անվանական կոշտ պատասխանեց բոլորին իր եզրափակիչ ելույթում, ասես առյուծի սիրտ էր կերել, ինչն աննախադեպ բան էր այս խորհրդարանում: Ընդ որում՝ եթե հիշենք բյուջետային քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանի անդրադարձը՝ արդարադատության ոլորտում ոչ այնքան արդյունավետ արդյունքին, ապա այս գործընթացների մեջ կապ կարելի է գտնել:
 
Այսինքն՝ բոլոր դեպքերում սողացող գործընթացներ կան Հայաստանում. արդեն պարզ է, որ իշխանության ներսում էլ ամեն ինչ հարթ ու միանշանակ չէ, խմբավորված ԶԼՄ-ները լավ էլ մասնակից են այդ գործընթացներին, ու միայն ափսոսում ենք, որ մեր հանրային քաղաքական ակտիվ շրջանակները այդպես էլ չձեւավորեցին այն հայրենասեր շերտերի միասնությունը, որոնք եղած կոնյուկտուրայից դուրս են: Ու եթե հանկարծ իրոք արտահերթ ընտրություններ լինեն՝ ասենք գարնանը, ապա խորհրդարանում կունենանք նոր կարկատան՝ մի քանի արեւմտամետ ուժերի ներմուծմամբ, հին ընդդիմության մի մասին միայն «պռախոդ» տալով, իսկ այդ կարկատանով հնարավոր չի լինի մարտահրավերների դեմն առնել:
 
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր